Արվեստագետ Գարուշ Մելքոնյանի անունն առաջին անգամ լսեցի 2018-ին, երբ ֆրանսիական Télérama թերթը հրապարակեց «Ո՞վքեր են ժամանակակից արվեստի ապագա աստղերը» վերնագրով լայնածավալ հոդվածը։ Եվ ինչպես արդեն գուշակում եք, աստղերից ամենավառը փայլում էր մեր հայրենակից Գարուշ Մելքոնյանը։ Նրա հաջողություններին ակտիվորեն հետևում էի առցանց, մինչև որ նախորդ տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում բախտ ունեցա մեծ էկրանին տեսնելու Գարուշի վերջին՝ «Cosmovisión» («Աշխարհայացք») ֆիլմը։ «Ծիրանին» զուգահեռ՝ այն ցուցադրվում էր նաև Առլի հանրահայտ «Լուսանկարչության հանդիպումներ» միջոցառման ծրագրում՝ իր տանիքի տակ հյուրընկալելով ավելի քան 145 հազար այցելուի։ 

Այսօր բախտս էլ ավելի բերեց։Փարիզյան սրճարաններից մեկում վերջապես անձամբ հանդիպեցի Գարուշին՝ kinoashkharh-ի համար հարցազրույց վերցնելու նպատակով։ Նախ փորձեցինք որոշել հայերեն ենք զրուցելու, թե ֆրանսերեն, ապա հասկացանք, որ մտքերն իրենք կթելադրեն, թե որ լեզվով արտահայտվեն: Չէ՞ որ, ինչպես վկայում են Գարուշի արվեստին անդրադարձող բազմաթիվ միջազգային հոդվածները, Մելքոնյանի աշխատանքի հիմքում լեզուն է և հաղորդակցությունը։ 

Garush Melkonyan. Stills from the video Cosmovisión, 2023. Courtesy of the artist / ADAGP, Pari

Գարուշ, կարո՞ղ ես բացատրել ինչով է դա պայմանավորված։

-Երբ փոքր էի, ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Ռուսաստան, ապա ուսումս շարունակելու համար մեկնեցի Թայլանդ։ Դասերն անգլերենով էին, զուգահեռ շարունակում էի սովորել ֆրանսերեն, բայց առօրյայում օգտագործում էի թայերեն, որն, ի դեպ, շատ գեղեցիկ լեզու է։ Փաստորեն, վաղ տարիքից լեզուների միջոցով տարբեր ապրումներ եմ ունեցել. Թայլանդում ապրել եմ իմ առաջին մշակութային շոկը։ Բայց օտար լեզուներ սովորելն ինձ համար միշտ մեծագույն հաճույք է եղել: Լեզվի միջոցով իմ առջև բացվում էին նոր աշխարհներ, նոր կենսակերպ և մտածելակերպ, որը կոդավորված է լեզվի մեջ, ասես ժայռերում դարերի ընթացքում կաթիլ-կաթիլ ձևավորված ստալակտիտները։ Եվ արդյունքում, տեքստային ուսումնասիրությունը, այն շոշափելու ցանկությունը դարձան աշխատանքներիս հիմքը։

Իսկ ինչպե՞ս Հայաստան-Ռուսաստան-Թայլանդ երկար ճանապարհը քեզ բերեց Ֆրանսիա։ 

-Ընդունվեցի Փարիզի գեղարվեստի դպրոցը։ Դիմել էի նաև ուրիշ դպրոցներ, բայց դրական պատասխան ստացա միայն այնտեղից։

Դե տխրելու առիթ չունես Փարիզի գեղեցիկ արվեստների բարձրագույն ազգային դպրոցը լավագույնն է։

-Այո՛, բայց դե հետաքրքիր էր՝ ինչո՞ւ ուրիշ տեղերից պատասխան չեկավ, գաղտնիք մնաց (ծիծաղում է

Garush Melkonyan. Stills from the video Cosmovisión, 2023. Courtesy of the artist / ADAGP, Paris

-Իսկ ինչպե՞ս անցան ուսանողական տարիները։

-Շատ հետաքրքիր։ Այստեղ, երբ ընդունվում ես Գեղարվեստի դպրոց, նաև անցնում ես յուրօրինակ մրցութային երկրորդ փուլ, որի արդյունքում ընդգրկվում ես որևէ հայտնի արվեստագետի դասարանում, որն էլ դառնում է ուսանողական տարիներիդ մենթորը։ Ես հիմնականում աշխատեցի շվեյցարացի արվեստագետ Մարի Ժոզե Բուրկիի հետ, որն ապրում է Բրյուսելում և հայտնի է իր վիդեո աշխատանքներով։ Անչափ հարստացնող փորձ էր։ Նաև, ուսանելու տարիներին փոխանակման ծրագրով կես տարի սովորեցի Սան Ֆրանցիսկոյի Արվեստի ինստիտուտում, ինչը նույնպես փայլուն հնարավորություն էր ուսանողի համար։ Առհասարակ, Գեղարվեստի դպրոցն այստեղ հնարավորություն տալիս է փորձարկել արվեստի տարբեր գործիքներ՝ վիդեոյից մինչև դարբնի աշխատանք։

Բայց վերջին աշխատանքիցդ՝ «Աշխարհայացքից», դատելով՝ քեզ կարելի է անվանել նաև ռեժիսոր։ 

-Ես ինձ միանշանակ ռեժիսոր չեմ համարում, որովհետև վիդեոյի մեջ ինձ հատկապես հետաքրքրում է պլաստիկ արվեստը, ինքս եմ ստեղծում վիդեոյի հիմնական բոլոր դետալները, դեկորները, տարատեսակ աքսեսուարները։ Այդ պատճառով եմ սիրում այդ աշխատանքը, քանի որ այն համախմբում է արվեստի տարբեր գործիքներ։

-Լավ, դու կարող է ռեժիսոր չես, բայց դե վերջին ստեղծագործությունդ ֆիլմ է, չէ՞։

-Ֆիլմ է, այն տեսանկյունից, որ կարելի է կինոթատրոնում ցուցադրել, բայց իր կոնցեպտի մեջ ինքն ավելի շատ արվեստի գործ է, քան խաղարկային ֆիլմ։ Օրինակ, «Cosmovisión»-ը սկսվեց «Վոյաջերի» ոսկե սկավառակի (The Voyager Golden Records) շուրջ արխիվային աշխատանքով, որն իմ կարծիքով ինքնին արվեստի գործ է։ Առհասարակ, արխիվը մեզ համար խճանկարային հիմք էր, որտեղից մենք վերցնում էինք դետալներ թե՛ սցենարի, թե՛ կոստյումների, թե խցիկի աշխատանքի համար։

Garush Melkonyan. Stills from the video Cosmovisión, 2023. Courtesy of the artist / ADAGP, Paris

-Այսինքն նաև վավերագրական երանգներ ունի՞ «Աշխարհայացքը» : 

-Որոշ առումով՝ այո, քանի որ արխիվային կադրերին զուգահեռ, ֆիլմի դեկորն էլ որևէ փոփոխության չենք ենթարկել։ Հիմնական տեսարանները նկարել ենք Բյուրականում, որն ամփոփում է այն պատմության ակունքների հետքերը, որի հետ էլ կապված է ֆիլմի սյուժեն։ 1971 թվականին Բյուրականում անց էր կացվել արտերկրային քաղաքակրթությունների հետ կապի վերաբերյալ միջազգային առաջին գիտաժողովը, որի ամերիկյան պատվիրակությունը նախագահում էր Կարլ Սագանը։ Այսինքն՝ կոնցեպտուալ շատ ուղիներ կային, որ իրար հետ խաչվում էին «Cosmovisión»-ում։

-Փայլուն էր նաև դերասանների ընտրությունը, այդ երկու այլմոլորակային կանայք, որ  «Ոսկե սկավառակի»  հետքերով գալիս են բացահայտելու երկիր մոլորակը։   

-Իրականում, դերասանների հետ բախտս շատ էր բերել։ Երկու աղջիկներից մեկը՝ Գաելը (Մենաղը), խաղում է գրեթե բոլոր իմ ֆիլմերում, քանի որ ինձ հետաքրքրում է դերասանի մետավիճակը, մի դերից մյուսի փոխակերպումը։ Գաելն իմ ֆիլմերի միջով եղել է կին, հետո տղամարդ, նկարվել է ճաղատ, նաև երբ հղի էր, մի խոսքով կյանքի տարբեր էտապներում։ «Cosmovisión»-ի համար ընտրված երկրորդ դերասանուհին դժվար հղիության պատճառով Հայաստան գալ չկարողացավ։ Ուրեմն, մենք գալիս էինք Երևան, ֆիլմի համար ամեն ինչ ունեինք, ընդհուպ մինչև ամենափոքր դետալը, բայց չունեինք երկրորդ դերասանուհուն։ Կազմակերպեցինք քասթինգ, ու եկավ նաև զարմիկիս պարի ուսուցչուհին՝ Տոման (Այդինյան)։ Շատ շուտ հասկանալով, որ գտել ենք երկրորդ «այլմոլորակայինին», խնդրեցինք Տոմային չեղարկել իր բոլոր դասերն ու ծրագրերը և մեկ շաբաթով տարանք մեզ հետ նկարահանումների՝ Բյուրական։

Garush Melkonyan. Stills from the video Cosmovisión, 2023. Courtesy of the artist / ADAGP, Paris

Համաձայն սցենարի՝ այլմոլորակայինները «Ոսկե սկավառակի» հետքերով գալիս են երկիր մոլորակ, բայց մարդկությունն արդեն վերացել է․․․Միակ մարդկային կերպարը, որ նրանք տեսնում են, ոմն Ասոյի գերեզմանաքարի պատկերն է, որի վրա՝ լեռների ֆոնին նստած է հանգուցյալը։ Շատ տարօրինակ տեսարան է, ասես հատուկ ֆիլմի համար պատրաստված քար լինի։

-Երբ աշխատում էի սցենարի վրա, վերջին տեսարանների համար պակասում էր ինչ-որ մի բան, հետո հասկացա, որ գերեզմանն է պակասում։ Այդ երկկողմանի պատկերով գերեզմանաքարի մասին ինձ պատմեցին Գեղանի Աբրամյանն ու  Հայկ Կարոյին, որը գրել է իմ ֆիլմի երաժշտությունը։ Գերեզմանաքարի վրա պատկերված են քարի ֆոնի լեռները, քանի որ հավանաբար Ասոն, ինչպես նաև տեղի բնակչության մեծամասնությունը, սերտորեն կապված է եղել հողին։ Եվ ես մտածում էի՝ արդյո՞ք հնարավոր է մարդը ինչ-որ բան սիրի առանց այն փչացնելու, չէ՞ որ այդ բնապակտերն ինչ-որ չափով աղավաղվում է մարդու միջամտությամբ. ստացվում է՝ «կործանում սիրով» միտք կա այստեղ։ Եվ վերջ ի վերջո այլմոլորակայինների հաղորդակցությունը մարդկության հետ տեղի կունենա միայն Ասոյի գերեզմանի պատկերի միջոցով, որն էլ ավելի մեծ հարց է առաջ բերում՝ ի՞նչ է կյանքը, եթե ոչ՝ պատրանք։

«Ոսկե ձայնասկավառակի» վրա կան «Ողջույններ տիեզերքին 55 տարբեր լեզուներով», այդ թվում նաև հայերենով։ Արի մի պահ պատկերացնենք, որ այլմոլորակայիններն իրոք որոշում են առաջինն այցելել Հայաստան, և նրանց դու ես դիմավորում։ Առաջինն ի՞նչ հարց կտայիր։

-Կհարցնեի՝ կարո՞ղ եմ գալ ձեզ հետ (ծիծաղում է)։ Իրականում, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու, ես վստահ եմ, որ կյանք կա նաև այլուր։ Աշխարհն այնքան քիչ է բացահայտված, որ առնվազն հիմարություն է պնդել, որ մեզանից այն կողմ կյանք գոյություն չունի…

Իսկ քանի դեռ այլմոլորակայինները Գարուշին չեն տարել այլ աշխարհներ, արվեստագետը աշխատում է երկու (իրականում երեք, չորս…) նոր ծրագրերի վրա։ Բացի այդ, մարտ ամսին կինոգետ Սոնա Կարապողոսյանի հետ Փարիզի հայտնի Cinéma Centre Wallonie-Bruxelles կենտրոնում, կազմակերպվելու է անկախ Հայաստանի կինոյի համայնապատկերի եռօրյա ցուցադրութուն, որին մենք շուտով անպայման կանդրադառնանք։  

 

Լիլիթ Սոխակյան 

Փարիզ,2024