Բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Քելլին միանում է Զառա Ջյանի «Ես աշխարհից վրեժ կլուծեմ իմ սիրով» հիբրիդային վավերագրական դրամայի անձնակազմին: Ֆիլմը նվիրված է հայ աշխարհահռչակ կինոգործիչ Սերգեյ Փարաջանովին: 

Ջյանը գործակցում է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ, որի «Յոթ շղարշ» նոր ֆիլմը ցուցադրվում է Բեռլինալեի շրջանակում:

Screen Daily-ն գրում է, որ «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր Էմիր Կուստուրիցան, Ժոել Շապրոնը և Լորա Գուերան ևս ներգրավված են Ջյանի հայ-ֆրանսիական-բրիտանական համատեղ արտադրություն նախագծին: Այն իրականացվում է ֆրանսիական CNC կենտրոնի (Centre national du cinéma et de l’image animée) և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Դեյվիդ Քելլին զբաղվում է BFI-ի (British Film Institute) հետ գործակցության հաստատման ուղղությամբ, Քելլին և բրիտանական պատվիրակությունը նաև ներկա կգտնվեն հուլիսին Երևանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Ֆրանսիացի համապրոդյուսերը Ստեֆան Ժորդանն է (La Huit Production), Ջյանի «Boomerang» և Անի Որսկանյանի «Ava Films» կազմակերպությունները ևս ֆինանսական հարցերով բանակցություններ են վարում:

«Հայաստանը ունիկալ երկիր է նկարահանումների համար: Մեծ Բրիտանիան պետք է գործարար և մշակութային նոր կամուրջներ կառուցի Երևանի հետ»,- հայտարարել է Դեյվիդ Քելլին: