Ռեժիսորի վրացական շրջանը-1

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից կարճ ժամանակ անց, 1921թ. ապրիլին Բեկնազարյանին առաջարկում են կազմակերպել կինոբաժանմունք (կինոսեկցիա), և նա նշանակվում է վարիչ: 1917 թվականից այստեղ գործունեություն էր ծավալել Պիրոնե ազգանվամբ բելգիացի մի ձեռնարկատեր, որի «Ֆիլմա» բաժնետիրական ընկերությունը սկզբում կինոնկարներ էր արտադրում Բաքվում: Որոշելով նկարահանումների մի մասն իրականացնել նաև Թիֆլիսում` Պիրոնեն ձեռք էր բերել բավական մեծ տարածք ու կինոատաղավար կառուցել: «Ֆիլմայի» թիֆլիսյան բաժանմունքի առաջատար ռեժիսոր, թատերական բեմադրիչ և դերասան Վլադիմիր Բարսկին[1] (1866-1936) սկզբում զբաղվել էր արտասահմանյան ֆիլմերի վարձույթով, այնուհետև Պիրոնեին հուշել էր կինոատելյե հիմնել: Բեկնազարյանը նշում է, որ այդ երեք տարվա ընթացքում Բարսկին արդեն բեմադրել էր չորս ֆիլմ, որոնցում նկարահանված հիանալի դերասանների թվում էր Արուս Ոսկանյանը[2]: Իսկ ֆիլմերի օպերատորը Ալեքսանդր Դիգմելովն էր, որն ի դեպ, 1911 թվականին իրականացրել էր նաև առաջին նկարահանումները Հայաստանում` ժապավենի վրա հավերժացնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Երկրորդի թաղման արարողությունը[3]:

Հիրավի, կինոարտադրության կազմակերպման համար Թիֆլիսում պայմանները բավական իրատեսական էին կինեմատոգրաֆիստների առկայության և նյութատեխնիկական բազայի` կինոսարքավորումների առումով: Սակայն գումար չկար: Խնդիրը լուծվում է կինոթատրոնների ազգայնացման միջոցով: Վարձույթում եղած կինոնկարների ցուցադրումից գոյացած եկամուտը շուտով թույլ է տալիս սկսել կինոսեկցիայի առաջին` «Արսեն Ջորջիաշվիլի» ժապավենի նկարահանումները: Բեկնազարյանի խորհրդով գլխավոր դերը տրվում է Միխեիլ Ճիաուրելիին[4], որին ինքը ճանաչում էր թատրոնում աշխատած ժամանակից: Վերջինս հետագայում պիտի դառնար վրաց երևելի ռեժիսորներից մեկը:

Ֆիլմի բեմադրությունը վստահվում է Իվան Պերեստիանիին, որ Բեկնազարյանից մի որոշ ժամանակ հետո նույնպես տեղափոխվել էր Վրաստան: Այսպես շարունակվեց այս երկու նշանակալից անձանց բարեկամությունը: Այլ ռեժիսորների կողքին, Պերեստիանին ֆիլմեր էր բեմադրում, իսկ 1923թ. վերակազմված, Վրաստանի «Պետկինոարդ» («Госкинпром» Грузии) վերանվանված կինոստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար նշանակված Բեկնազարյանը, որ ժամանակին խաղացել էր այս ռեժիսորի ռուս նախահեղափոխական շրջանի որոշ ֆիլմերում, իր վերջին դերով հանդես եկավ նրա «Սուրամի ամրոցը»[5] վրացական համր կինոնկարում` Դուրմիշխանի դերում:

Ֆիլմի վերջին տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունենում: Դուրմիշխան–Բեկ-Նազարովին, համաձայն առասպելի, գալիս ասում են, որ իր հրամանով, իբրև ամրոցի անառիկության համար արվող զոհաբերություն, պատի մեջ որմնաշարել են մի պատանու, որն իր որդին է: Սակայն նկարահանման ժամանակ այդ դրվագը Բեկնազարյանի մոտ ակամա ծիծաղ է առաջացնում, և մի քանի անգամ են ստիպված լինում նկարել: Պերեստիանին նույնիսկ համբերությունից դուրս է գալիս` զայրացած ասելով.

«Համո՛ Իվանովիչ, դուք պետք է աղիողորմ լաց լինեք, այլ ո՛չ թե ծիծաղեք: Հասկացե՛ք, ձեր որդուն են կենդանի որմնաշարել… Դուք կինոարտադրության տնօրենն եք, բայց դա չի նշանակում, որ կարող եք անել` ինչ որ խելքներիդ փչի: Ծիծաղելի բան չկա: Ի՛նչ է, ուզում եք, որ ձեր բոլոր տեսարաններում ուրիշ դերասանի՞ նկարեմ»[6]:

Մի կերպ զսպելով ծիծաղը` Բեկնազարյանը նկարահանվում է այդ տեսարանում: Թերևս դա ազդանշան է դառնում, որ կինոխցիկի առջև խաղալու փոխարեն եկել է կինոխցիկի մյուս կողմում կանգնելու, այսինքն` ֆիլմեր բեմադրելու ժամանակը:

Իրականում, իհարկե, նա ստիպված է լինում այդ գործին անցնել, քանի որ վարձույթը դեռ չէր ազգայնացվել, և, տերերի հետ պայմանագրի համաձայն, հերթական ֆիլմն ուշացնելը չէր ներվում: Այդ պահին ստուդիայի բոլոր ռեժիսորները փաստացի զբաղված էին, իսկ Պերեստիանին «Կարմիր սատանի ճտերի»[7] (ըստ Պ. Բլյախինի վիպակի, 1923) գլխապտույտ հաջողությունից հետո դադարի կարիք ուներ մի փոքր:

Ստուդիայի ֆինանսական տնօրեն Գերման Գոգիթիձեն մի ելք է միայն տեսնում. Բեկնազարյանը պիտի բեմադրի ֆիլմը: Կինը` Սոֆյան, քաջալերում է ամուսնուն, վստահեցնելով, որ դերասանական և կազմակերպչական փորձը բավարար կլինեն ստեղծագործական նոր ոլորտում հաջողության հասնելու համար, իսկ «Պետկինոարդի» կառավարման նախագահ Ավագովը, կասկածի ու տարակուսանքի տեղ չթողնելով, կշտամբանքով ուղիղ ասում է, որ իրենից` Բեկնազարյանից է կախված ստուդիայի լինել-չլինելու հարցը: Ուրիշ բան չի մնում, քան պարզապես ֆիլմի համար թեմա գտնել: Փնտրտուքը երկար չի տևում: Բեկնազարյանն իր ռեժիսորական առաջնեկի համար ընտրում է վրաց դասական գրող Ալեքսանդր Ղազբեգիի «Հայրասպանը» վեպը, որն էկրանավորում է «Անարգանքի սյան մոտ» վերտառությամբ: Արական կերպարների մարմնավորման համար նա շատ արագ է դերակատարներ ընտրում`թատրոնի դերասան Ակակի Վասաձեին և օպերային երգիչ Վանո Սարաջիշվիլիին: Սակայն դժվարանում է կանանց կերպարների համար համապատասխան դերասանուհիներ գտնել: Եվ ինչպես հաճախ է պատահում կինոյի աշխարհում, օգնության է հասնում դիպվածը: Բեկնազարյանը փողոցում քայլելիս իրեն ընդառաջ եկող արտահայտիչ աչքերով, նրբակազմ կնոջ մեջ տեսնում է ֆիլմի հերոսուհիներից մեկին` Նունուի մորը, և անմիջապես առաջարկում նկարահանվել: Ընտրությունը շատ հաջող է ստացվում: Այսպես վրացական կինոն ձեռք է բերում դերասանուհի Չուտա Էրիստովա-Ժգենտիին:

Նույն կերպ, թիֆլիսյան լուսանկարչական մի ցուցասրահի կողքով անցնելիս Բեկնազարյանի անվրեպ աչքը նկատում է արտասովոր գեղեցիկ մի աղջկա դիմանկար, որ լիովին համապատասխանում էր գլխավոր հերոսուհու` Նունուի իր պատկերացմանը: Ռեժիսորը հանձնարարում է դերակատարներից մեկին` Զաքարիա Բերիշվիլիին, որ նաև ստուդիայի ադմինիստրատորն էր, լուսանկարչից իմանալ գեղեցկուհու հասցեն: Վերջինս Կախեթիայից էր, և նրա անունն էր Նատո Անդրոնիկովա-Վաչնաձե[8]: Փաստորեն Բեկնազարյանի շնորհիվ, այս նորահայտ դերասանուհու մասին շուտով խոսելու էր ողջ Մոսկվան: Նախահեղափոխական ռուս կինոյի նախկին աստղը, վերհիշելով հին կինեմատոգրաֆի կոմերցիոն հնարքները, գովազդի նպատակով տպագրել է տալիս դերասանուհու մեծաքանակ դիմանկարներ, ալբոմներ և ազդագրեր.

«Վրացական Վերա Խոլոդնայա»[9]

Այսպիսով, Բեկնազարյանն ասես «սովետական Գրիֆիթ» լիներ, որ գտել էր «իր Լիլիան Գիշին»: Նմանօրինակ, ինչպես նաև այլ բնույթի գյուտեր դեռ շատ պիտի լինեին նրա կեսդարյա կարիերայի ընթացքում:

Նշելով, որ Նատո Վաչնաձեն «այս կինոնկարում փայլում էր իր ամբողջ շուքով», Բեկնազարյանն իր հուշագրության մեջ գրում է, որ յուրաքանչյուր տեսարանի վրա աշխատելիս ինքն իրեն մի հարց էր տալիս. «Իսկ ինչպիսի՞ լուծում կգտներ Բաուերը»:

Այնուհետև ազնվորեն խոստովանում է.

«Հասկանալով, որ պրոֆեսիոնալ ռեժիսորի հմտությունները միանգամից չեն հայտնվում, սկզբնական շրջանում ես չէի վախենում նմանակել իմ մեծ ուսուցչին: Ես ուսումնասիրում էի Նատո Վաչնաձեի ռակուրսները և ընտրում առավել շահեկան դիտանկյունները…»[10]:

Իր առաջին ֆիլմը Բեկնազարյանը նկարում է մեկ ամիս և տասնութ օրվա ընթացքում: Կինոնկարը լավ ընդունելություն է գտնում: Գոհացուցիչ արձագանքներ են լինում նաև մամուլում:

Այստեղ հարկ ենք համարում կանգ առնել Բեկնազարյանի բնավորության այնպիսի գծերի վրա, ինչպիսիք են բացարձակ օբյեկտիվությունը և անկեղծությունը, որ գրեթե միշտ զուգակցվել են ինքնաքննադատական վերաբերմունքի հետ: Այսպես, հուշերից տեղեկանում ենք, որ նրան խոցել է այն հանգամանքը, որ ֆիլմի ստեղծումից տարիներ անց որոշ կինոքննադատներ «Հայրասպանը» նույնպես դասել են «էկզոտիկ» կինոնկարների շարքը: Ռեժիսորն այդպիսին է համարում իր վրացական շրջանի վերջին աշխատանքը` «Նաթելան»: Սակայն ինչ վերաբերում է «Անարգանքի սյան մոտ» («Հայրասպանը») ֆիլմին, ապա Բեկնազարյանն իրավամբ նկատում է, որ այնտեղ արդեն կային էկրանին Արևելքի ցուցադրման ավանդական, այսպես կոչված` «օրիենտալ» ոճին հակադիր մոտեցման նշույլներ, իսկ որպես թերություն նա նշում է որոշ դրվագների բացահայտ նատուրալիստականությունը, մասնավորապես, ստոր սատրապի ձեռքով հոր սպանության տեսարանը[11]:

Հիրավի, մեր օրերում դիտելով այս ֆիլմը, դժվար է չնկատել բեկնազարյանական ռեալիզմի սաղմերը: Նրան ի սկզբանե գրավել էին գրական հիմքում առկա լեռնաբնակ գյուղացիների կենցաղի և բարքերի նկարագրությունը, ինչը ֆիլմում պատկերված է հավաստիությամբ և համակրանքով: Ի հակադրություն դրա, ֆիլմում ակնհայտ հակակրանքով և գրոտեսկային են պատկերված ցարական պաշտոնյաներն ու նրանց կամայականությունները: Հատկապես տպավորիչ է երգիծական այն տեսարանը, երբ կրկնակի էքսպոզիցիայի հնարամիտ կիրառմամբ, մոնտաժային հերթագայմամբ ցուցադրվում է, թե ինչպես են ցարական կամակատարները` բարձրից մինչև ցածր, մեկը մյուսի հետևից, իրենց հաշվետվություններում կեղծում տեղի ժողովուրդների` չեչենների և օսերի ապստամբության ժամանակ տեղի ունեցած դեպքերն ու զոհերի թվերը, սակայն հերթով միմյանց` դարձյալ բարձրից մինչև ցածր, պարգևատրում են մարտական խաչի շքանշաններով… Եվ այդ բոլոր դրվագները, ներառյալ` ապստամբ լեռնցիների պայքարի կադրերը, ընդմիջվում են Նատո Վաչնաձե-Նունուի տառապանքները և ազատության ու սիրո համար նրա պայքարը պատկերող տեսարաններով, ընդհուպ մինչև ֆիլմի ավարտը` զրպարտության արդյունքում հերոսուհու` անարգանքի սյանը իբրև «հայրասպան» գամվելը և ողբերգական վախճանը:

———————————————————–

[1] Ս. Էյզենշտեյնի ««Պոտյոմկին» զրահանավը» (1925) ֆիլմում հանդես է եկել նավապետի դերում, իսկ 1935 թ. Բեկնազարյանի «Պեպոյում»` դատավորի: 1921-1928 թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վրաստանի «Պետկինոարդ» ստուդիայում, նախ` Բեկնազարյանի, այնուհետև դարձյալ հայազգի` Գրիգոր Առուստանովի ղեկավարությամբ, որը հետո տեղափոխվել և դարձել է Բաքվի կիոնոստուդիայի տնօրեն:

[2]  А. Бек-Назаров. Записки актера и кинорежиссера, М., 1965, стр. 106

[3] Այս տեսարանները տեղ են գտել ֆրանսիական «Պատե ժուռնալում», իսկ թիվ 93 պոզիտիվը պահվում է Մոսկվայի Պետկինոֆոտոարխիվում:

[4] Վերիկո Անջափարիձեի ամուսինն է և Սոֆիկո (Սոփիկո) Ճիաուրելիի հայրը:

[5] Տարիներ անց նույն այդ առասպելի հեղինակային իր տարբերակը կստեղծի Թիֆլիսում ծնված Սերգեյ Փարաջանովը` «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմում (1985):

[6] А. Бек-Назаров. Записки…, стр. 108

[7] Ի դեպ, ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, թեև գործողությունը տեղի էր ունենում Ուկրաինայում: Այս փաստը նշել է Բեկնազարյանն իր հուշերում (Տե՛ս А. Бек-Назаров. Записки актера и кинорежиссера, стр. 128)

[8] Աղջկական ազգանունն է Անդրոնիկովա, իսկ Վաչնաձե` առաջին ամուսնու ազգանունը,  սակայն հետագայում դերասանուհին հանդես է եկել բացառապես այդ ազգանվամբ:

[9]  А. Бек-Назаров. Записки…, стр. 112

[10]  А. Бек-Назаров. Записки…, стр. 111

[11] Նույն տեղում:

(շարունակելի)

Սիրանույշ Գալստյան