«Անուշ» երաժշտական մելոդրաման  նկարահանվել է 1983 թվականին՝ հիմքում ունենալով՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերան ( «Անուշ» օպերան գրվել է 1908-1912 թթ․) և Հովհաննես Թումանյանի պոեմը (1903թ․)։

Ես եղել եմ այդ ֆիլմի խորհրդատուն։ Իմ գործառույթների մեջ էր մտնում նաեւ արծաթե զարդերով ուսապարկը քարշ տալը, որոնք թանգարանային ֆոնդից առանձնացրել էր Վանիկ Շարամբեյանը։ Դիմակները պատրաստվել էին Մինասի եւ էլիբեկյանի էսքիզներով։ Նկարահանումներն ընթանում էին Գառնու կիրճում։

Շնորհիվ Մարատի անսահման երեւակայության, գազանանոցից բերվում են ուղտ, արծիվ, որոնց չէր ցանկանում ուղղահայաց պահել եւ միշտ կախում էր գլխով դեպի ներքեւ։ Արտաշատից էլ բերել էին մի զույգ գոմեշ։ Դրանցից մեկը կատաղեց ու սկսեց նեղլիկ ճանապարհով վազվզել վեր-վար, վեր-վար։ Ես վախից սեղմվել էի լեռանը, քանի որ հայտնվել էի կատաղած գոմեշի ճանապարհին եւ սկսել էի հանել կարմիր բլուզս։

Մասովկաները ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողներն էին ապահովում։ Հետո այդ դրվագը սկսեց վերաճել կինոֆոլկլորի։ Գոմեշին մի քանի անգամ վազքից հետո կանգնեցրեց Մարատը։ Նա նստեց բեռնատարի  ղեկին եւ կանգնեց պարանի վրա, որով կապված էր գոմեշը։ Նկարահանման բոլոր օրերը լի էին արկածներով։

Հրազդանի կիրճում նկարահանումների ժամանակ բերված ձիերի երամակը փախավ։ Ձիերի հետեւից նորից վազեց Մարատը։ Հաղարծինում նկարահանում էին հարսանիքը։ Գավթի կենտրոնում ուտելիքներով տոնական սեղան էր բացված։ Մինչ օպերատորը սպասում էր լուսային ռեժիմին, մասովկան, որ Երգի պարի անսպամբլն էր ու սպասարկող անձնակազմը աստիճանաբար ամեն բան կերան։ Հաջորդ օրը սեղանը նորից կերակուրներով բեռնվեց եւ լցրեցին սոլյարայուղ։։ Այդպես սեղանը անխաթար մնաց նկարահանման բոլոր օրերին։

Ուզում եմ հատուկ նկատել Սաթենիկի համեստությունն ու զսպվածությունը։ Հաճախ էինք միասին մնում հյուրանոցի նույն համարում։ Սակայն առանջակարգ դերասանուհուն հատուկ ոչ մի նշան նրանից չնկատեցի, թեեւ նա արժանի էր այդպիսին համարվելու։ Դեռ շատ հիշողություններ են մնացել այդ օրերից։

ՀԳ 1983թ., «Երեւան» ՀՖՍ, (Ա. Տիգրանյանի համանուն օպերայի էկրանավորումը, Հ. Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով), 129 րոպե (3570 մ), գուն., պրեմիերան` 28.05.1983թ.:
Սց. հեղ. Ա. Հովհաննիսյան, Մ. Վարժապետյան, բեմ. ռեժ. Մ. Վարժապետյան, բեմ. օպեր. Ռուդ. Ժամհարյան, բեմ. նկ. Հ. Շարամբեյան, Ռ. Հովհաննիսյան, հնչ. օպեր. Յու. Սայադյան, ռեժ. Վ. Դանիելյան, Ն. Արզումանյան, օպեր. Ա. Սահակյան:

Սարոն սիրահարված է Անուշին։ Նրա սերը փոխադարձ է, սակայն գյուղական մի հարսանիքի ժամանակ Սարոն կոխի է բռնվում Անուշի եղբոր՝ Մոսիի հետ։ Հակառակ ընդունված ավանդույթի` Սարոն գետին է զարկում ընկերոջը։ Մոսին երդվում է վրեժխնդիր լինել և քրոջն արգելում է տեսնվել Սարոյի հետ։

Դերերում-  Անուշ՝ Սաթենիկ Սահակյանց (երգում է Գոհար Գասպարյանը), Սարո՝ Արա Մանուկյան (երգում է Տիգրան Լևոնյանը), Մոսի՝ Վիգեն Չալդրանյան (երգում է Արշավիր Կարապետյանը), քավոր՝ Հենրիկ Ալավերդյան, քույր՝ Մարիետա Անտոնյան։

 Հուշերը՝ Էմմա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտ