Ժամանակակից կինովավերագրությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս և՛ ստեղծագործողին, և՛ կինոդիտողին։ Պատճառն, անխոս, կինոյի համադրականությունն է։

Մեր իրականության մեջ քիչ չեն թեմաների և ձևի բազմազանությամբ նկարահանված վավերագրական ֆիլմերը, որոնք կյանքի իրական պատկերներն էկրանային տարածք տեղափոխելուց բացի յուրօրինակ գեղագիտությամբ ընդգծում են այդ զարմանալի տարածությունը։ Ռեժիսոր Գարուշ Ղազարյանի «Դավիթի այգին» վավերագրական ֆիլմի փակ դիտումը հրաշալի հնարավորություն էր ևս մեկ անգամ վերահաստատելու հայկական կինոյի այսօրվա դինամիկ ընթացքը։ Հատկանշական է, որ այս ֆիլմի նախագիծը 2023-ին Վիլնյուսի «Vilnius meeting point» կինոհարթակում արժանացել է հեղինակավոր Յիհլավայի միջազգային կինոփառատոնի «New vision» մրցանակին։ Ֆիլմն արտադրել է ORDER FILM փրոդաքշնը։

«Դավիթի այգին» 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխա, 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Ուզունյանի կյանքի վավերապատումն է՝ գեղարվեստական լուծումներով։

Տարիներ առաջ Դավիթն իր ծնողների հետ դիտելով Անրի Վերնոյի 1991 թվականին նկարահանած «Մայրիկ» ֆիլմը, որտեղ հերոսներից Ազատը մայրիկին է նվիրում իր երազած այգին, փոքրիկ Դավիթը միանգամից արձագանքում է․ «Մամ, երբ հարստանամ, քեզ էլ եմ  այսպիսի մի այգի նվիրելու»: Հայրը՝ Բագրատը, որդու երազանքն իրականացրեց, բայց ցավոք առանց որդու։ Այս ընթացքն է դարձել ֆիլմի բովանդակային գլխավոր բաղադրիչը։ Այսօր արդեն կա Դադի (երեխա ժամանակ Դավիթն ինքն իրեն Դադի էր ասում ) տունը՝ Դավթի այգին, որն ապրումների ու երազանքների այգի է։

Ռեժիսորը փորձել է Դավիթի հորը՝ Բագրատին ներկայացնել բնական վիճակում, գիտակցականի շերտերում, հոգեբանական ծայրահեղ վիճակներից դեպի առօրեականություն։ Եվ այդ հոգեբանական վիճակներն են հանգուցալուծման մղում։ Սակայն մի շատ կարևոր բան, որ ստեղծագործական կազմի մոտեցման մասին կարելի է եզրահանգել․ նրանք հուզական վիճակներին տուրք չեն տվել, փորձել են պահպանել նուրբ հավասարակշռություն։ Դավիթի ծառայության տարիներին հայրը բոլոր հեռախոսազանգերը ձայնագրել է, ինչն էլ ֆիլմում առանցքային նշանակություն է ստացել։ Նրա ձայնն է այս ֆիլմի գլխավոր հերոսը։ Այդ ձայնն է բերում պատմություններ, հիշողություններ, ցավ, սփոփանք, անչափելի կարոտ․․․

Սցենարի հեղինակները ֆիլմի կառուցվածքային լուծումներն այնքան ճշգրտությամբ էին գտել, որ տարվա բոլոր եղանակների պատմողը, թերթողը կարծես Դավիթը լինի՝ իր ներկայությամբ, բայց անբացատրելի բացակայությամբ։ Այս ֆիլմը հայ մարդու ապրումների մառախուղն է, որն աճպարարություն չի խոստանում, այլ տրամադրում է դիտելու, ապրումակցելու և մտածելու՝ ի՞նչ երազանք ունենք մենք․․․

Հ․ԳՆշենք, որ ֆիլմի սցենարի հեղինակներն Ալինա Օրդյանն ու Սառա Նալբանդյանն են, բեմադրող օպերատորները՝ Վահե Տերտերյանը, Ֆրունզիկ Զաքարյանը, Էդգար Հարությունյանը, երաժշտության հեղինակը Դավիթ Դավթյանն է, գործադիր պրոդյուսերը՝ Անի Օրդյանը, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը: 

Վովա Արզումանյան