Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկարի» գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը հղում անելով  Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերի հայտարարությանը։ 

Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է «Hollywood Reporter»-ը՝ այս մասին նշել է Քրամերը։

Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկարի» պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկարի» մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:

Ակադեմիայի տնօրենը՝ բարձր գնահատելով Մելիդոնյանի փորձը, ստեղծագործական անհատականությունն ու հեռանկարային լինելը, կարևորել է այս պաշտոնը, հատկապես՝ «Օսկարի»  100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։

Քրամերի ղեկավարությամբ՝ 2022 թվականին Մելիդոնյանը գլխավորել է  «Օսկարի» նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումը, որն ամբողջ տարվա ընթացքում աշխատում էր մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի վրա:

Մելիդոնյանը վերջերս «Օսկարի» ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես  հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:

Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։