Վիմ Վենդերսի վերջին՝ «Կատարյալ օրեր» ֆիլմը դիտելը, որի համար Կոջի Յակուսեն 2023-ին ստացավ Կաննի 76-րդ փառատոնի «Ոսկե արամավենու ճյուղը»՝  Լավագույն դերասան անվանակարգում, ամենաիմաստուն բանն է, որ կհասցնեք անել այս տոնական օրերին։

Ֆիլմի գլխավոր հերոսը`Հիրայաման, Տոկիոյի հանրային զուգարաններն է մաքրում։ Նրա պարզ, կարգապահ կյանքը դիտողի համար ձանձրույթի ու մեդիացիայի միջեւ ընկած բարակ լար է, սովորույթների ու ծեսերի ամենօրյա շղթա, որին հետեւելը մեծագույն հաճույք է դառնում մասամբ նաեւ Հիրայամայի երաժշտական հրաշալի ճաշակի շնորհիվ՝ Velvet Underground-ի, Փեթի Սմիթի, The Kinks-ի և Լու Ռիդի հետ:

Perfact days

Հիրայաման հազվադեպ է խոսում, ամեն օր արթանում է նույն ժամին, հավաքում իր փոքրիկ ննջարանը, ջրում է տնկիներն իր պատշգամբում, բծախնդրորեն մաքրում է Տոկիոյի 17 հանրային զուգարանները, գնում է նույն այգին ճաշի ընդմիջմանը, երեկոյան հանրային բաղնիք՝ ցնցուղ ընդունելու, հետո փոքրիկ ճաշարան՝ ապուր ուտելու։ Ամեն օր նույնը՝ սրբորեն պահպանվող կաննոներ։

Հիրայաման զարմանալի նուրբ հոգի է։ Այդ նրբությունը արտահայտվում է ոչ միայն նրա լսած երաժշտությամբ, գրքերով, որ նա գնում է ամեն շաբաթ ու կարդում ամեն երեկո քնելուց առաջ, այլ ամեն օր ու ամեն ինչում։ Նա աչք ու ականջ ունի ամեն բանի համար։ Ճապոներում արեւի ճառագայթը, որն  ընկնում է տերեւների վրա եւ շողում դրանց միջից, մեկ բառով կոչվում է կոմորեբի։ Հիրայաման աղմկոտ Տոկիոյի զբոսայգիներից մեկում կեսօրվա մի ժամի հաջողեցնում է «դադարի բերել»  մոլորակը, վայելել կոմորեբին ու երբեմն ֆիքսել այս դադարները իր հին ֆոտոապարատով։ Լուսանկարները նա հետո տպում  եւ հավաքում է իր հսկայական արխիվում։

Ծառերի կադրը ու տերեւների մեջից շողացող արեւը ֆիլմի առաջին պատկերներն են, ծառերն ու արեւը ուղեկցում են Հիրայամային ողջ ֆիլմի ընթացքում՝ որպես ստվեր զուգարանի պատին կամ քնի մեջ, նրա երազներում, որ հայտնվում են էկրանին սեւ-սպիտակ պատկերված։  Ու բնականաբար պատշգաբի փոքրիկ ծառերը, որ նա ջրում է ամեն լուսաբացի։ Դիտողը չգիտի, թե ինչու է Հիրայաման այդքան հիացած ծառերով: Նրա անցյալի մասին տեղեկություններն են էլ շատ համեստ։ Վենդերսը մինչեւ վերջ անորոշ է թողնում ամեն բան։ Հիրայաման ապրում է այստեղ եւ հիմա։ Վենդերսը շատ նուրբորեն է ցույց տալիս դա՝ փոքրիկ երկխոսության միջոցով՝ Հիրայամայի եւ իր զարմուհու միջեւ․ նա ասում է. «Այն, ինչ անցյալ է, անցյալ է։ Հիմա հիման է»։

Այս մարդու կյանքը կրկնություն է։ Թվում է, նա միայնակ է ու դժբախտ, բայց դա միայն թվում է։ Վենդերսն իր հերոսին շնորհել է աստվածաշնչյան զվարթություն, ով աչք ու ականջ ունի, գիտի, որ նա երջանիկ է։ Հիրայաման Վենդերսի Սիզիփոսն է։ Նա ամեն օր գլորում է իր քարը ու ամեն օր նվաճում գագաթներ, և դա այն է, ինչը լցնում է  նրա սիրտը՝  դարձնելով երջանիկ Հիրայամա-Սիզիփոսին։

«Կատարյալ օրերը» ձոն է հենց այս երջանկությանը։ Եթե մարդն ունի ներքին զվարթություն, առօրյա, անտեսանելի, անկարեւոր, պարզ բաներն անգամ երջանկացում են և կամ հենց դրանք տեսնելու, զգալու, դանդաղելու, տեսածին ժամանակ հատկացնելու եւ ներս թողելու մեջ է երջանկությունը։

Աստղիկ Հակոբյան

Մյունխեն, 2024թ