«Լռությունն այնքան հետաքրքիր երևույթ է, որ կարելի է դրա մասին ժամերով խոսել»։

 Ժյուլ Ռոմեն

Ի լրումն այս խոսքերի կասեի՝ տարիներով, հատկապես, երբ խոսքը գնում է Փելեշյանի լռության մասին։ Որքա՜ն իմաստավորված է նրա լռությունը, և որքա՜ն համր բառեր կան նրա ոսկե լռության ներսում։ Կարծում եք՝ հե՞շտ է լռելը, երբ ներսումդ հազարավոր բառեր են հորդում՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Եվ նրա ամբողջ կյանքի լռությունն ունի նախապատմություն, ինչպես յուրաքանչյուր չբացահայտված երևույթ այս աշխարհում։

«Ավտոմատիկա» գործարանում աշխատելու տարիներին ընկերներով հաճախ էին գնում ֆիլմեր դիտելու։ Ֆիլմից հետո սկսում էին քննարկել տեսածը, իսկ Փելեշյանին ոչ ոք չէր հասկանում. չէ՞ որ նրա տեսակետը չափազանց տարբերվում էր։ Այդպիսով՝ որոշում է դառնալ կինոռեժիսոր, որպեսզի նման խոսակցություններ այլևս չլինեն։ Արդյունքում՝ իր ֆիլմերն էլ դարձնում է իր նման լուռ, սակայն չափազանց խոսուն, որքան երբևէ չեն խոսել հազարավոր ֆիլմեր համաշխարհային կինոարվեստում։

Իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն հանճարի մարգարտյա լռության մասին ֆիլմ է նկարահանել՝ վերջինիս թույլտվությամբ։ «Փելեշյանի լռությունը»․ այսպես է վերնագրված ֆիլմը, որը նկարահանվել է Վարպետի առաջադրած երկու պայմանով՝ ֆիլմում Փելեշյանը չի խոսելու և նրա մասնակցությամբ կադրերն ինքն է բեմադրելու։ Ուսումնասիրելով Փելեշյանի վարվելակերպը՝ Պիետրո Մարչելլոն ասել է. «Բոլոր հանճարեղ ռեժիսորներն ինչ-որ բանով պարտական են Փելեշյանին, և իրենք էլ գիտեն դրա մասին»։

Ընդհանրացելով այս ամենը Փելեշյանն ասել է. «Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան»։

Լռությունն այսօր, առավել, քան երբևէ, կարևորվում է՝ շնորհիվ «Բացառիկ կինոհանճարի». այդպես էր Փելեշյանին անվանում մյուս հանճարը՝ Փարաջանովը։ Երբ լռում է Փելեշյանը, լռում ենք և մենք՝ բոլորս, որպեսզի «Մենք»-ում, «Վերջ»-ում, «Սկիզբ»-ում և մյուս «լուռ» ֆիլմերում գտնենք իմաստ, բովանդակություն և ասելիք։ Իսկ Փելեշյանը դրանք թաքցրել է գործողությունների լուռ ընթացքում և դիտողին հնարավորություն տվել մտածելու՝ կատարելագործելով երևակայությունը։ Իսկ այն բոլոր պատկերները, որոնց մեջ փնտրում ենք ասելիք, առավել մտածված են դասավորված, քան  կարող ենք պատկերացնել։

«Տարածական մոնտաժ». հայ կինոարվեստի բացառիկ գյուտերից մեկը, որի հեղինակը Փելեշյանն է։

Այս առիթով Փելեշյանն ասել է. «Մոնտաժը հարևան պատկերների միացումն է: Ես իմ աշխատանքներում զգացի, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ոչ թե միացնում եմ պատկերները, այլ անջատում եմ, հեռավորության վրա եմ դնում: Հեռավորության վրա ավելի ուժեղ են խոսում մեկը մյուսի հետ, ինչպես նաև՝ նրանց միջև ընկած պատկերների հետ: Դա է դիստանցիոն (տարածական) մոնտաժը»։

Փելեշյանը տարածական մոնտաժն առաջին անգամ կիրառել է 1969 թվականին՝ նկարելով «Մենքը»։ Այս ֆիլմը հայ կինոարվեստի գոհարներից մեկն է, որտեղ թաքնված իմաստը կարողն ենք գտնել ինքներս մեր ներսում՝ մեկ անգամ դիտելով ֆիլմը։ Այն հայ ժողովրդի անցած ճանապարհի, կրած դժվարությունների, ապրած ցավերի ամբողջությունն է։ Արժանավոր հայ լինելն արդեն իսկ բավական է՝ ֆիլմի խորությունն ու ֆիլմում զետեղված իմաստն ըմբռնելու համար։ Հետևաբար՝ լռությունը մեծ գործերի սկիզբն է ազդարարում։ Հաճախ լռենք, բայց փելեշյանական լռությամբ…

 

Տաթև Բարսեղյան

1-ին կուրս, ԵԹԿՊԻ

Սցենարադրամատուրգիական արվեստ բաժին