Սերգեյ Փարաջանովի թանգարանի երջանկահիշատակ տնօրեն  Զավեն Սարգսյանի՝ տարիներ առաջվա  մտահղացումները դեռ կյանքի են կոչվում և ծառայում փարաջանովյան արվեստի ներկայացմանն ու տարածմանը։ 2019 թվականին նա որոշել էր պատկերագիրք հրատարակել, որը կներառեր Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմի կադրերը՝ զուգահեռաբար ներկայացնելով դրանց բացատրությունն ու մեկնաբանությունը։

Գաղտնիք չէ, որ փարաջանովյան ֆիլմերը, անգամ ամենահայտնին՝ «Նռան գույնը», ոչ բոլորն են հասկանում։ Անշուշտ, յուրաքանչյուր ոք իր մտապատկերում ու մտահորիզոնում ինքն իր համար բացատրում է Փարաջանովի ասելիքը, ավելին՝ թեկուզ այդ ասելիքը չհասկանալով՝ հմայվում յուրաքանչյուր կադրի գեղագիտությամբ։ «Ֆիլմը դիտելիս միշտ հարցեր են առաջանում՝ ինչի մասին է այն, տեսարաններն ի՞նչ են խորհրդանշում։

Զավեն Սարգսյանն իր մտահղացման մասին հայտնել էր ազգագրագետ, Սերգեյ Փարաջանովի արվեստի մեծ գիտակ ու մեկնաբան, նրա ընկեր Լևոն Աբրահամյանին, և որոշվել էր, որ հենց նա էլ պատկերագրքում ներկայացնելու, բացատրելու է «Նռան գույնը» ֆիլմը։ Զավեն Սարգսյանը բավականին աշխատել էր այդ ուղղությամբ, պատկերները հավաքել։ Բնականաբար, պետք է շարունակեր աշխատանքը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, որպեսզի ֆիլմի կադրերը տրամադրվեին։ «Սակայն քովիդն ընդհատեց ամեն ինչ, հետո, ցավոք, Զավեն Սարգսյանը մահացավ»,- պատմեց Փարաջանովի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարիաննա Մանուչարյանը։ Որոշ ժամանակով աշխատանքը դադարեցնելուց հետո այն վերսկսվել է, որովհետև Զավեն Սարգսյանի նախագիծը պետք է ավարտին հասցվեր։

Լևոն Աբրահամյանը պատկերագիրքը ձևավարող Հարություն  Սամուելյանի հետ որոշել է աշխատանքները շարունակել և գիրքը նվիրել Հայ կինոյի 100 ամյակին։ Սակայն հանգամանքներն էլի ոչ ի նպաստ այս նախագծի են դասավորվել։  Նորից դադար, նորից աշխատանքի վերսկսում, այս անգամ՝ ավելի ինտենսիվորեն։ Վերջապես պատկերագիրքը կհրատարակվի և կնվիրվի Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին և Զավեն Սարգսյանի հիշատակին։ Այն  ունենալու է  «Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոետիկա, խորհրդաբանություն» վերնագիրը։ Տպագրվելու է հայերեն-ռուսերոն և հայերեն-անգլերեն տարբերակներով։ Տեքստի հեղինակը Լևոն Աբրահամյանն է, գիրքը կազմողը, ձևավորողը՝ Հարություն Սամուելյանը։ Պատկերագիրքը տպագրման փուլում է։ Եթե մինչև հունվարի 9-ը՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 ամյակը, պատրաստ չլինի, ապա շնորհանդեսը տեղի կունենա քիչ ավելի ուշ։

Գիրքը հրատարակվելու է JTI Armenia  ճապոնական ընկերության  և «Արվեստի ընկերներ» մշակութային բարեգործական կազմակերպության  հովանավորությամբ։ JTI Armenia-ն  2016 թվականից է համագործակցում թանգարանի հետ և մի քանի գրքի հրատարակման արդեն աջակցել է, իսկ «Արվեստի ընկերները» Զավեն Սարգսյանի դուստրերն են հիմնադրել, որպեսզի ծառայեցնեն թանգարանի գործունեությանը, նոր նախագծերի իրականացմանը։

Փարաջանովի ֆիլմերից յուրաքանչյուր դրվագ  стоп-кадр դարձնելիս ավարտուն, ամբողջական կտավ է դառնում, որն ունի սկիզբ, կուլմինացիա ու ավարտ։

«Կադրերը հիմանականում այնպես են խմբավորված, որ նույն խորհրդաբանությունն ու բացատրությունն ունեն, նույն թեմայի շուրջ են։ Շատերի համար նորություն, կարելի է ասել բացահայտում կլինի կարդալ Լևոն Աբրահամյանի մեկնաբանությունը։ Ֆիլմը դիտելիս  առաջին հայացքից կարող եք ազգագրական վերլուծություն անել, իսկ իրականում այն բոլորովին այլ  մեկնաբանություն ունի՝ նույնիսկ  էրոտիկ, մարդկային կյանքի սկիզբն ու ավարտը խորհրդանշող։ Պատկերագրքում Լևոն Աբրահամյանի վերլուծությունը կարդալիս այս ամենը կտեսնեք, կհասկանաք, կկարողանաք ֆիլմի խորքերը ներթափանցել, Փարաջանովի ասելիքն ընկալել։ Լևոն Աբրահամյանը գրեթե կադր առ կադր բացատրել է ֆիլմը։ Իր բացատրությունը գրի է առել ու ներկայացրել պատկերագրքում»,- kinoashkharh.am-ի հետ զրույցում ասաց Մարիաննա Մանուչարյանը։

Հանճարները հետաքրքիր նմանություն ունեն. նրանց միջև կարելի է զուգահեռներ անց կացնել։ Նրանց ստեղծած մեկ կադրը, մեկ կտավը, մեկ քանդակը մի ամբողջ պատմություն են ներկայացնում՝ ներքին դրամատիզմով, կերպարի նախաստեղծ իմաստնությամբ։ Այդպիսին են Միքելանջելոյի, Դա Վինչիի, Փելեշյանի, Փարաջանովի ստեղծագործությունների անգամ մեկ դրվագը։

Եվ պատահական չէ, որ Արտավազդ Փելեշյանն իր գրքում  ներկայացրեց  «Հոմոսափիենս» չնկարահանված ֆիլմի կադրերը, որոնցից յուրքանչյուրը գեղագիտության, ասելիքի, դինամիկայի, դրամատիզմի առանձին ավարտուն պատմություն է։

Փելեշյանն իր չնկարահանած ֆիլմը ներկայացրեց կադր առ կադր, իսկ «Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոետիկա, խորհրդաբանություն» պատկերագրքում ներկայացվում է Փարաջանովի նկարահանած ֆիլմը՝ կադր առ կադր։ Փելեշյանն ինքն է մեկնաբանել իր չնկարած ֆիլմի կադրրեը, իսկ Փարաջանովի մեկնաբանը Լևոն Աբրահամյանն է, որը նրա հետ եղել է  նկարահանման հրապարակում, մոտիկից ճանաչել Հանճարին, հասկացել նրա ամեն մի շարժումը, ինքն էլ մարմնավորել փոքրիկ դերեր։

Եվ հարկ է, որ Հանճարների ասելիքը մինչև վերջ տեղ հասնի, որ նորագույն տեխնոլոգիաներին սերտաճած ժամանակակից մարդը բարձր արվեստի հետ շփումը չդադարեցնի, որ 100 տարին մեկ ծնվող բացառիկ արվեստագետները շարունակեն ապրել, իրենց ստեղծած հոգևոր արժեքներով կրթել ու դաստիարակել նաև վաղվա սերնդին։

Որքան էլ Փարաջանովի ֆիլմերը դիտողը մշակութաբանական, ազգագրական գիտելիք ունենա, միևևնույն է, այդ ֆիլմերը մինչև վերջ հասկանալու համար բացատրող է պետք։ Եվ էլ ո՞վ, եթե ոչ Լևոն Աբրահամյանը կարող է դա փայլուն իրականացնել ու լայն հասարակության համար բացել փարաջանովյան արվեստի, նրա կադրերի գաղտնիքներն ու թաքնված իմաստները։  Ի վերջո, Փարաջանովի հետ հանդիպումը երիտասարդ ֆիզիկոս Լևոն Աբրահամյանին ստիպեց մասնագիտությունը փոխել ու ազգագրագետ դառնալ, իսկ եթե Փարաջանովը չբանտարկվեր, նրա ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր ու կկապվեր կինոյի հետ։

«Վերջերս  թանգարան էր եկել ուկրաինացի գրող  Վասիլի Կույբիդան։ Նա արմատներով գուցուլ է։ Պատմեց, որ գուցուլները հարսանեկան ծեսի ժամանակ մինչև հիմա կիրառում են նորապսակների ուսերին լուծ դնելու ավանդույթը, որն առաջին անգամ տեսնում ենք «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում։  Փարաջանովն է հորինել այդ ավանդույթը և նկարել իր ֆիլմում, իսկ գուցուլներն այն հավանել են, ընդունել ու սկսել  կիրառել»,- պատմեց Մարիաննա Մանուչարյանը։

Լևոն Աբրահամյանը kinoashkharh.am-ին շատ ավելի վաղ է ներկայացրել Փարաջանովի ֆիլմերի ազգագրական, բանահյուսական բաղադրիչները, որոնք ծանրակշիռ դեր ունեն նրա արվեստում, և որոնց հեղինակն ինքը՝ Փարաջանովն է։ Այնքա՜ն համոզիչ է նա ներկայացնում իր հորինած ժողովրդական սովորույթներն ու ավանդույթները, որ ֆիլմը դիտողի մոտ անգամ կասկած չի առաջացնում, որ դրանք գոյություն ունեն միայն Փարաջանովի ֆիլմերում, իսկ իրականում՝ ոչ։ Տեքստը Լևոն Աբրահամյանը գրել է ռուսերեն: Այն  հայերեն է թարգմանել Կարինե Ռաֆայելյանը։ Իսկ անգլերեն թարգմանությունն արել է դարձյալ Լևոն Աբրահամյանը։

Գիրքը բաղկացած է 178 էջից, գերակշռում են «Նռան գույնի» լուսանկարները։ Տպագրվելու է 500 օրինակ՝ հետագայում նոր խմբաքանակ հրատարակելու ակնկալիքով։ Այն կդառնա ուղեցույց-դասագիրք հատկապես արվեստի ուղղությունն ընտրած երիտասարդների համար, որովհետև նրանք էկրանին կդիտեն Փարաջանովի «Նռան գույնը» և պատկերագրքում կկարդան ֆիլմի ասելիքը, կադրերի բացատրությունն ու մեկնաբանությունը։

Այնպես որ, եկել է Փարաջանովի ու նրա «Նռան գույնի» վերապրումի մի նոր՝ թաքնված իմաստների բացահայտման ժամանակը, երբ ֆիլմը կարող ես կարդալ։

Պատրաստեց Նաիրա Փայտյանը