Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առիթով, հրապարակում ենք Կիրա Մուրատովայի նամակները (հայերեն թարգմանությամբ), որոնք գրվել են Փարաջանովին այն ժամանակ, երբ վերջինս բանտարկված է եղել։

1973 թվականին Փարաջանովին ձերբակալում են «արտարժութային գործարքների», «սպեկուլյացիայի» եւ «սոդոմիայի» համար։ Պետանվտանգության աշխատակիցները սակայն ծառայողական գրություններում գրում են, որ Փարաջանովը քննադատել է խորհրդային իշխանություններին, խռովություններ հրահրող ելույթների, դիսիդենտ գրողների հետ մտերմության մասին եւ դատապարտում են նրան հինգ տարվա ազատազրկման, որը անցկացնելու էր խիստ ռեժիմի բանտում։ Արդեն դատավարության ժամանակ սկսվում է հանրային արշավ՝ ռեժիսորի ազատության համար։ Ի աջակցություն Փարաջանովի հանդես են գալիս կինոյի եւ արվեստի գործիչներ ամբողջ աշխարհից։ Փարաջանովին ազատ են արձակում 1977 թվականին՝ Լուի Արագոնի Մոսկվա այցից հետո։

Փարաջանովին ուղղված Կիրա Մուրատովայի նամակները թվագրվում են 1973-1977 թթ․։

«Թանկագին Սերյոժա

Վերջապես ունեցա Ձեր հասցեն։ Չգիտեմ՝ կկարողանաք պատասխանել, թե՝ ոչ։ Գուցե անհրաժեշտ է ինչ որ բան ուղարկել։ Այսինքն՝ իհարկե պետք է, սակայն ինչի անհրաժեշտություն ունես, կոնկրետ։ Եթե Դուք, Սերյոժա, գոնե մի քանի բառ գրեիք, ես երջանիկ կլինեի։ Մտածում եմ Ձեր մասին, Սերյոժա, շատ հաճախ եմ մտածում Ձեր մասին, համարյա՝ ամեն օր։ Նախկինում այդպես էլ արթնանում էի՝ մտքերս Ձեր մասին։ Փորձում եմ պատկերացնել, թե որտեղ եք Դուք, որ տարածությունում եւ այս րոպեիս ինչպես եք։ Իսկ եթե Ձեզ այցելության գամ, ապա թույլ կտան արդյոք տեսակցել Ձեզ։

Հնարավոր է կարողանամ նկարահանել Լերմոնտովի «Իշխանազնուհի Մերին»։ Ռիգայի ստուդիայում։ Դա դեռեւս նախագիծ է, թեեւ սցենարն արդեն գրել եմ։ Սերյոժենկա, արձագանքիր, խնդրում եմ Ձեզ, շատ եմ խնդրում»։

Կիրա

«Երբեմն թվում է, թե այն ամենը, որ կատարվում է Ձեզ հետ, Ձեր իսկ ցանկությամբ է եւ ոչ մեկը Ձեր վրա իշխանություն չունի եւ երբ որ վատ եք, Դուք էլ հենց այդպես եք ուզել, այնքան որ բոլոր առումներով ամբողջական եք։

Սերյոժա, ես մի փոքր երկյուղ ունեմ Ձեր հանդեպ, այնքան որ աստվածային եք։ Եւ Ձեր բացիկն էլ ինձ ապշեցրել է։ Անտեղի բաներ եմ գրում, այնպես չէ։ Չեմ հասկանում, միեւնույնն է՝ չեմ հասկանում բացարձակապես, չեմ պատկերացնում, թե հիմա որտեղ եք  եւ ինչ վիճակում։ Գիտեմ միայն, որ կրակում չեք այրվում։ Տաօրինակ եւ հիասքանչ էր Ձեզանից նամակ ստանալը։ Սերյոժա, դուք մեծ ու լավ մարդ եք։ Գուցե ինչ որ ժամանակ Դուք կկարողանաք ինձ էլի գրել։

Եղել եմ Մոսկվայում։ Թամարա Ֆյոդորովնան ինձանից վերցրել է Ձեր հասցեն։

Սերգեյ Ապոլինարիեւիչն էլ ասաց, որ Սերգեյ Միխայլովիչի հետ պատրաստվում է «վերեւնեւին» դիմել եւ հույս ունի, որ Ձեզ բաց կթողնեն»։

Կիրա

***

«Թանկագին Սերյոժա, ինչքան լավ է, որ Դուք գրեցիք ինձ։ Ես վաղը մեկնում եմ Ռումինիա՝ 10-12 օրով։ Այնտեղից լուծվող սուրճ եւ չինական լուծվող թեյ կբերեմ։ Ձեզ կուղարկեմ։ Ես հիմա կարող եմ չէ, անմիջապես Ձեր անունով ուղարկել։ Եւ ինչ ծավալի բաներ կարող եմ ուղարկել։

Միեւնույնն է չէ՝ բանդերոլ կլինի, թե ծանրոց։ Քաշն էլ կարեւոր չէ արդյոք։ Տեսել եմ Սաշա Անտիպենկոյին։ Նա պատմել է ինձ Ձեր մասին։ Մենք բոլորս Ձեզ հիշում ենք ու սիրում։ Ափսոս միայն, որ այսքան թույլ ենք ու անկարող։ Եւ վախկոտ։ Ամեն բան ընդունում ենք հալած յուղի տեղ ու սպասում ենք եւ սպասում, որ ինչ որ մեկն ինչ որ բան անի։ Ու միեւնույնն է, որ ինչ որ մեկին ինչ որ բանում մեղադրում են, իսկ ինքներս ապրում ենք, ասես ոչինչ էլ չի եղել։ Ես մի անգամ մի թանգարանում էի, որտեղ միջնադարյան կտտանքների գործիքներ ու զենքեր էին ցուցադրված։ Նայեցի այդ ամենին ու չէի ուզում հավատալ, որ մարդը կարող է թեկուզ երկու ձեռքերով նման ծանր սուր վերցնել, հարվածել ու խոցել մեկ այլ մարդու։ Լրիվ այլ արարածներ են եղել, բացարձակապես այլ հոգեկան ուժերով։

Իսկ մենք կարող ենք միայն սարսափահար շուռ գալ, ճղճղալ, ձեռքերով թափահարել, արտասվել։

Եւ մենք ամենքս ամաչում ենք, նույնիսկ այն ամենի համար, ինչով հպարտանում ենք։

Սերյոժա, գրեցեք խնդրեմ»։

Կիրա

«Սերյոժա, ստացա նամակ Թամարա Ֆյոդորովնայից։ Նա ասում է, որ գրել է Ձեզ, որ պաշտոնական նամակ գրեք՝ պատժի թեթեւացման մասին։ Գուցե այնուհանդերձ, նման նամակ գրեք, Սերժյոա։ Ես բոլորովին չեմ կարող խորհուրդտներ տալ, քանի որ պատճառների եւ հետեւանքների փոխակապակցվածությունն անհետանում է իմ մոտ, եւ երբ ինչ որ բան ինձ խորհուրդ են տալիս, դա միշտ անհեթեթ է լինում։ Սակայն ինձ թվում է, որ Դուք հարցնում եք, եւ դրա համար էլ համարձակվում եմ Ձեզ խորհուրդ տալ եւ խնդրել, որ գրեք այդ նամակը։ Հույս ունեմ, որ Դուք Ձեզ համար ինչ որ խնդրանքով նրանց դիմելը ստորացուցիչ չեք համարում։ Հույս ունեմ, որ զգում եք, որ Ձեզ ոչ մեկն ի վիճակի չէ, ի զորու չէ ստորացնել ինչ որ մի երկրային ձեւով ու եղանակով եւ որ ցանկացած պարագայում դուք անհասանելի եւ անխոցելի եք, ինչպես անտինյութը։

Սերյոժա, ես «Իշխանազնուհի Մերիի» մասին չեմ գրում, որովհետեւ դադարել եմ հավատալ, որ այն կկայանա։ Սկսվել են հետաձգումներն ու խոսակցությունները Բելինսկու եւ այլնի մասին, բազմաթիվ եւ բազմապիսի ղեկավարներ, ընդունարաններ, եւ այլ աքսեսուարներ, որոնք ֆիզիկական զզվանք են առաջացնում եւ ինչ որ բան անելու ցանկությունը մարում են, բացի շնորհակալություն հայտնելուց, խոնարհվելուց եւ շուտ գալով՝ աչքերը փակելուց եւ անհապաղ այդպիսի տեղերից հեռանալուց եւ հին ալբոմում հնօրյա գունաներկված լուսանկար դառնալուց եւ այնտեղից ժպտալուց։
Այնուամենայնից, այդ ամենը անտեղի ու անպատշաճ է։ Կներեք։

Իմ բախտն այնքան բերել է, որ ես նկարահանել եմ այն, ինչ ուզեցել եմ։ Հնարավոր չէ, որ հաջողությունը միշտ ժպտա, Սերյոժա, ինչից եք պատրաստել այդ հիասքանչ իրը։ Ինչ եք անում ողջ օրը, Սերյոժա, թանկագին Սերյոժա»։

Կիրա

«Այսքան երկար Ձեզ չեմ գրել, Սերյոժա, իմ շատ վատ բնավորության պատճառով միայն։ Տվյալ իրավիճակում, հասկանալով, որ որեւէ բանով չեմ կարող օգնել, սկսեցի ինքս ինձ ներշնչել, թե իբր իմ նամակները կարող են միայն վնասել, տրավմայի ենթարկել, չարդարացված հույսեր ներշնչել եւ այլն։ Մի խոսքով, ես այնքան էլ լավ մարդ չեմ, որքան թվում է։

Խնդրում եմ Ձեզ, Սերյոժա, էլ չգրեք ինձ իմ «տաղանդի» մասին։ Չկա նման տաղանդ։ Պատահականություն՝ զուգորդված հանգամանքներով եւ պահով։ Ամեն բան լիակատար նողկանք է ներշնչում։ Կինոն հատկապես։

Սերյոժա ես ունեմ շատ լավորակ իսկական չինական թեյ եւ սուրճ, կարող եմ արդյոք Ձեզ ուղարկել։ Եթե ծանրոց ուղարկեմ, այն կհասնի արդյոք Ձեզ։ Գուցե էլի ինչ որ բանի կարիք ունեք, խնդրում եմ ասացեք, շատ եմ խնդրում՝ մանրամասն գրեք, դա ինձ միայն հաճույք կպատճառի։

«Իշխանազնուհին» փակեցին։ Կինոպրոբաներից հետո։ Ես բավարարված եմ։ Ամեն բան տանջալից ու սխալ է բոլոր առումներով։ Ես, ցավոք ոչինչ չեք կարող գրել, որ հետաքրքիր լինի ու հաճելի։ Ոչ մեկին չեմ տեսնում, ոչինչ չեմ կարդում։ Առհասարակ, ասես մեռած լինեմ։ Կներեք այս անճաշակ եւ մռայլ տոնի համար։ Նայում եմ իհարկե Վայդիի «Հարսանիք» կինոնկարը։ Հետաքրքիր ու գեղեցիկ կինոնկար է, նկարահանված Ձեր ազդեցությամբ, սակայն նաեւ շատ ինքնուրույնություն եւ օրիգինալություն կա։ Միշտ մտածում եմ Ձեր մասին ցավով, քնքշանքով եւ խոնարհումով։ Ձեր երկու կինոնկարները ինձ այնպիսի ահռելի, ավելի ճիշտ հավիտենապես ձգվող հաճույք են պատճառել։ Ահա, տեսնում եք։ Ես ամեն բան ավարտեցի մաժորի մեջ»։

Կիրա

***

«Սերյոժա, որքան լավն եք Դուք

Կարծում եմ, որ զյարանում եք իմ վրա։ երբեմն թվում է, որ իմ նամակները պետք է զայրացնեն Ձեզ։ Հետո հասկանում եմ, որ Ձեզ այդտեղ ոչ մի նամակ չի կարող զայրացնել։

Իմ կյանքը մի տեսակ անհեթեթ է դարձել առանց երջանկության։

Գերասիմովը պայմանավորվել է Բրիտիկովի հետ, որպեսզի ինձ տան Գորկու ստուդիայում բեմադրություն։ Սակայն այն ինչ ինձ առաջարկում են՝ սցենարը, տխմարություն է։ Սակայն հարցը դա չէ։ Այլ այն, որ ինձ վախեցնում են անհրաժեշտ ջանքերն ու հաղթահարելիք դժվարությունները։ Ես «Իշխանազնուհուց» առաջ եղա մարզկոմում։ Դա ինձ, որքան էլ զարմանալի է, ամբողջովին հյուծեց ու կոտրեց։

Միայն թե տեսնեիք ինձ այնտեղ։ Ափսոս որ որեւէ մեկը չտեսավ։ Ամոթ է մանրամասները պատմելը։ Ասես ինձ բռնաբարեին, իսկ հետո՝ հարցաքննեին։ Հետո մտածում էի, թե ինչպես եմ կարողանալու նկարահանել հպարտ Պեչորինի մասին։

Այսպիսին է կյանքի ընդհանուր պատկերը։

Ստրկությունն իմ հոգում բույն է դրել վերջնականապես։ Ես չեմ կարող վիճել իմ հակառակորդների հետ եւ պատրաստ եմ հուշել այնպիսի ռեպլիկներ, որոնք ինձ վերջնականապես կուժասպառեն ինձ։

Ահա, թանկագին Սերյոժա, իսկ Դուք ուզում եք, որ ես Ձեզ գրեմ։ Ինչներիդ է պետք նման նամակները։ Փտածություն։ Քայքայվածություն։ Դատարկություն։ Բնական հետեւանքը կամ արդյունքը բնական գործընթացի։ Իսկ Դուք, Սերյոժա, փայլում եք ինչպես աստղ եւ դա հիասքանչ է։ Դուք այնքան ամբողջական եք ու այնքան բարի։ Սակայն ահա թե ինչ․ ես խնդրել էի Ձեզ գրել, թե ինչի կարիք ունեք եւ ինչ կարող եմ ուղարկել Ձեզ։ Գրել մանրամասն։ Հաջողություն Սերյոժա։ Ես Ձեզ նույնպես համբուրում եմ եւ ուզում եմ, որ առողջ լինեք»։

Կիրա

Կիրա Մուրատովայի նամակները մեջբերվում են ըստ հետեւյալ աշխատության՝ Параджанов С. Письма в зону / сост. З. Саргсян. Ереван: Музей Сергея Параджанова, 2005. С. 52–53, 63, 66–70։

Աղբյուր

Թարգմանեց  Արամ Յանինը