Գերմանիայում անցկացվելու են Սերգեյ Փարաջանովի 100-ամակին նվիրված միջոցառումներ
Հայաստանի և Վրաստանի ազգային կինոկենտրոնների, Լեհաստանի Fixafilm ընկերության և 1300 CERAMIC STUDIO Թբիլիսիի նախաձեռնությամբ՝ Գերմանիայում մեկնարկել է Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է մինչև այս տարվա մայիսի վերջին։ 2024-ի հունվարի 20-ից սկսված միջոցառումները՝ կինոցուցադրումներ, ֆոտոցուցահանդեսներ, նստալյացիաներ, քննարկումներ, տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ․ Բեռլին՝ հունվարի 20-31-ը (ARSENAL կինոյի և վիդեո արվեստի ինստիտուտ e.V., «Արսենալ» կինոթատրոն), Մյունխեն՝ փետրվարի 9- 28-ը ( Կինոյի թանգարան), Ֆրանկֆուրտ՝ մարտի 1-31-ը, Դյուսելդորֆ՝ ապրիլի 4-24-ը (Գերմանիայի կինոինստիտուտ և Կինոյի թանգարան DFF), Քյոլն՝ ապրիլի 12-27-ը (Allerweltskino e.V Լյուդվիգի թանգարան)։
Բեռլինում` «Արսենալ» կինոթատրոնում, «Սերգեյ Փարաջանով․Տեսողական արվեստի վիրտուոզը» խորագրով հետահայաց ցուցադրության ցանկում ներառված են եղել ռեժիսորի Եռապատումը՝ «Հակոբ Հովնաթանյան», «Կիևյան որմնանկարներ» և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Աշուղ Ղարիբ» և «Սուրամի բերդի լեգենդը» ֆիլմերը: Հետահայաց ցուցադրությունները շարունակվելու են նաև գերմանական այլ քաղաքներում՝ Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Դյուսելդորֆում և Քյոլնում:
Սակայն, հիշատակված միջոցառումներից զատ նախատեսված է նաև լրացուցիչ՝ «Փարաջանով-100՝ Գերմանիա» նախաձեռնությունը․ Յուրի Մեչիտովի ֆոտոցուցահանդեսը՝ Մյունխենի Կինոյի թանգարանում՝ փետրվարի 9-28-ը, «Ինստալյացիա-ընթրիք Փարաջանովի հետ»՝ Դյուսելդորֆի HETJENS հախճապակու թանգարանում (ապրիլ/մայիս)։ Նախագիծը նախաձեռնել և համադրել է վրացի նկարիչ՝ Իրինա Կուրտիշվիլին, որն ապրում և աշխատում է Գերմանիայում դեռևս 1990-ականների կեսերից։