Հունվարի 11-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տեղադրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի վերակազմակերպելու և կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Այս մասին գրում է kinopress-ը՝ հղում անելով  կառավարության որոշման նախագծին։

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագոր­ծակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգա­մանքներով:

Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռար­ձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։

Հիմնադրամի գործունեության նպատակներն են.

1) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը,

2) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը,

3) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը,

4) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանումը,

5) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը,

6) համատեղ կինոարտադրության խթանումը,

7) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը,

8) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը,

9) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը,

10) կինոարտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տեղական և միջազգային շուկաներին ինտեգրման աջակցության իրականացում,

11) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը,

12) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

Որոշման նախագծի քննարկումը տեևլու է մինչև հունվարի 27-ը: