Գրող, ռեժիսոր, դերասան Միքայել Գուրջյանը տեղահանման արդիական մետաֆոր է ստեղծել, որը շատ տեղին է հատկապես վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումների ֆոնին:

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից երեք տասնամյակ անց լավատես ամերիկահայը վերադառնում է հայրենիք, ցավոք հայտնվում է բանտում: Բանտախցի պատի վրա երկրաշարժի հետևանքով առաջացած ճեղքից նա ամեն օր հետևում է բանտապահներից մեկի կյանքին և հանկարծակի մշակութային կապ է հայտնաբերում իր ու այդ բանտապահի միջև: Հենց այս գաղափարն էլ ընկած է «Ամերիկացի» սենտիմենտալ կատակերգային դրամայի հիմքում, որը հայտնվել է «Օսկարի» հավակնորդների ցուցակում: Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Գուրջյանը նաև նկարահանվել է ֆիլմի գլխավոր հերոսի դերում. սա հուզիչ կտավ է սփյուռքահայության զգացմունքների, կարոտախտի մասին, այս ֆիլմը լրացուցիչ կոնտեքստ է ստանում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան դեպքերը, երբ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր ստիպված էին փախչել իրենց տներից:

Ֆիլմի երազային նախաբանը պատմում է հայ երիտասարդ տղամարդու մասին, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվում է Օսմանյան բանակի դաժանություններից: Նրա աչքերի առաջ է Արարատ լեռան հանդարտ պատկերը, որը, չնայած ժամանակակից Թուրքիայի տարածքում է, սակայն խոր ու լուրջ նշանակություն ունի հայ ժողովրդի համար. այն ազգային խորհրդանիշ է: Տասնամյակներ անց՝ 1947 թվականին, տղամարդը, որի անունը Չարլի է, վերադառնում է Հայաստան ու հայտնվում «կատակերգության» կիզակետում:

Նա օգնում է սովետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հայ կնոջը, ինչից հետո հայտնվում է խանդի տեսարանների կենտրոնում: Արդյունքում Չարլիին, որը վարժ տիրապետում է անգլերենին, խոսում է հայերեն, բայց ոչ ռուսերեն, ձերբակալվում է: Պատճառն այն է, որ նա պուտավոր փողկապ էր կրում:

Եվ ահա, Չարլին ամեն օր չոր հաց է ուտում, տքնաջան աշխատում և հետևում իր բանտի պահակներից մեկի փոքր, համեստ տան անցուդարձին՝ վերհիշելով իր մանկությունը: Այնուհանդերձ, այն, ինչ Չարլիի համար սկզբում լոկ զվարճանք էր, ի վերջո վերածվում է մշակութային մեկուսացման պատկերի. նա հեռվից կամաց-կամաց ծանոթանում է հայկական մշակույթին և սովորույթներին:

Չարլիի դերում (որի բանտային մականունը «Չարլի Չապլին» է) Գուրջյանը կատակերգական հզոր էներգիա է փոխանցում ֆիլմը դիտողներին: Նա հիասքանչ կինտեգրվեր Ժակ Տատիի ֆիլմաշխարհում: Գուրջյանը զվարճացնում է հանդիսատեսին անգամ իր շարժուձևով, նա գողանում է բոլորի ուշադրությունը համարձակությամբ և տեղացիների տարրական սովորույթներին անտեղյակությամբ:

Գուրջյանը հայկական ծագումով ամերիկացի է, դժբախտ, անօգնական գլխավոր հերոսի կերպարը ստեղծելու համար նա օգտագործում է սփյուռքահայերի շուրջ ստեղծված կարծրատիպային պատկերացումները: Չարլիի կերպարն իր անսահման լավատեսությամբ միամիտ է թվում: Ֆիլմի սկզբում նրա պահվածքը ժպիտ է առաջացնում, բայց վերջում թողնում ծանր զգացողություններ։ Գուրջյանն աստիճանաբար կեղևազրկում է Չարլիին, ցույց տալիս, որ նա առաջ է շարժվում ՝ մեծ հույսը սրտում՝ չնայած դժվարություններին: Ու հանդիսատեսի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի ու ավելի նիհարող Չարլիի աչքերը կշարունակեն փայլել այդ հույսով… Հարց է, որը պատասխան չունի:

Կարելի է ասել, որ «Ամերիկացին» ֆիլմ է կինոյի կախարդանքի մասին, ինչպես «Cinema Paradiso»-ն, այդ թվում՝ Գուրջյանի խաղի շնորհիվ:

Ի վերջո, վիզուալ պատմվածքի երկու հակադիր մեթոդները (մեկը՝ սեփական զգացողությունների վրա հիմնված, մյուսը՝ հեռվից դիտողի տեսանկյունից) պայթյունավտանգ շփման մեջ են մտնում՝ ինչպես մատերիան և հակամատերիան. արվեստի գաղափարը բախվում է իր հանդիսատեսին ու հստակ կերտվածք ստանում:

Գուրջյանի խելագար սյուժեն ամբողջական է դառնում կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանի կատակերգական-լավատեսական ջազի ու հայկական մտածկոտ ֆոլկի ներքո:

Իսկ եթե քննադատել «Ամերիկացին», ապա այն պատճառով, որ ֆիլմը հիմնականում անտարբեր է Չարլիի և մյուս ազատազրկվածների հանդեպ գործադրվող դաժանության, իրենց հայրենակիցներին իշխանությունների թելադրանքով կեղեքող բազմաթիվ բանտապահների հոգեբանության նկատմամբ: Սակայն ֆիլմի ավարտին Գուրջյանը հավասարակշռություն է հաստատում:

Ֆիլմի հեղինակը ներթափանցում ու բացահայտում է հայկական մշակութային հիշողությունը: Նա որոնում է դրանում իր տեղը՝ որպես հայրենիքից կտրված արվեստագետ, որը ստիպված է եղել հետևել ազգային մշակույթին հեռվից: Գուրջյանը ֆիլմը նվիրել է իր պապիկին, որը տեսել է 1915 թվականի արհավիրքը: Նա ասես փորձել է վերստեղծել իր անձնական ողբերգությունը, հավաքագրել այն ամենը, ինչն իրենից խլել էին ծնվելուց դեռ շատ առաջ:

 «Ամերիկացին» համակված է կարոտով ու անսահման քնքշությամբ: Այս ֆիլմը բուժիչ բալասան է նույնիսկ ամենակարծրացած հոգիների համար:

Աղբյուրը

Պատրաստեց Դիանա Գասպարյանը


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05