Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու «Անսի» միջազգային կինոփառատոնի 4-րդ «Residency» ծրագրում՝ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի գրաֆիկայի զարգացման համար։

«Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով՝ նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և նրանց կանանց։

Հայրենիք վերադառնալուց հետո 1956 թվականին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և, կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց, տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «խակ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։

Ռեժիսորը Տիգրան Առաքելյանն է, պրոդյուսերը՝ Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստն Էդգար Բաղդասարյանն է, բեմադրող նկարիչը՝ Տիգրան Մանգասարյանը: