1988 թվականի ավերիչ երկրաշարժն ունեցավ իր խորհրդանիշը. Մարինե Նուռոյանի ու նրա 3 դուստրերի սև-սպիտակ լուսանկարը տարածվեց աշխարհով մեկ։ Նրանք, ովքեր անգամ Հայաստանի անունը չգիտեին, ցավոք, այդ լուսանկարի միջոցով իմացան թե՛ մեր երկրի, թե՛ նրա հետ կատարված ողբերգության  մասին ու սկսեցին օգնություն ուղարկել աղետի գոտի։ Մարինե Նուռոյանն էլ, հայտնի լուսանկարի պատմութոյւնն էլ կան Սեդա Գրիգորյանի «Բույն հյուսողը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացավ դեկտեմբերի 7-ին՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի օրը։  Ֆիլմը  երկրաշարժից հետո Ավստրիական թաղամասը ստեղծած, և այդ ծրագիրը իրագործողի՝ Ռոբերտ Ռոգների  մասին է։ 

Երկրաշարժի կորուստների ցավը դեռ շատ թարմ՝ աղետի գոտին սկսեց աստիճանաբար վերականգնվել։ Շրջափակման մեջ գտնվող Հայաստանը նաև արցախյան ազատագրական պայքար էր մղում՝ միաժամանակ փորձելով թոթափել ավերիչ երկրաշարժի հետևանքները և ոտքի կանգնել։ Դա հնարավոր չէր լինի, եթե Հայաստանի կողքին չկանգնեին հայերին անգամ չճանաչող, բայց օգնության ձեռք մեկնող  օտարերկրացիները, ինչպես օրինակ՝ ավստրիացի շինարար Ռոբերտ Ռոգները, որն անգնահատելի նվեր է մատուցել Գյումրիին՝ 118 նորակառույց տներից կազմված մի ամբողջ թաղամաս հիմնադրելով։ Այդ տարիներին հաճախ էր շրջանառվում «Ավստրիական թաղամաս» անունը, որոշ տեսանյութեր էին նկարահանվում կառուցման մասին, բայց, չգիտես ինչու, հետագայում, երբ այն պատրաստ էր և բնակեցվել էր, ոչ ոք չէր հիշում կառուցողի անունը, 35 տարվա ընթացքում չէր պահպանվել նաև կապը ավստրիացու  հետ։

Անցյալ տարվա նոյեմբերին «Գագարին» նախագծի ղեկավար կազմը մեկնել է Ավստրիա և գործի բերումով հանդիպել տեղի գործարարներից մեկին, որը այդ տարածքի զարգացման մեջ մեծ ներդրում ունի։ Փոխանակ նավթ փնտրելու, ավստրիացին քաղցրահամ ջուր էր գտել ու հենց այդտեղ էլ առողջարան կառուցել։ Այդ մեծահարուստ մարդը խոսքի մեջ ասել է, որ 1988 թվականի  երկրաշարժից հետո եկել է Հայաստան, օգնել հայ ժողովրդին։ Ու այդպես «Գագարին» նախագծի անձնակազմը պատահական կերպով բացահայտել է, որ Ավստրիայում հանդիպել է Գյումրու «Ավստրիական թաղամասը» կառուցողի՝ Ռոբերտ Ռոգների հետ։

«Բացահատելով այս պատմությունը և տեսնելով, թե ինչպես է այն մոռացվել մեզ մոտ, որոշեցինք անպայման  վեր հանել ու ֆիլմ նկարել։ 30 տարուց ավելի Ռոբերտ Ռոգները ոչ մի լուր չի ունեցել իր հիմնադրած ու կառուցած  «Ավստրիական թաղամասից», նրա բնակիչներից։ Այլ նախագծով Ավստրիա մեկնելու դիպվածը պատճառ հանդիսացավ, որ ստեղծվի կինոնախագիծ ու 35 տարի հետո ներկայացվի բարեգործության, մարդասիրության մասին այս պատմությունը»,- kinoashkharh.am-ին պատմեց «Բույն հյուսողը» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Սեդա Գրիգորյանը։

1988-ի երկրաշարժից հետո Ռոգները  «Կուրիեր» օրաթերթում հայտարարություն է տեղադրել, որ տներ է կառուցում ու նվիրում Հայաստանին։ Թե՛ հայտարությունը, թե՛ Մարինե Նուռոյանի լուսանկարեը մեծ դեր են խաղացել, որպեսզի դրամահավաք նախաձեռնվի։ Այսպես, Ավստրիայի տարբեր քաղաքաներից գումարներ են հավաքվել։ Եվ մինչև հիմա Գյումրու «Ավստրիական թաղամասի» տների վրա տեղեկատվական ցուցանակներ կան՝ որ քաղաքի և ում նվիրատվությամբ են դրանք   կառուցվել։

Ռոբերտ Ռոգները, ստեղծելով «Ռոգներ» շինարարական կազմակերպությունը, բարեգործական նախաձեռնություններով է հանդես գալիս։ Բարերարը նաև Վիետնամի որբերին է օգնել։ 2019 թվականին  Ալբանիայի երկրաշարժից տուժածներին է օգնել, աշխատանքի տեղավորել իր «Ռոգներ»  հյուրանոցում։ Համացանցում շատ հրապարակումներ կան Ալբանիային տրամադրած նրա աջակցության մասին։ Իսկ Հայաստանին ուղղված նրա մեծ բարեգործության մասին ոչինչ չկա, ոչ մի տող։

«Նրա կառուցած առողջարանային համալիրում նաև թանգարան կա, որը ներկայացնում է Ռոգների կյանքը։ Թանգարանում մի զույգ մանկական կոշիկ կա։ Գրված է, որ ինքն ու քույրն այդ մի զույգ կոշիկը փոխեփոխ հանգնելով՝ գնացել են դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռոգները մեծացել է չքավոր ընտանիքում, հետո փորձել է կրթություն ստանալ, մտել շինարարական ոլորտ և շինարարական մեծ կազմակերպություն հիմանդրել։ Ի դեպ, այդ նույն թանգարանում մի հին փայտե օրորոց կա, որը Ռոգներին նվիրել են գյումրեցիները։ Օրորոցը նա թանկ մասունքի պես է պահում՝ որպես թանկ հիշողություն։

Ռոբերտ Ռոգները խնդրել է մեզ, որպեսզի ամեն ամիս «Ավստրիական թաղամասի» մի ընտանիքի լուսանկար ուղարկենք իրեն։ Շատ է ուզում կապը պահպանել հայ բնակիչների հետ։ Նա ծեր է, չի կարող Հայաստան գալ»,-պատմեց Սեդան։

«Ավստրիական թաղամասը» նախագծելիս Ռոբերտ Ռոգները  նպատակադրվել է, որ ամեն տուն ունենա իր փոքրիկ հողակտորը, որպեսզի ամեն ինչ կորցրած բնակիչները հողը մշակելով՝ գոնե կարողանան ապրուստ ունենալ։ Այդքան սրտացավ ու հեռատես է եղել նա։  Անձամբ է բանակցել այն ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ, որպեսզի թաղամասը նախագծելիս նաև տնամերձ հողատարածքների թույլտվություն ստանա։ Եվ Ավստրիայից Հայաստան՝ 3000 կմ հեռավորության վրա կարողացել է ղեկավարել թաղամասի շինարարությունը՝ գյումրեցիներին հանձնելով ապրելու համար լիովին պատրաստ, կահավորված, անգամ սպասք, սառնարան ունեցող հարմարավետ տներ։

«Նկարահանումներն սկսել ենք այս տարվա փետրվարին ու ավարտել նոյեմբերին։ Մարտին մեկնել ենք Ավստրիա, հանդիպել Ռոբերտ Ռոգների հետ, նրան ցույց տվել իր կառուցած «Ավստրիական թաղամասը», կամ ինչպես ինքն է ասում՝ Ավստրիական գյուղն ինչպիսին է այսօր։ Նրան ենք փոխանցել նաև Խաչատրյանների ընտանիքի տեսաուղերձը, որ նրան հիշում են, մինչև հիմա երախտապարտ են։ Հենց  Ավստրիայում էլ նկարահանեցինք պարոն Ռոգների հետ հարցազրույցը, այնուհետև եկանք Գյումրի՝ նկարահանումները շարունակելու։ Հանդիպեցինք Մարինե Նուռոյանին, որը, ինչպես  Խաչատրյանների ընտանիքը, մինչև հիմա  ապրում է «Ավստրիական թաղամասի» նույն փողոցում»,- ֆիլմի նկարահանումների մասին պատմեց ռեժիսորը։

Ռոբերտ Ռոգները բնակելի տներից բացի, կառուցել է նաև դպրոց ու մանկապարտեզ։ Մանկարապարտեզի տնօրենը, որ մինչև հիմա կրթօջախի ղեկավարն է, պատմում է, թե ինչպես է այն կառուցվել, ինչպես եղավ բացումը։ Սրանք հուշեր լինելուց բացի, նաև վավերագրություններ են։ Ռոգների գրքում 1991 թվականից մնացած նամակ կա։ Փաստորեն նա Գյումրու ընտանիքներից մեկի հետ նամակագրական կապ է պահպանել.  դա հենց Խաչատրյանների ընտանիքն է, նրանց ուղարկած նամակն է՝ լուսանկարի հետ։ Դրա միջոցով էլ Սեդան  գտել է  Խաչատրյաններին։

«Բույն հյուսողը» վավերագրական ֆիլմը հուզիչ, լուսավոր պատմություն է՝ մարդու, մարդկայինի մասին։ Իմաստուն, սրտացավ մի ավստրիացի ամեն ինչ արել է, որպեսզի հայը մնա իր հայրենիքում, 118 ընտանիքի համար ամուր, հարմարավետ տներ է կառուցել, որպեսզի նրանք օտար երկիր չգնան, սրտները տաք լինի իրենց բնի վրա, սիրեն այն, չլքեն, բազմանան ու ավելի շենացնեն։

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ