1985 թվականին նկարահանված «Աֆրիկայից դուրս» կինոնկարը կարելի է համարել բոլոր ժամանակներում իրական սիրո մասին պատմող ամենից գեղեցիկ կինոնկարներից մեկը։ Այն արժանացել է բազմաթիվ մրցանակների, ինչպիսիք են՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA», «Ամերիկյան սցենարիստների գիլդայի մրցանակ», «Ճապոնական ակադեմիայի մրցանակ» եւ այլն։ Կինոնկարը միայն «Օսկարի» է արժանացել  տասնմեկ անվանակարգերում և յոթ մրցանակներում՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Նկարիչ դեկորատորների լավագույն աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն օրիգինալ երաժշտություն»։ Այս ֆիլմում հիասքանչ է ամեն բան։

Սյուժեի հիմքում Կարեն Բլիքսենի ինքնակենսագրականն է, որ հրատարակվել է Իսակ Դինեսեն կեղծանվամբ, սակայն սցենարիստները հարստացրել են պատմությունը նաեւ Ջուդիթ Տուրմանի կենսագրական գրքերի մոտիվներով։ Ժապավենի առաջին արժեքավորությունն այն է, որ սյուժեն իրապատումային է, որոշ առումով՝ պրոզայիկ, ինչը նրան դարձնում է տարբերվող հոլիվուդյան այլ ֆիլմերից եւ հատկապես՝ հետաքրքրական։

Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են 1914-31 թվականներին Քենիայում, ուր ժամանում է դանիացի բարոնուհի Կարեն ֆոն Բլիքսեն-Ֆինեկեն իր ամուսնու հետ։ Նրանք գնել են սուրճի պլանտացիա, որտեղ  բարոնուհին միայնակ անցկացնում է իր օրերը, մինչ ամուսինը գտնվում է երկարատեւ սաֆարիներում։ Բարոնուհին հազվադեպ է հյուրեր ընդունում։ Նա հիանալի կարողություն ունի պատմություններ պատմելու, և նրանք, ովքեր գիտեն այդ մասին, խնդրում են իրենց համար պատմել։

Բարոնուհու դերում անկրկնելի Մերիլ Ստրիպն է։ Սա նրա լավագույն դերերից մեկն է, որի համար սակայն, նրան «Օսկար» չեն շնորհել, թեեւ առաջադրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Կինոնկարը դիտվում է մեկ շնչով՝ բազմաթիվ պատճառներով, սակայն առաջնային պատճառն այն է, որ հնարավոր չէ աչք կտրել Մերիլից։ Երբ նա պատմություններ է պատմում կամ զրուցում խարույկի մոտ, կամ էլ հայտնվում է վտանգի մեջ կամ զայրանում է, նա այնքան դյութիչ է, որ նրա մոգական ազդեցության տակ հայտնվելով, ակամա սիրահարվում ես նրան։ Կուզենայի նրա պես պատմություններ պատմել իմանալ, եւ այդ ժամանակ իմ ելույթները բազմապատիկ անգամ ավելի հետաքրքրական կլինեին։ Ռոբերտ Ռեդֆորդը մարմնավորում է Դենիս Ֆինչ Հաթթոնի կերպարը, որը հայտնվելով բարոնուհու մոգական ազդեցության ներքո, սիրահարվում է նրան խելագարի նման։ Դերասանն իր կերպարին մարմնավորել է հիանալիորեն։

Մերիլն ու Ռոբերտը հիանալի էկրանային զույգ են, իսկ կինոնկարը ասես ներծծված է նրանց զգայականությամբ։ Տեսարաններն առյուծի մասնակցությամբ, սեղանի մոտ, կամ խարույկի մոտ, այնքան են խորասուզում դիտողին էմոցիոնալ խորքերը, որ կինոնկարը ոչ թե դիտվում է, այլ՝ ապրվում։

Սիդնի Պոլլակը հիանալի ռեժիսորական աշխատանք է կատարել։ Նա փայլուն կերպով է կատարել անհրաժեշտ շեշտադրումները հայացքներում, խոսքերում, ժեստերում, պաուզաներում։ Միայն տաղանդը կարող էր նման աշխատանք կատարել։

Իսկ ինչպիսի հիասքանչ աֆրիկյան բնություն է պատկերված կինոնկարում եւ ինչպիսի փայլուն երաժշտություն։ Կարելի է նույնիսկ ժամանակ առ ժամանակ ըստ էմոցիոնալ ապրումների, առանձին լսել կինոնկարի սաունդթրեքը։ Լսելիս էլ՝ կարծես թե զգում ես քեզ աֆրիկյան բարկ արեւի տակ։ Բնության ձայներն այնքան բնական են ու այնքան լավ են լրացնում վիզուալ պատկերները, որ պատահական չէ, որ կինոնկարը մրցանակի է արժանացել «Լավագույն ձայն» անվանակարգում։ Այս վարպետության շնորհիվ, կինոնկարի առանձին տեսարաններ դառնում են չափազանց կենդանի՝ բառի ամենաբուն իմաստով։ Սա կինոնկար է նրանց համար, ովքեր կարոտել են խորը, գեղեցիկ եւ անկեղծ ապրումներին։

Աղբյուր

Պատրաստեց Արամ Յանինը