Օսկարակիր Լյուպիտա Նյոնգոն կգլխավորի Բեռլինալե 2024-ի միջազգային ժյուրին
Քենիա-մեքսիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և New York Times-ի բեսթսելերների հեղինակ Լուպիտա Նյոնգոն կգլխավորի Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրին։ Այս մասին հայտնում է Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքը։ 2014 թվականին Լյուպիտա Նյոնգոն արժանացել է «Օսկար» մրցանակի «Ստրկության 12 տարի» ֆիլմում (ռեժիսոր՝ Սթիվ Մաքքուին)՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում և դարձել հանդիսատեսին և կինոքննադատներին ոգեշնչող ամենահայտնի միջազգային դերասանուհիներից մեկը։
«Լյուպիտա Նյոնգոն մարմնավորում է այն, ինչ մեզ դուր է գալիս կինոյում՝ բազմազանություն՝ տարբեր նախագծեր ընդունելու, հանդիսատեսին դիմելու իր մոտեցմամբ և հետևողականություն մեկ գաղափարի նկատմամբ, որը բավականին ճանաչելի է նրա կերպարներում, որքան էլ դրանք լինեն բազմազան: Մենք ուրախ ենք և հպարտ, որ նա ընդունել է մեր հրավերը՝ դառնալու 74-րդ Բեռլինալեի ժյուրիի նախագահը»,- ասել են Բեռլինալեի տնօրենները՝ Մարիետ Ռիզենբեկը և Կառլո Չատրիանը:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել Բեռլինի միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրիի նախագահի պարտականությունը։ Ես անհամբեր սպասում եմ դիտելոււ և ճանաչելու կինոգործիչների աշխատանքներն ամբողջ աշխարհից»,- ասել է Լուպիտա Նյոնգոն:
Քենիացի ծնողների դուստրը ծնվել է Մեխիկոյում և մեծացել Քենիայում: Լյուպիտա Նյոնգոն ուսանել է Հեմփշիրի քոլեջում (ԱՄՆ)՝ կինոյի և թատերագիտության ոլորտում։ Դերասանուհին սկզբում աշխատել ԱՄՆ-ի տարբեր կինոընկերություններում։ Վերադառնալով Քենիա, նա 2009 թվականին նկարել է իր առաջին՝ «Իմ գեներում» ֆիլմը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը նույնպես ինքն է եղել: Յեյլիի դրամատիկական դպրոցում հետագա ուսումնառությունից հետո Լյուպիտան սկսել է իր դերասանական կարիերան՝ «Ստրկության 12 տարի» ֆիլմում, որի համար «Օսկարից» զատ ստացել է նաև Screen Actors Guild Award, Critics’ Choice Award, Independent Spirit Award և NAACP Image Award մրցանակները։
2018 թվականին Լուպիտա Նյոնգոն առաջին անգամ հայտնվել է մարտիկ Նակիայի դերում՝ Marvel-ի «Սև պանտերա» ֆիլմում, ապա նկարահանվել նաև կինոնկարի շարունակության՝ «Սև պանտերա. Վականդա ընդմիշտ»-ում (2022)։ Դերասանուհու մյուս էկրանային հաջողությունները ներառում են «Մենք», «Փոքրիկ հրեշները», «Կատվեի թագուհին», «Աստղային պատերազմներ.Ուժը արթնանում է» կինոնկարներն ու «355» սարսափ-ֆիլմը: Իր կինոկարիերայից բացի Լուպիտան ակտիվ է նաև Բրոդվեյի բեմում և 2020 թվականին գրել է «Sulwe» մանկական գիրքը, որը ներառվել է New York Times-ի լավագույն բեսթսելերների ցանկում։
Լյուպիտա Նյոնգոն ներկայումս պատրաստում է փոդքասթ՝ աֆրիկյան սփյուռքի ոչ գեղարվեստական պատմությունների մասին, և մշակում է սերիալ Չիմամանդա Նգոզի Ադիչիի «Americanah»-ի հիման վրա: Նա վերջերս եղել է սուդանական «Ցտեսություն Ջուլիա» ֆիլմի գործադիր պրոդյուսերը (Մուհամեդ Կորդոֆանիի ռեժիսորական դեբյուտը), որը Սուդանի ազգային կոմիտեի կողմից առաջադրվել է «Օսկար-96»-ի մրցանակաբաշխությանը։