Լույս է տեսել «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը: «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։
Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, անվանի արվեստագետներ, կինոգործիչներ:
«Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը եզակի հրատարակություն է: Գրքում տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։ 600 էջանոց այս գրքում ժողովված են շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և այլ նյութեր։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է: Կազմողներն են Գարեգին Զաքոյանը, Մարինա Մարտիրոսյանը, հրատարակիչ՝ «Անտարես» հրատարակչություն: