Մեկնարկել է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը, որի շրջանակում կքննարկվեն ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները:

Սեմինարին մասնակցում են ԱՊՀ երկրներից կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Ոլորտի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ կքննարկեն ժամանակակից կինոինդուստրիային վերաբերող բազմաթիվ թեմաներ:

Սեմինարի նպատակն է ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ՝ կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության և նոր կինոշուկաների ստեղծման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը ողջունել է սեմինարի մասնակիցներին և ուրախությամբ նշել, որ ամեն տարի Երևանում անցկացվող այս հարթակը ծառայում է կարևորագույն նպատակի՝ միավորել ԱՊՀ երկրների կինոլորտի ներկայացուցիչներին: Նրա ընդգծմամբ՝ այս տարի նշվում է Հայ կինոյի 100-ամյակը, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների, անցկացվում է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը. «Սեմինարի օրերին կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտի մասնագետներն ԱՊՀ երկրների գործընկերների հետ համատեղ կքննարկեն ոլորտի խնդիրները, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր՝ նպաստելով ժամանակակից կինոյի բնագավառում միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Կուրվագծվի մեխանիզմների լայն շրջանակ՝ ուղղված կինոարդյունաբերության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը»։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սեմինարի մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանի կինոգործիչների միության ենթակառուցվածքներին, կլինեն Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Մատենադարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Սեմինարի մասնակիցները կծանոթանան նաև հայ կինոյի պատմությանը, անցած ճանապարհին, հայկական կինոժառանգությանը: Սվետլանա Սահակյանը հաջողություն է մաղթել սեմինարի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:

Նշենք, որ սեմինարի շրջանակում քննարկումների առանցքում են լինելու հեղինակային և հարակից իրավունքների խնդիրները, փառատոնային շարժումները՝ որպես կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող գործոններ, կինոակումբների և կինոթատրոններին առնչվող հարցեր և այլ թեմաներ: Կհնչեն բազմաթիվ զեկուցումներ, տեղի կունենան խմբային քննարկումներ, ընդհանուր նիստեր:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նաև դիտելու ԱՊՀ անդամ երկրներում արտադրված ֆիլմեր, ծանոթանալու Հայաստանում ստեղծված նոր ֆիլմերին և համատեղ քննարկելու այն: Նախատեսված են համատեղ կլոր սեղան-քննարկումներ՝ կինոփառատոների և կինոգիլդիաների ղեկավարների մասնակցությամբ:

Նշենք, որ ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով միջազգային սեմինարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ: Այն իրականացնում է «Օրացույց» գիտաստեղծագործական հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը: