Ամստերդամում ցուցադրել են  Շողակաթ Վարդանյանի ֆիլմը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եղբոր՝ Սողոմոնի որոնումների մասին։

Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցավ «1489» ֆիլմի ցուցադրությունը։ Ռեժիսորն Հայաստանից է ՝ Շողակաթ Վարդանյանը։ Կինոնկարի անվանումը այն համարանիշն է, որն ամրագրվել է նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի դիակին, որն անհետ կորել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Ղարաբաղյան վերստին թեժացած հակամարտության ժամանակ։

Ռեժիսոր-դեբյուտանտուհին սեփական հեռախոսի տեսախցիկը օգտագործելով, որոշել է նկարահանել որոնումների ողջ ընթացքն ու փաստագրել ապրումները, որոնց միջոցով ինքն ու հարազատները անցել են։ Կես տարի անց ոսկորները հայտնաբերվել են, սակայն որպեսզի որոշվեր, թե իրոք դա Սողոմոնի ոսկորներն են, հարկ է եղել անցկացնելու ԴՆԹ թեստ։ Մեկուկես տարի ընտանիքը ստիպված է եղել սպասելու թեստի արդյունքներին։ Մենք Շողակաթի հետ հանդիպեցինք Ամստերդամում և խոսել ենք կինոնկարի աշխատանքների մասին։

1489 ֆիլմ

-Դուք պրոֆեսիոնալ երաժիշտ եք։ Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք զբաղվել կինոյով։

-Ես չեմ որոշել։ Ես պարզապես հարկադրված էի։ 2020 թվականին ես սկսեցի սովորել լրագրություն և ինձ մոտ ճգնաժամ էր։ Չգիտեի ինչ անել, դադարեցի երկար ժամանակ զբաղվել երաժշտությամբ։ Սեպտեմբերին սկսվեցին մեր դասերը, իսկ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Եղբայրս արդեն բանակում էր։ Նա նույնպես երաժիշտ էր։ Ես սկզբում նրան ամենուր փնտրեցի։ Մենք չկարողացանք ոչ մի տեղեկություն գտնել։ Յոթերորդ օրը հասկացանք, որ նա կորել է։ Ոչ մի նորություն նրանից չունեինք։ Լրագրության ուսուցիչս ինձ զանգեց ու ասաց, որ վերցնեմ հեռախոսս ու սկսեմ վլոգ նկարահանել։ Պարզապես նստել հեռախոսի դիմաց ու ամեն օր պատմել, թե ինչպես եմ փորձում գտնել եղբորս։ Քանի որ այլեւս սովորել ինձ մոտ չէր ստացվում, ուզում էին ինձ հեռացնել դպրոցից։ Առաջին օրը փորձեցի, սակայն վլոգի գաղափարը ինձ առհասարակ դուր չեկավ։ Հետո ես սկսեցի պարզապես հեռախոսս ինձ հետ վերցնել շտատիվի հետ, հենց որ հանդիպելու էի ընկերներիս։ Երրորդ օրը մտա հորս արհեստանոցն ու չգիտեմ թե ինչ ներսումս կատարվեց։ Նա ինչ որ բան էր ասում եւ ես պարզապես սկսեցի նրան նկարահանել։ երբ նայեցի, հասկացա, որ պետք է շարունակեմ։ Ահա այդպես էլ սկսվեց։ Շտատիվն արագ մի կողմ դրեցի եւ հետո արդեն նկարահանում էի ձեռքով բռնած։ Ինչ որ պահի ցույց տվեցի ուսուցչիս եւ նա ասաց, որ ամեն ինչ կինոյի նման է ստացվել։ «Արա, ինչպես որ սկսել ես։ Ոչ մի բան չեմ ասելու»։ Իհարկե, մենք կատակում էին, որ եղբայրս կվերադառնա ես նրանց ցույց կտամ, թե ինչ եմ նկարել, եւ կասեմ, թե տեսնում ես, թե ոնց ես մեզ հետ վարվել։ Ընթացքում ավելի ու ավելի լուրջ սկսեցի վերաբերվել պրոցեսին։ Սկսեցի նկատել որ աշխպատում են  ուղեղս ու ձեռքերս։

-Ձեր ուսուցչուհին՝ Մարինա Ալեքսանդրովնա Ռազբեժկինան ձեզ գրել է, որ կեցցեք, արել եք ամեն ինչ յուրովի և ոչ մեկին չեք լսել։ Իսկ ձեզ ինչ որ խորհուրդներ տվել են։

Շատ բան էին ուզում փոխել։ Դա սկսվեց դեռ 2021 թվականի սկզբին, երբ ես խնդրեցի հայ մասնագետներին դիտել ֆիլմը։ Նրանք շատ էին ուզում ինձ օգնել։ Ես ինքս էլ այնպիսի վիճակում էի, որ ասես փոքր աղջիկ լինեի ու չգիտեի, թե ինչ անեմ։ Նրանք ինձ նույնպես այդպես ընկալեցին։ Ես բոլորին լսում էի ու մտածում, թե ինչի մասին են խոսում, սակայն անում էի այնպես, ինչպես ես էի ուզում։ Ամեն բան, որ ասել էին, մերժում էր ինտուիցիաս, եւ միաժամանակ նաեւ այն խիստ օգնեց ինձ հասկանալու, թե ինչ չեմ ուզում անել, եւ ինչպես եմ անելու։ Նրանց խորհուրդները ոչ միայն մոնտաժի հետ էին կապված, այլ նաեւ՝ թե ինչպես պետք է կինոնկարը պրոդյուսինգ արվի։ Բանն այն է, որ կինոնկարի ահռելի մասը նկարահանվել էր առաջին հինգ ամիսներին, այսինքն նախքան այն, երբ եկան նորություններ, որ գտել են եղբորս մասունքները։ Եւ դրանից հետո էլ բոլորն ասում էին, որ կինոնկարը ավարտված է, որ պետք է ավարտեմ։ Իսկ ինձ ինչ որ բան խանգարում էր։ Բոլոր պրոդյուսերները, որոնց ես հանդիպել էի նախքան այդ, ինչ որ այլ կերպ էին տեսնում կինոնկարը։ Նրանք շատ բան ուզում էին փոխել։ Սակայն ես զգում էի, որ նրանց չպետք է լսեմ։ եւս երկու տարի անցավ, ես ամեն ինչ նկարեցի, իսկ հետո ծանոթացա Մարինա Ալեքսանդրովնայի հետ։

-Ստացվում է, որ Մարինա Ալեքսանդրովնային արդեն պատրաստի տարբերակն եք ցույց տվել, թե նա միացել է պրոցեսին։

-Ես համարյա ունեի պատրաստի կինոնկարը, սակայն մնում էր այն նուրբ աշխատանքը եւ վերջին տեսարանների նյութը պետք է մոնտաժվեր։ Երբ ես հանդիպեցի նրան, ես միայն կինոնկարի վերջին մասն էի նկարահանում, վերջին տեսարանը, երբ մենք վերջապես կարողացանք հուղարկավորել Սողոմոնին, իմ կրտսեր եղբորն ու ամենամոտ ընկերոջը։ Մարինա Ալեքսանդրովնայի հետ վարպետության դասին մենք աշխատեցինք այդ նյութի հետ։ Սակայն դրանից հետո միեւնույնն է ահռելի քրտնաջան աշխատանք արվեց դետալների հետ կապված։ Դրա վրա մեծ ժամանակ գնաց։ Մենք աշխատում էինք Մարինա Ալեքսանդրովնայի եւ Դավիթ Ստեփանյանի հետ։ Նա տիտրերում նշված է որպես մոնտաժի խորհրդատու։ Նրան ես եւս ուշ հանդիպեցի։ Կարելի է ասել՝ պատահաբար, թեեւ մենք ծանոթ էինք, քանի որ նույն սրճարանն էինք հաճախում։ Նա հիանալի պրոֆեսիոնալ է եւ մենք նույնկերպ ենք մտածում։

-Վերջին տեսարանի հետ կապված։ Դուք նկարահանում եք դիահերձարնում, տեսնում եք ձեր եղբոր ոսկորները։ Տեխնիկապես դա ինչպես է տեղի ունեցել։ Բարդ էր թույլտվություն ստանալը։

-Կարծում եմ, որ պարզապես բախտս բերեց։ Գիտեք մեզ մոտ՝ Հայաստանում, կանայք դիահերձարան չեն գնում, որպեսզի դիակը վերցնեն։ Սակայն ես ասացի, որ կգնամ։ Սկզբում նրանք ինձ ինչ որ փոքրիկ մասնիկներ ցույց տվեցին, համարներ, հետո հայրս ինձ խնդրեց, որ մոտենամ եւ լուսանկարեմ։ Ես սկսեցի նկարել, չիմանալով, թե ինչ ենք տեսնելու։ Երբ մեզ կանչեցին ներս, ես նույնիսկ չհասկացա, թե ինչ է կատարվում։  Սակայն տեսախցիկը չանջատեցի։ Ես նկարեցի ամեն բան, եւ ամեն բան կա ֆիլմում։ Ինձ թվում է, որ նրանք մտածեցին, որ խելագարվածի մեկն եմ, սակայն ոչինչ չասացին, թույլ տվեցին, որ նկարեմ։ Այնպես որ, ոչ մի խնդիր չի եղել։

-Ինչպես եք աշխատել ծնողների հետ։ Արդյոք դժվարությամբ համաձայնվեցին դառնալ կինոնկարի հերոսները։ Եւ գիտեին արդյոք առհասարակ, որ դա ապագա ֆիլմ է լինելու։

-Եղել են պահեր, երբ օրինակ, հայրս չէր ցանկանում նկարահանվել։ Ես սկսել էի նրան նյարդայնացնել։ Այդ ժամանակ չէի նկարահանում։ Մայրս երկար ժամանակ թույլ չէր  տալիս, որ նկարեի իրեն։ Սակայն ընդհանուր առմամբ նրանք այդ ամենի մասին չէին էլ մտածում։ Չնայած, որ ծանր էր, սակայն կարծում եմ, որ նկարահանումների բուն գործընթացն ինչ որ առումով մեզ մտերմացրեց, եւ մենք ավելի թեթեւացանք։ Թեեւ կարող է պատահել, որ նրանք ավելի թեթեւացան, քանի որ ամեն պահի նրանց կողքին էի։ Ես ծնողներիս հետ այդ մասին չեմ խոսել։

-Իսկ նրանք արդյունքը տեսել են։ Դուք նրանց ցույց տվել եք ֆիլմը։

-Ավարտուն կինոնկարը տեսել է միայն մայրս։ Սեւագիր տարբերակը տեսել են երկուսն էլ։ Մայրս ասաց, որ մոնտաժը վատն է  (ծիծաղում է)։ Ամենից առաջին ռեակցիան այն էր, որ տանն իրարանցում է։ Ասում էր․ «Եթե իմանայի, որ կինոնկար ես նկարում, տանը կարգի կբերեի»։ Ավելի շատ վախենում էի հորս ցույց տալուց, քանի որ այնտեղ կադրում ծխում եմ։ Թեեւ նրանք գիտեն, որ ծխում եմ, սակայն մի տեսակ ամաչում եմ նրանցից։ Ես երբեք նրանց մոտ չեմ ծխում։ Վերջին տարբերակը հայրս չի տեսել եւ երեւի չի էլ ուզենա տեսնել։ Եթե անկեղծ, ապա ես չէի ուզում այն ցույց տալ նաեւ մորս, սակայն նա շատ ուզեց։

-Ինչպես ընդունեցին, որ կինոնկարը հայտնվել է Ամստերդամի կինոփառատոնի մրցույթում։

-Նրանք հիմա կատակում են ու ասում, որ «համաշխարհային ռեժիսոր եմ»։ Սակայն ուրախ են, որ այդ երեք տարիների աշխատանքը նման արդյունք է ունեցել։ Երբ հիշում են, թե ինչի մասին է կինոնկարը, տխրում են։ Սակայն դա թաքցնում են։ Ես էլ ցույց եմ տալիս, որ չեմ տեսնում, որ տխրում են։

-Հետաքրքիր է, որ եւ դուք, եւ ձեր եղբայրը երաժշտությամբ եք զբաղվել, սակայն կինոնկարում այն չկա։ Դա հատուկ է արված։

-Ի սկզբանե, երբ տարբեր մասնագետներ ինձ հարցնում էին, թե երաժշտություն լինելու է, միշտ այն հստակ միտքն ունեի, որ երաժշտություն չպետք է լինի։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ չպետք է ձեռք տալ այն իրականությանը, որը կա կինոնկարում։ Իսկ երաժշտությունը կարող է այդ իրականությունը կոպիտ կերպով դեֆորմացնել։

-Հիմա, սեպտեմբերյան իրադարձություններից հետո, ձեր կինոնկարը նոր արդիականություն է ստացել։ Դուք տիտրերում այդ մասին հիշատակում եք։ Այդ իրադարձությունները ձեր կինոնկարի, նրա կառուցվածքի վրա ազդել են։

-Կինոնկարի աշխատանքները համարյա ավարտվել էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում ես գրեցի այն մասին, ինչ տեղի էր ունենում։ Իմ կինոնկարը պատմում է մարդկային կյանքի մասին, որը մեծ պատմության ահեղ ժամանակահատվածում է լինում։

-Կինոնկարի աշխատանքները հոգեբանորեն ձեզ օգնեցին։ Ինչպես կարող է կինոն, ըստ ձեզ, օգնել հաղթահարելու կորուստը։

-Սկզբում, երբ ես նկարում էի, օգնում էր։ Քանի որ ամենայն հավանականությամբ, երբ նայում ես տեսախցիկի միջոցով, տեսնում ես ամեն բան մի տեսակ այլ կերպով։ ոչ միայն կանգնում ես, այլ ինչ որ բան անում ես, նկարահանում ես, եւ դա օգնում է։ Ես կենտրոնացել էի նկարահանումների վրա։ Սակայն մոնտաժի ժամանակ, հատկապես սկզբում, երբ մենք մոնտաժում էինք առաջին հինգ ամիսների նյութերը, շատ ծանր էր, քանի որ այդ ժամանակ արդեն մահվան լուրը եկել էր։ Ես ստիպված էի նյութը բազմաթիվ անգամներ վերստին նայլ եւ տեսնել, թե ինչի միջով եմ անցել եւ շարունակում անցնել։ Այն ժամանակ ինձ օգնեց ապրել այն գիտակցումը, որ ես այս կինոնկարն անում եմ եղբորս համար, եւ բոլոր այն տղաների համար, որ այնտեղ զոհվել են։ Երբ պարզապես ուզում էի պառկել վերմակի տակ ու վեր չկենալ, ես հիշում էի, թե ինչի միջով են նրանք անցել։ Փորձում էի պատկերացնել, թե ինչ են նրանք զգացել, ինչ է այնտեղ տեղի ունեցել եւ պարզապես հասկանում էի, որ չպետք է հանձնվեմ։ Եթե նրանք դրա միջով անցել են, ես էլ պետք է շարունակեմ հանուն նրանց։ Դա մի տեսակ պատերազմ էր ինքս իմ հետ։ Դիահերձարանում ես շատ մեծ ցանկություն ունեի, իջեցնել տեսախցիկը, քանի որ ես չէի հասկանում, թե ինչու եմ նկարում։ Հիմա հասկանում եմ։

Նյութի աղբյուրը

Թարգմանությունը՝ Արամ Յանինի