Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Ամստերդամի IDFA փառատոնում
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների: Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ սա աննախադեպ ձեռքբերում է և նոր նշաձողի սահմանում։
Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։ «1489» անվանումը Սողոմոնի մասունքներին տրված համարն է։
«Լավագույն ֆիլմ» մրցանակը ժյուրին այսպես է ձևակերպել. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, որը մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել։ Եվ վերջապես, սա կինոյի անմոռանալի՝ սիրո դրսևորման օրինակ է»: