Դանիել Դզնունի – «Գրել հուշեր Չարենցի մասին, այդ նշանակում է մի անգամ ևս վերհիշել հայ մեծատաղանդ պոետի կյանքի և գործունեության առանձին դրվագները, նորից ապրել նրա հախուռն ու բոցավառ կյանքով»:

Հայկինոյի հրավերով՝  1935 թվին, Մոսկվայից Երևան էր եկել կինոդրամատուրգ և սցենարիստ Էդուարդ Գրեբները: Մի օր նա ցանկություն հայտնեց մոտիկից ծանոթանալու Եղիշե Չարենցի հետ: Երբ այդ մասին ես հայտնեցի Եղիշեին, նա սիրով համաձայնվեց տեսնվել Գրեբների հետ և խնդրեց ինձ նրա հետ միասին այցելել իրեն: Երեկոյան ես և Գրեբները գնացինք Չարենցի բնակարանը:

Չարենցը նստած էր իր սենյակում մի ցածրադիր սեղանի առաջ, որի կողքին դրված էր նաև սովորական գրասեղան․ մի պատից կախած էր մի մեծ չինական գորգ, իսկ սենյակի մյուս պատերին ներքևից մինչև վերև ձգվող դարակների վրա դարսված էր պոետի հարուստ գրադարանը: Չարենցը նախ ծանոթացրեց իր կնոջ հետ, ցույց տվեց իր երեխաներին՝ Արփիկին և նորածին Անահիտին, նա խնդրեց նստել փոքր սեղանին և զրուցել՝ ըմպելով տաճկական սուրճ:

Զրույցը, իհարկե, գրականության հարցերի շուրջն էր: Խոսում էր մեծ մասամբ ինքը պոետը՝ պատասխանելով մեր հարցերին: Նրա խոսակցության նյութն էր Սովետական երկրների ժողովուրդների և առաջին հերթին ռուս ժողովրդի գրականությունը: Նա ասաց, որ ինքը մեծ հաճույք է ստանում, երբ կարդում է Պուշկինի  գրվածքները: Գրեբների հարցին, թե Պուշկինի որ գրվածքը, նա պատասխանեց․ «Այդ միևնույն է, ինձ համար թանգ է Պուշկինի գրած յուրաքանչյուր տողը: Ես սիրում եմ նույնպես և Նեկրասովին և Մայակովսկիին: Երբ ժամանակ եմ գտնում ես ուրախությամբ թարգմանում եմ Պուշկինի, Լերմոնտովի, Մայակովսկու, Նեկրասովի բանաստեղծությունները»:

Ապա զրույցի թեման դարձավ եղբայրական ժողովուրդների, հատկապես՝ վրացական և ադրբեջանական գրականության շուրջը: Չարենցը ցույց տվեց, որ ինքը տեղյակ է այդ երկու  ժողովուրդների գրականությանը: Նա մեծ սիրով էր խոսում Տ․Տաբիձեի և Պ․Յաշվիլու, Ջ․Ջաբարլու և Ս․Վուրղունի ստեղծագործության մասին: Իր մտքերը նա ամփոփեց հետևյալ բառերով․ «Անդրկովկասի ժողովուրդների եղբայրությունը ամենառեալ և հաստատուն հիմքն է երեք ռեսպուբլիկաների անխափան առաջընթացի համար սոցիալիզմի կառուցման ուղիով»:

Գրեբների այն հարցին, թե ինչու նա չի գրում սցենար կամ լիբրետո Հայկինոյի համար, Չարենցը պատասխանեց․ «Ահա այս մարդն է մեղավոր, նա Հայաստանի գրեթե բոլոր մեծ ու փոքր գրողների հետ սցենարի պայմանագիր է կնքել, իսկ ինձ հետ՝ ոչ: Երևի կարծում է, որ այդ արվեստը շատ բարձր է և իմ ուժերից վեր է»: Ուզեցի առարկել, բայց Եղիշեն ընդհատեց․ «Կատակ եմ անում, կատակ․ ես իսկապես որ լավ չեմ պատկերացնում կինոդրամատուրգիան և նրա պահանջները, իսկ եթե ցանկանան օգտագործել իմ տպված գործերը, ես պատրաստ եմ սցենար գրել որևէ ռեժիսորի հետ, թեկուզ հենց Համո Բեկնազարյանի հետ, որին ես շատ շնորհալի մարդ եմ համարում»:

Երբ խոսք եղավ եվրոպական գրականության մասին, Չարենցը մեծ ոգևորությամբ արժեքավորեց ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական և այլ կլասիկ գրականությունը: Առանձնապես կանգ առնելով Ռոմեն Ռոլանի վրա, նա իջեցրեց իր դարակից նրա երկերի առաջին հատորը և նվիրեց իմ դուստր Ֆլորային (որը նույնպես եղել էր մեզ հետ), հետևյալ մակագրությամբ․

«Սիրելի Ֆլորիկին, որ կարդա և սիրի հանճարը ու պայքարը հանճարեղ մարդու՝ հանուն կյանքի գեղեցկության: Չարենց, 1935թ․ հունիս 29»: Ֆլորան դիմեց Չարենցին այն հարցով, թե ինչ կարդա ինքը եվրոպական գրողներից: Տեղեկանալով, որ փոխադրվել է ութերորդ դասարան, Չարենցը մի քանի րոպեում կազմեց մի ցուցակ  (որը նույնությամբ պահպանվել է), որի մեջ մտնում են Հերբերտ Սետոնի, Ռեդյար Կիպլինգի, Մարկ Տվենի, Ֆրիտյոֆ Նանսենի, Դե Կրյուիի, Կլայնի առանձին գրվածքները:

Մինչև ուշ գիշեր տևեց մեր զրույցը: Վերադարձի ճանապարհին Գրեբներն ասաց․ «Չարենցը միայն ձեր պոետը չէ․նա մեր ողջ Սովետական երկրի խոշորագույն պոետն է»: Եվ ապա ավելացրեց․ «Այսօր ես ինձ զգում եմ, ինչպես տարիներ առաջ, երբ առաջին անգամ ծանոթացա հանգուցյալ Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկու հետ: Երկուսն էլ մեծ էրուդիտներ են»:

            Իմ այս հուշերի վերջին մասը ես կուզենայի նվիրել «Չարենցը և Հայկինոն» հարցին:

Հայկինոյի գործունեության առաջին շրջանում, երբ արտադրվել էին «Նամուս», «Զարե» և «Չար ոգի» նկարները և Հայկինոն արդեն ճանաչված կազմակերպություն էր, Ե․ Չարենցը մամուլում հանդես եկավ մի ընդարձակ հոդվածով Հայկինոյի մասին, որով ջանում էր ապացուցել, որ Հայաստանում կինոարվեստը զարգանալու հնարավորություն չունի, որ մենք պետք է բավականանք երկրի կինոֆիկացիայի զարգացումով և խրոնիկալ ֆիլմերի արտադրությամբ: Իր այդ միտքը Չարենցը հիմնավորում էր գլխավորապես կինոտեխնիկայի բարձր պահանջներով, ինչպես նաև մեզանում նյութական խոշոր ռեսուրսների բացակայությամբ: Անձնական հանդիպման ժամանակ մենք երկար վիճեցինք: Իմ առարկություններին, թե բոլոր ազգային ռեսպուբլիկաները սկսել են փոքրից և աստիճանաբար խորացրել իրենց կինոարվեստը, թե հնարավոր է, որ կինոգործը միավորվի միութենական մասշտաբով և այն ժամանակ ավելի հեշտ կլինի կինոտեխնիկայի և նյութական բազայի հարցի լուծումը, որ Հայ կինոն արդեն ապացուցել է, որ ինքը ունի ստեղծագործական կարող ուժեր և որ, վերջապես, մենք ունենք սքանչելի դերասանական կադրեր, Չարենցն ասաց․ – «Այդ ուրիշ բան է, եթե ընդհանուր միութենական կազմակերպություն ստեղծվի և հայկական կինոարվեստը անհրաժեշտ աջակցություն ստանա կենտրոնից, գուցե մի բան ստացվի: Բայց այդ դեպքում մի ուրիշ հարց է ծագում – իսկ ինչ կասես կինոսցենարների մասին, չէ որ Հայկինոյի հայտարարած սցենարների մրցանակաբաշխությունը դրական արդյունք չտվեց, մեր գրողները ծանոթ չեն այդ գործին և չեն կարող օգտակար լինել Հայկինոյին: Ես ասացի, որ այդ էլ կարելի է հաղթահարել և մենք արդեն դիմել ենք որոշ քայլերի, որպեսզի  ապահովենք մեր կինոարտադրությունը լիբրետոներով և սցենարներով․ «Էհ, կապրենք կտեսնենք, բայց ինձանից հույս չունենաս, ես պարզապես ի վիճակի չեմ այդ անելու և, անկեղծ ասած, մի առանձին հավատ չունեմ հայկական կինոարվեստի զարգացման նկատմամբ»:            

Դրանով էլ վերջացավ մեր այդ «վեճը» Հայաստանում կինոգործի հեռանկարների վերաբերյալ: Անցան տարիներ: Էկրանի վրա երևացին  «Խասփուշ», «Տունը հրաբխի  վրա», «Մեքսիկական դիպլոմատներ», «Երկու գիշեր», և այլ ֆիլմերը և վերջապես նկարահանվեց  Թումանյանի «Գիքորը»:

Եվ մի օր Չարենցը եկավ Հայկինո: «Հատկապես եկել եմ, – ասաց նա իր շուրջը համախմբված կինոաշխատողներին, որ իմ հիացմունքը հայտնեմ  «Գիքոր»-ի համար: Կեցցեք դուք, ես շատ հուզվեցի նկարը դիտելիս: Ձեզ լրիվ հաջողվել է օգտագործել կինոյի բոլոր հնարավորությունները էկրանի վրա պատկերելու համար անմահ Թումանյանի անմահ գործը: Ես հիմա փոխում եմ իմ կարծիքը հայկական կինոարվեստի մասին և ուզում եմ ինքս էլ պիտանի լինել ձեզ, ինչով որ կարող եմ»։

Այդ օրվանից սկսած սերտ կապ հաստատվեց Հայկինոյի սցենարական բաժնի և Չարենցի միջև: Մեր գրողներից ոմանք՝ Ա․ Բակունցը, Մ․ Մանվելյանը, Ե․ Չուբարը, Մ․ Գևորգյանը, Մ․ Դարբինյանը արդեն հանդես էին եկել արտադրված ֆիլմերում որպես սցենարիստներ կամ լիբրետիստներ, իսկ մի քանիսն էլ աշխատակցում էին որպես գրական կոնսուլտանտներ: Չարենցը ծանոթանում էր Հայկինոյի ստացած գրական մատերիալներին, տալիս էր իր եզրակացություններն ու խորհուրդները:

Առանձնապես զգալի դեր խաղաց նա «Պեպո» -ի սցենարի մշակման հարցում: Նրա գրչին է պատկանում Պեպոյի հանրահայտ երգը՝ «Դամբը ձեռիս աշխատում իմ», որի հաջողությունն ու արագ տարածվելը ժողովրդի մեջ արդյունք է հայ ժողովրդի երկու տաղանդավոր զավակների՝ Եղիշե Չարենցի և Արամ Խաչատրյանի համատեղ ստեղծագործության: Հետագայում Հայ կինոյում Ե․ Չարենցի մասնակցությամբ կոնկրետ աշխատանք տարվեց նրա «Խմբապետ Շավարշը», «Երկիր Նաիրի» և «Կապկազ թամաշա» երկերը էկրանիզացիայի ենթարկելու ուղղությամբ: Նպատակ էր դրվել այդ երեք արժեքավոր ստեղծագործությունների հիման վրա ստեղծել քաղաքական սատիրա հայ ժողովրդի ոխերիմ թշնամի՝ տխրահռչակ դաշնակցության մասին: Դժբախտաբար 1937 թվի դեպքերը խոչընդոտ հանդիսացան այդ ըստամենայնի արժեքավոր մտադրությունը իրագործելու համար: Սակայն թվում է մեզ, որ Չարենցի երկերի հիման վրա հատուկ ֆիլմ արտադրելու հարցը պետք է զբաղեցնի մեր համապատասխան կազմակերպություններին:

Գրել հուշեր Չարենցի մասին, այդ նշանակում է մի անգամ ևս վերհիշել հայ մեծատաղանդ պոետի կյանքի և գործունեության առանձին դրվագները, նորից ապրել նրա հախուռն ու բոցավառ կյանքով:

Եզրափակելով իմ հուշերը Չարենցի մասին, ես կուզեի մի անգամ ևս ընդգծել նրա հաստատ հավատը լուսավոր ապագայի նկատմամբ: Վերջին անգամ հանդիպելով նրան իր կյանքի ամենադժվար պայմաններում, ես տեսա, թե ինչպիսի վառ հեռանկարների մասին էր խոսում նա՝ սառը խոհականությամբ վերլուծելով իրադրությունը և իր հաստատ համոզմունքը հայտնելով «մեր լավ գալիքի» մասին:

Որպես այդ «լավ գալիքի» բոցավառ երգիչ էլ մնացել է Եղիշե Չարենցը իր ժամանակակիցների հիշողության մեջ:

Դ․Դզնունի