«Բաղձանքի երեք հազար տարի» կինոնկարը Ջորջ Միլլերի հիանալի արևելյան հեքիաթն է մեծահասակների համար, որտեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ ուզում է լսել: Սցենարի հիմքում ընկած է Անտոնիա Սյուզան Բայեթի «Ջինը սոխակի աչքերում» պատմվածքների ժողովածուն։ «Բաղձանքի երեք հազար տարին»  նման չէ Ջորջ Միլլերի նախորդ աշխատանքներին: Սա գրքի կինոադապտացիա է՝ էկրանավորում, որտեղ գրողը վերաիմաստավորում է դասական հեքիաթները։ Բայց կինոտարբերակը նաև հուզիչ անձնական դրամա է՝ նվիրված սիրուն և միայնությանը։ Ամեն ինչ ստացվել է նուրբ և իմաստալից:

Կան ֆիլմեր, որոք դիտելիս մեր միտքը թարմանում է։ Հենց այդպիսի ֆիլմ է «Բաղձանքի երեք հազար տարի» կինոնկարը:

Միանշանակ չէ, թե ինչ ժանրի է դասվում ֆիլմը։ Սա ֆենթազի (Fantasy) չէ, էքշն (Action) չէ, արտ հաուս (Art House) չէ և ոչ էլ՝ մելոդրամա: Սա ասք է՝ պատմական և առասպելական բնույթի պատմվածք, որը համատեղում է հետահայաց պատումը և բանաստեղծական բնույթը: Այո, «ասք» տերմինը գրականությունից է, բայց լավագույնս հարմար է այս ֆիլմի ժանրը նկարագրելու կամ բնութագրելու համար: Սա ինչ-որ չափով թատերական բեմադրություն է՝ հիմնված երկու կերպարների երկխոսության վրա։ Նրանցից մեկը պատմողն է, մյուսը՝ ունկնդիրը։ Պատմությունը ներկայացնող Ջինը (Իդրիս Էլբա)՝ ունկնդրին (Թիլդա Սուինթոնին) և մեզ տանում է ժամանակի հոսքի միջով՝ պիեսի դեկորացիաների նման փոխելով տեսարանները:

Գլխավոր հերոսը՝ Ալեթեան, որին մարմնավորում է Թիլդա Սուինթոնը, աշխատում է որպես պատմաբան. նա ուսումնասիրում է տարբեր մշակույթների լեգենդներ, առասպելներ և պատմություններ։ Ուրիշների պատմությունների վրա աշխատելը նրա ամբողջ կյանքի գործն է: Իրեն դա ձեռք է տալիս, ինչպես և ձեռք է տալիս մենությունը, քանի որ նախկինում աշխարհից կտրված լինելու պատճառով նա արդեն անհաջող ամուսնություն է ունեցել։ Նա ապրում է միայնակ և պնդում է, որ իրեն լավ է զգում ր հետ սեփական ընկերությամբ։ Մասնագիտության բերումով նա մասնակցում է տարբեր գիտաժողովների, որտեղ խոսում է իր հայտնագործությունների մասին։ Եվ ահա իր գործուղումներից մեկի ժամանակ հայտնվում է Ստամբուլում։ Դասախոսությունից հետո գնալով տեղի շուկա՝ Ալեթեան մի փոքրիկ անոթ է գտնում զարդերի կույտի մեջ։ Չգիտես ինչու, հենց այդ առարկան՝ թեթևակի ծուռ ու անկատար, գրավեց նրա ուշադրությունը։ Նա շուկայից այդ հին շիշը գնում է, որպես հուշանվեր։ Փորձելով լվանալ այն՝ կինը պատահաբար ազատում է այդ անոթի բանտարկյալին, առեղծվածային և սկզբում նույնիսկ թեթևակի վախ ներշնչող առասպելական ջինին, որին շատ տպավորիչ մարմնավորում է Իդրիս Էլբան: Դե, այնքան էլ չի ազատում, որպեսզի ամբողջովին արձակի նրան շշից, նա պետք է երեք ցանկություն կատարի նրա համար: Բայց Ալեթեյան չի շտապում ցանկություն պահել, կյանքում ամեն ինչ գոհացնում է նրան։ Այնուհետև նրա վրա ազդելու ակնկալիքով ջինը պատմում է, այդ թվում՝ վիզուալ կերպով, պատմություններ իր կյանքից՝ Ալեթեյայի և կինոդիտողի համար բացելով մարդկային զգացմունքների աշխարհը։

Դիտողն առաջնորդվում է ֆիլմում հնչող հավերժական փիլիսոփայական հարցերով, բայց միայնության թեման բաց է մնում։ Սա որոշ իմաստով ճամփորդություն է լեգենդների ու հեքիաթների միջով՝ համընդհանուր, միասնական մեկ բան փնտրելու համար։ Անկախ նրանից, թե ով է այդ մարդը՝ թագավոր, թե հարճ, բոլոր մարդիկ ունեն տարբեր վախեր, նմանատիպ կարիքներ, բոլորին գրեթե նույն բանն է պետք՝ անկախ սոցիալական կարգավիճակից, սեռից և ապրելու ժամանակաշրջանից:

Վերադառնանք ցանկություններին. բոլոր պատմություններում մարդիկ ունեն ցունկություններ, որոնք երազում են իրականացնել: Ալեթեան փորձառու պատմաբան է, որը գիտի, որ ցանկությունների տակ միշտ ստորջրյա քարեր կան: Իսկ նա ընդհանրապես, ցանկություններ չունի. կարծում է, որ իր կյանքում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Այս աշխարհայացքը բոլորովին ձեռք չի տալիս ջինին։ Նա վստահ է, որ առանց ցանկությունների մարդը մահացած է։ Ալեթեան մոռանում է, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ բան է ցանկանում։ Իսկ Ջինը մանրամասն ակնարկում է նրան այդ մասին։ Կարծիքների այս դիմակայությունից էլ զրույց է ծնվում երկու մարդկանց միջև, որոնք կիսում են իրենց պատմությունները, և նրանց երկխոսությունը զբաղեցնում է ֆիլմի մեծ մասը: Հիմնական գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի համարում, և միայն հերոսների պատմություններն ու երաժշտական ​​նվագակցությունն են մեզ տանում այլ երկրներ ու ժամանակներ։

Ֆիլմը բաժանված է երեք պատմության. առաջինը բիբլիական թագավորի մասին է, երկրորդը՝ սուլթանի, և երրորդը ծագել է 19-րդ դարում։ Այսպիսով, մենք ունենք երեք պատմություն՝ ընդհանուր նարատիվով և բարոյականության ներառմամբ: Հորինվածքներն ու իրադարձությունները հերոսների գործողությունների և հույզերի միջոցով բարձրացնում են սրբության շղարշը, բայց յուրաքանչյուր դիտող յուրովի կհասկանա միայնության իմաստը:

Ֆիլմում բարձրացվում է սիրո չարժանացած վտարանդիների թեման: Սա նաև փիլիսոփայական առակ է ազատ կամքի մասին։ Ըստ էության, ներկայացված է երկու ֆիլմ՝ միավորված մեկում: Մի կողմից, գլխավոր հերոսի և Ջինի զրույցի տեսարաններն արված են հեղինակային «խոսակցական» դրամաների լավագույն ավանդույթներում և շատ նուրբ կերպով նմանակում են լիրիկական սիրո պատմություն։ Մյուս կողմից էլ, Ջինի երեք պատմություններով տեսարանները հեքիաթների լավագույն ավանդույթներով են ներկայացված` պարզապես, զարմացնելով էկրանի վրա կատարվող գործողության խելահեղ գեղեցկությամբ: Կադրի կոմպոզիցիան, բեմադրությունը, գունապնակը և մնացած ամեն ինչը միասին ստեղծում են իսկական արվեստի գործի և աչքի համար խնջույքի տպավորություն, որը հեշտությամբ կարելի է անվանել լավագույնը այս ֆիլմում։ Նրանում կա անորսալի կախարդանք, քանի որ պատահական չէ, որ ուշադրությունը ոչ մի պահ չի թուլանում, թեև գործողությունն ամբողջությամբ կենտրոնացած է այս երկու հերոսների խորը և, ըստ էության, ոչ այնքան պարզ երկխոսության վրա։

Այս ֆիլմը հեքիաթների և հրաշքների մասին է։ Ամենասկզբում հենց այս մասին է խոսում մեր հերոսուհին։ Նա է պատմում գործի ամբողջ էուությունը առաջին իսկ րոպեներից։ Ջիները սիրում են պատմություններ, նրանք ապրում են, որպեսզի իմանան դրանք և պատմեն միմյանց իրենց իսկ աշխարհում: Ալեթեան իր ամբողջ կյանքում պատմություններ է հավաքել, գիտի հազարավորները դրանցից, գիտի, թե ինչպես են դրանք միահյուսվում ու հոսում մեկը մյուսի մեջ, գիտի դրանց արժեքը, օրենքներն ու կանոնները։ Մարդիկ, ինչպես և Ջիները, ցանկանում են պատմություններ և չեն կարող ապրել առանց դրանց: Մարդիկ, ինչպես և ջիները, սիրում են պատմություններ պատմել և ապրել դրանցով:

Ջինը մեզ ասում է, որ պատմություններն ամենակարևորն են մեր կյանքում, և նա դրանք պատմում է ամբողջ ֆիլմի ընթացքում: Հնագույն ժամանակների, Սողոմոն թագավորի, իսկական սիրո և դավաճանության մասին իր պատմություններով նա կարողացավ Ալիթեայի մեջ արթնացնել խորը միայնության քնած զգացումը, որը կարող է արթնացնել և ցանկացած կինոդիտողի մեջ, որն այս պատմությունը վերապրում է այնպես, ինչպես հարկն է: Եվ դա անելու համար դուք պետք է ամբողջությամբ ընկղմվեք այս կախարդական և վտանգավոր, գեղեցիկ և տգեղ, առեղծվածային և արյունոտ հեքիաթի մեջ, որը լցված է կախարդական մեղեդիով:

Իսկ հեքիաթը լավն է, երբ պատմվում է հոգով, բառի ամեն ակնթարթն ապրելով ու երևակայության անցողիկ թռիչքով: Իսկ Ջինի դերակատար տաղանդավոր դերասան Իդրիս Էլբան պարզապես փայլուն հաղթահարեց դա, նա ոչ այնքան խաղաց, որքան վերապրեց իր կերպարը էկրանին։ Նրա խաղացած Ջինն այնքան հետաքրքիր է պատմում, որ պարզապես չես ուզում, որ այդ անվերջ պատմությունները և, ընդհանրապես, ֆիլմն ամբողջությամբ ավարտվեն: Ֆիլմը և ամբողջ պատմությունը բառացիորեն կլանում են հանդիսատեսին՝ ստիպելով նրան մոռանալ, թե որտեղ է գտնվում այն դիտելիս: Այնքան հետաքրքիր ու խորն է նկարահանված կինոյի տվյալ գլուխգործոցը։

Նա իսկապես հանճարեղ ջին է: Կերպարը շատ է տառապել երկար տարիներ ազատազրկված լինելով և միշտ գիտի ցանկությունների արժեքը։ Այսպես, հինավուրց մի ջին, որը մի փոքր հոգնած էր անոթի մեջ երկար բանտարկությունից, երկար զրույցներ է ունենում ժամանակակից արևմտյան կնոջ հետ: Սովորաբար, նման դեպքերում Ջին-հերոսները հազվադեպ են իրենց նախկին տերերի մասին պատմում բոլոր գույներով։ Եվ,  նամանավանդ, սեփական զգացմունքների մասին` իգական սեռի նկատմամբ:

Իդրիս Էլբան պետք է պատկերեր հզոր, սակայն վախեցած արարածի` բավականին բարդ խնդիր, բայց նա դա փայլուն կատարեց։ Իդրիս Էլբան շատ ներդաշնակորեն է ներմուծում իր ձայնը պատմության մեջ՝ ցուցադրելով ոչ միայն լավ աշխատանք այս փայլուն դերասանուհու հետ համատեղ, այլև շատ հարուստ դերասանական ունակություններ։ Այսպիսով, անսպասելի վառ բրուտալը պարզվում է նաև, որ նուրբ դերասան է՝ դերասանական հարուստ հնարավորություններով, ինչն ինքնին ֆիլմի անվերապահ հաջողությունն է։

Կարևոր է նաև նշել, որ Իդրիս Էլբայի կերպարի պատմությունները դառնում են մի տեսակ ելք Ալեթեայի համար, և Ջորջ Միլլերը միտումնավոր կենտրոնանում է դրա վրա, քանի որ իրական աշխարհը ցուցադրվում է փոքր փողոցներով, հյուրանոցային սենյակով, ծաղրանկարված հարևանների և Ալեթեայի գործընկերների միջոցով, որոնց դիտողը նույնիսկ ժամանակ չունի հիշելու, բայց պատմություններում՝ թագավորներ, մարտեր, լայն փողոցներ, պալատների ցուցադրություններ և շատ մարդիկ, որոնք հերոսուհու համար ավելի կենդանի են թվում, քան իր ամբողջ շրջապատը:

Ի դեպ, այն փաստը, որ հյուրանոցի համարը նույնն է, որում Ագաթա Քրիստին գրել է «Սպանություն Արևելյան ճեպընթացում», պաշտոնական դեր չի խաղում սյուժեում, այլ աշխատում է պատմությունների ընդհանուր գաղափարի և հերոսուհու համար դրանց կարևորության ուղղությամբ:

Ֆիլմի հենց սկզբից ռեժիսորը խաղում է դիտողի հետ։

Երբ Ալեթեան թռչում է Ստամբուլ՝ առասպելների և լեգենդների մասին դասախոսության, օդանավակայանում նրան դիմավորում է մի տարօրինակ մարդ, որ նման էր հեքիաթների շուկաներից եկած թզուկի: Ավելի ուշ, երբ գործընկերների հետ մեքենայում է, Ալեթեան ուղղակիորեն նայում է հանդիսատեսին և հարցնում. «Տեսա՞ր այդ մարդուն»: Թիլդան այնքան ուշադիր է նայում, որ, կամա, թե` ակամա, կարող է ինքն իրեն պատասխանելու ցանկություն առաջանալ, բայց մենք արագ հասկանում ենք, որ նա դիմում էր իր ընկերներին։ Հանգիստ, բայց, այնուամենայնիվ, «չորրորդ պատի» հիշվող ճեղքում։

Ֆիլմը երկար ժամանակ ուշադրություն է կենտրոնացնում այն մանր դետալների վրա, ինչպես օրինակ՝ փոշու բծերը օդում մինչև հերոսուհու վերջին ցանկությունը կամ նույն աղամանը՝ տուն թռիչքից առաջ: Մթության միջով սովորական անցումները կադրից` կադր ստիպում են ձեզ մի վայրկյան մտածել, թե ինչ է տեղի ունեցել ֆիլմում:

Սյուժեն հեքիաթային է, և, համապատասխանաբար, միշտ չէ, որ ենթարկվում է ֆորմալ տրամաբանությանը: Որոշ շրջադարձեր շատ աննկատ են, քանի որ կարիք չկա հեքիաթը ճշմարտանման դարձնելու, ինչը զարմանք է առաջացնում և ֆիլմը շատ տարբեր է դարձնում սյուժեի համաձայն մշակվող ստանդարտ ֆիլմերից, որոնց օրենքներն արդեն քաջ հայտնի ենդիտողներին։ Տեսալսողական և բանաստեղծական` էպիկական մի բան այստեղ վեր է դասվում ամեն ինչից:

Ռեժիսորը շատ անկեղծ պատմություն է նկարել՝ հոգեհարազատ ընկերոջ որոնման մասին։ Սա տեսանելի է յուրաքանչյուր կադրում, յուրաքանչյուր պատկերում, իզուր չէ, որ մեր հերոսները վառ և մաքուր հագուստով են, խալաթները պատեհաբար խորհրդանշում են նրանց մաքրությունն ու անկեղծությունը։

Սա ֆիլմ է լիակատար, հարմարավետ մենակության մասին: Սա ֆիլմ է մարդկանց կյանքի պատմությունների,  առասպելական և իրականությանը հնարավորինս մոտ պատմությունների, թագավորական անձանց և գրեթե սովորական մարդկանց մասին: Սա դեռևս հուզիչ և շատ գեղեցիկ հեքիաթ է աշխարհը և մեզ ճանաչելու մասին: Տարատեսակ դեկորացիաներ, հնագույն ժողովուրդների կյանք, կարճատև մարտեր՝ այս ամենը միավորվում է գայթակղիչ պատմության մեջ, որն արժե դիտել:

Ընդհանուր առմամբ, սա կախարդական պատմություն է գեղեցիկ պատկերներով, թարմ սյուժեով և հրաշալի դերասաններով, որոնց կատարումներին դուք անվերապահորեն հավատում և կարեկցում եք. Տաղանդավոր Թիլդա Սուինթոնը, որ կարողացել է փոխանցել  իր սեփական համոզմունքների ողջ իմաստությունն ու կոշտ լինելը և պարզապես յուրահատուկ ու խարիզմատիկ Իդրիս Էլբան, որի դերասանական բազմակողմանիությունն արդեն նշել ենք: Այս դեպքում, մեր համեստ կարծիքով, սա մի կինոնկար է, որում մենակատար դեր է խաղացել պատմությունը և, որ ամենակարևորն է` դերասանական փայլուն դուետը։

Տեխնիկական առումով ամեն ինչ նույնպես լավ է, պատկերը հյութեղ է ու պայծառ, համապատասխանում է մեր ուղղակի հոյակապ գլխավոր հերոսին։ Հիանալի կադրեր և լուսային աշխատանք. օպերատորը Ջոն Սիլն է։ Մոնտաժը դինամիկ է, որպեսզի համապատասխանի պատկերաշարին: Երաժշտությունը հաճելի է և միշտ թեմային համահունչ: Ֆանտաստիկ գրաֆիկա, մանրակրկիտ մշակված կոստյումներ, կադրի կատարյալ երկրաչափություն մեծահասակների համար հեքիաթում՝ բարոյականությամբ, որը յուրաքանչյուրն ինքն է իր համար հորինում:

Այս ֆիլմը լիովին խախտում է ժամանակակից կինոյի սահմանները։ Ուրախալի է, որ այն չի գռեհկացվել կամ փաթեթավորվել ժամանակակից հանդուրժողականությամբ, այն նկարահանված է քաղաքավարությամբ, զսպվածությամբ և հոգատարությամբ: Միլլերի աշխատանքը հետաքրքիր է, քանի որ այն կտրվում է կինոյի վերջին միտումներից՝ մարտաֆիլմեր, սարսափ ֆիլմեր, դետեկտիվ ֆիլմեր: Մեծ էկրանին վաղուց չեն եղել գործեր, որոնցում գլխավոր հերոսները սովորում են ընդունել թե՛ իրենց, թե՛ մեկը մյուսի մենակությունը և անկեղծորեն հավատալ հեքիաթներին ու լեգենդներին, որպեսզի դրանք շարունակեն ապրել։ «Բաղձանքի երեք հազար տարին» աներևակայելի գեղեցիկ ֆիլմ է՝ իր յուրահատուկ հնչողությամբ և ռոմանտիկ հայացքով: Դա ֆիլմ-կարեկցանք է, ֆիլմ-հոգեվիճակ է` ֆիլմ-վերապրում։

Ֆիլմը հեքիաթի ձևով պատմում է մեզ, որ գիտությունն ու առաջընթացը դուրս են մղել կախարդանքը մեր կյանքից, որ կախարդանքի համար դժվար է գտնվել մեծ քաղաքում, որտեղ կան շատ ձայներ, եռուզեռ, ռադիոալիքներ և այլ տեղեկատվական աղմուկ: Սա ֆիլմ է արդիականության մասին։ Այն մասին, թե ինչպես են առասպելներն ու հեքիաթները լքում մեզ՝ քաղաքաբնակներիս, ինչպես հրաշքների հանդեպ հավատը փոխարինվում է տեխնոլոգիաների հանդեպ հավատով։

Ֆիլմը փիլիսոփայական է և ստիպում է մտածել շատ բաների մասին։

Այս ֆիլմն անսահման է, ինչպես հենց Ջինի պատմությունները, դրանք մեր կյանքում ամենահիասքանչ բանն են, պատմությունն ինքնին մեզ հետաքրքրությամբ է լցնում: Պարզապես գեղեցիկ, հանգիստ, կատարյալ, բայց և` համեղահամ կինոգլուխգործոց։

Պատրաստեց Արման Գրիգորյանը