«Մոսկվա» կինոթատրոնում` նոյեմբերի 23-ին, կայացել է   «Դավթի այգին» լիամետրաժ վավերագրական ֆիլմի փակ դիտումը։ Ֆիլմը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Դավիթ Ուզունյանին, ով տարիներ առաջ դիտելով Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը և տեսնելով ֆիլմի վերջում այն հրաշք այգին, որը նվիրում է Ազատը մայրիկին, խոստանում է, որ երբ հարստանա նման մի այգի կնվիրի իր մայրիկին:

Ցավոք, Դավիթը չվերադարձավ, սակայն իր երազանքն այսօր իրականություն դարձրեց նրա հայրը՝ Բագրատ Ուզունյանը, Քանաքեռավանում ստեղծելով Դավիթի երազած այգին Դադիտունը, ուր յուրաքանչյուր պտղատու ծառ կրում է մեր հերոսներից մեկի անունը:

Դավիթը միշտ ամեն ինչում ձգտել է լինել առաջինը, ընդորում ինքը ծնվել էր 2001 թվականի հունվարի 1-ին և պաշտոնապես Հայաստանում ճանաչվել է 21-րդ դարի առաջին ծնունդ: Երբ Ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Ուզունյանը պետք է մեկներ ծառայության, մինչ այդ ավտովթարի էր ենթարկվել: Մեկնեց ծառայության կոտրված ձեռքով: Լինելով ֆուտբոլիստ, հրաժարվեց ծառայել սպորտային վաշտում, ասելով, եթե ես ֆուտբոլ խաղամ բանակում, ով պետք է պոստերը պահի:

Ահա այսպիսին էր 19-ամյա Դավիթ Ուզունյանը:

«Դավթի այգին» ֆիլմը նկարահանել է «Order film production»-ը երեք տարի: Սա երիտասարդ ռեժիսոր Գարուշ Ղազարյանի առաջին վավերագրական ֆիլմն է: Ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և դիպլոմային աշխատանքը «Իմ սև սիրտը»  ֆիլմը մեծ տարածում գտավ միջազգային կինոփառատոներում, ստանալով բազմաթիվ մրցանակներ։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ալինա Օրդյանն ու Սառա Նալբանդյանը, բեմադրող օպերատորները՝ Վահե Տերտերյանը, Ֆրունզիկ Զաքարյանը, Էդգար Հարությունյանը, երաժշտության հեղինակը Դավիթ Դավթյանն է, գործադիր պրոդյուսերը՝ Անի Օրդյանը, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը: «Դավթի այգին» ֆիլմի նախագիծը Վիլնյուսի «Vilnius meeting point» կինոհարթակում արժանացել է հեղինակավոր Յիհլավայի միջազգային կինոփառատոնի «New vision» մրցանակին։

Դավիթը ծառայելու էր Եղնիկներում։ Վերջին անգամ ծնողները սեպտեմբերի 26–ին են տեսել որդուն։ Վերադարձել են Երևան ու հաջորդ առավոտ լսել պատերազմի լուրը։ Մարտական ընկերները պատմում են, որ 19-ամյա Դավիթը դեմ առ դեմ կռիվ է տվել թշնամու դեմ՝  հետ մղել դիվերսիոն հարձակումը։ Պատերազմի 5-րդ օրը նա զոհվել է կասետային ռումբի հարվածից։