Ատոմ Էգոյանի «Յոթ շղարշ» ֆիլմում արվեստն ու կյանքն անքակտելիորեն միաձուլված են, այն վերաիմաստավորում է Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերան. սա հավակնոտ, վիզուալ արբեցնող գործ է, որը գրեթե նույնքան բազմաշերտ է, որքան աստվածաշնչյան արքայադստեր հայտնի պարային առօրյան:

Վերջին տարիներին Ատոմ Էգոյանը պայքարում էր՝ վերականգնվելու 1997 թվականի «Լուսավոր գալիք» ֆիլմի հաջողությունից հետո։ Այսպես, կինոռեժիսորը վերադառնում է իր սիրելի թեմաներին՝ օտարություն և ընտանեկան բարդ հարաբերություններ։ Այս ֆիլմը ստեղծելիս նա ոգեշնչվել է նաև Կանադական օպերայում ռեժիսորական փորձառությունից։ «Յոթ շղարշ»-ում Էգոյանը միահյուսում է օպերայի կուլիսային պատմությունները և երիտասարդ ռեժիսորի (Ամանդա Սեյֆրիդ) կյանքը, որը պետք է իր հետքը թողնի օպերային արվեստում՝ միաժամանակ պայքարելով ներքին դևերի դեմ։

Atom Egoyan

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ «Յոթ շղարշը», որ չափազանց թատերականացված ֆիլմ է, Էգոյանին վերադարձնում է իր հարմարավետության գոտի՝ միաժամանակ թույլ տալով նրան հետազոտել ավելի ժամանակակից խնդիրներ, ինչպես, օրինակ, մշակութային ապրոպրիացիան:

Seven Vails

Սեյֆրիդը, որ նկարահանվել է Էգոյանի 2009 թվականի ոչ միանշանակ ընդունված «Քլոե» թրիլլերում, հմտորեն արտացոլում և վերապրում է իր կերպարի՝ Ժանինի բարդ էությունը, որին առաջարկել են շարունակել իր հանգուցյալ մենթոր Չարլիի գործը և աշխատել «Սալոմե» օպերայի բեմադրության վրա: Հատկանշական է, որ Ժանինը մասնագիտական և անձնական բարդ հարաբերություններ է ունեցել Չարլիի հետ: Ժանինը փորձում է հաշվի առնել նախկինում Չարլիի արած աշխատանքը, միաժամանակ առաջ տանել սեփական տեսլականը և բեմադրության մեջ որոշ փոփոխություններ անել, ինչը հանգեցնում է արտիստների և ղեկավարության հետ տարաձայնությունների: Սակայն Ժանինը չի հանձնվում: Այս փորձառությունն աստիճանաբար շերտազատում է Ժանինի՝ տևական ժամանակ թաքնված տրավմաները, որոնք, իրենց հերթին, ազդում են ապագա բեմադրության տրամաբանության վրա:

Seven Vails

Կուլիսային դրամաներից զատ իրավիճակը «բարդացնում է» նաև թատերական դեկորացիաների գծով մենեջեր Կլեան (Ռեբեկա Լիդիարդ), որը ցանկանում է առաջ տանել ընկերուհուն՝ Ռեյչելին (Վինեսսա Անտուան). վերջինս դերասանուհի է և ցանկանում է ուշադրության կենտրոնում հայտնվել ու ստանալ Սալոմեի դերը:

seven-veils

Ինչ վերաբերում է Ժանինի անձնական կյանքին… Նա կասկածում է, որ ամուսինը՝ Փոլը (Մարկ Օ՛Բրայեն), սիրավեպ ունի իր տարեց մորը խնամողի հետ: Փորձերի ընթացքում էլ Ժանինը հասկանում է, որ զգացմունքներ ունի վաղեմի ընկերոջ՝ Լյուկի (Դուգլաս Սմիթ) հանդեպ, որը փոխարինում է Հովհաննես Մկրտչի դերակատարին: Աստիճանաբար Ժանինը սկսում է մտածել՝ գուցե իր կյանքը չափից շատ է խճճված:

Էգոյանն ու նրա մուսան հմտորեն խաղում են Ժանինի կերպարի հետ՝ միահյուսելով թատերակաան առօրյան, փորձերը և Ժանինի ներսում պայքարող երկու տարբեր աշխարները, ներքին քաոսը:

Ըստ էության, Սեյֆրենդը, որի կերպարը թե՛ օպերայում, թե՛ իր խճճված կյանքում ընդամենը հանդիսատեսի դերում է, տպավորիչ կերպով փոխանցում է խլացած, ճնշված հույզերը: Ու դա նրան հաջողվում է անել նույնիսկ առանց շատախոսության ու ծանրացնող երկխոսությունների: Ուշադրության է արժանի այն փաստը, որ ֆիլմի նկարահանումներին ներգրավվել են Ամբուր Բրեյդը և Միխաէլ Կուպֆեր-Ռադեցկին, որոնք խաղացել են Էգոյանի «Սալոմե» բեմադրության մեջ: Սակայն ֆիլմում նրանց մտացածին կերպարների են մարմնավորում: Ռադեցկին էլ ակնհայտորեն հաճույք է ստանում Յոհանի՝ ինքնահավան, ցանկամոլ արտիստի դերից:

Ֆիլիպ Բարկերի (Production Design) աշխատանքը փառահեղ է ու ճոխ, երբեմն նույնիսկ սահմռկեցուցիչ՝ գերմանական էքսպրեսիոնիզմի տարրերով ու ցիտատներով: Իսկ Մայքլ Դանայի խիստ, ինքնաբավ երաժշտությունը նույնիսկ չի փորձում մրցակցել օպերային փթթուն մասշտաբային մշակույթի հետ:

Աղբյուր

Թարգմանությունը՝ Դիանա Գասպարյանի