Նա հազվադեպ է խոսում, բայց  ամեն բառը բյուրեղացած-զտված է տասնամյակների ապրածից, տեսածից, զգացածից։ «Դու ֆիլմեր արա ու լռիր» փելեշյանական թևավոր խոսքը դարձել է հուշագրության խորագիր։ Իր իսկ հուշագրության։

Համաշխարհային կինոյի մերօրյա լեգենդ Արտավազդ Փելեշյանը ծանրակշիռ կինոժառանգություն ստեղծելուց, մասնագիտական գրականություն հեղինակելուց, տիեզերական երևույթների սեփական հետազոտության հիման վրա գիրք գրելուց բացի, իր ապրածը, գլխով անցածն ամփոփել է հուշագրություն-ժողովածուում։ Մասնավորապես կինոյի մարդկանց, կինոյի ճանապարհն ընտրած երիտասարդների ու ընդհանրապես բոլորիս համար Փելեշյանի ինքնակենսագրական պատմություններն այն արժեքն են ունենալու, ինչ եթե կարդայինք Փարաջանովի, Գուերայի, Պազոլինիի, Ֆելինիի, Չապլինի ինքնակենսագրական հուշապատումները։

Գիրքը նոր է լույս տեսել, իսկ առջևում այն արժևորելու, մեր գրադարաններում  բոլոր ժամանակաների Մեծերի «Ոսկե ֆոնդում» այն ներառելու նվիրական պահն է գալու։

«Դու ֆիլմեր արա ու լռիր» հուշապատումի շնորհանդեսը «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում էր։  Երանելի պահ է, երբ համաշխարհային մեծությունը գիրք է գրում ու ինքն էլ ներկա է իր գրածի շնորհանդեսին։ Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ՝  500 օրինակ տպաքանակով։

Արտավազդ Փելեշյանն իր հուշապատումն սկսել է ՎԳԻԿ ընդունվելու դիպվածով և ավարտել «Վերջաբանի» այս գրությամբ. «30 տարի է ես ֆիլմ չեմ նկարել, բացի «Բնությունից»։ Վերջերս ինձ հաջողվեց նաև 3 գիրք հրատարակել՝ «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը և «Իմ Տիեզերքը և դաշտի միասնական տեսություն» գիրքը՝ ռուսերեն և անգլերեն։ Մի զարմանալի բան կա. ուսանողական տարիներին 5 տարվա ընթացքում ես 5 ֆիլմ արեցի»։

Այս վերջին նախադասությունն արտահայտում է Վարպետի ցավն ու դառնությունը՝ 5 տարում 5 ֆիլմ է արել, իսկ վերջին 30 տարում՝ միյան մեկը՝ «Բնությունը»։ Նա շարունակում է. «Ինստիտուտից հետո արտադրությունում նույնպես 5 ֆիլմ եմ արել, բայց այս անգամ՝ 50 տարվա ընթացքում»։

Վերջ. այս մի հատիկ նախադասությամբ նրա ֆիլմ չնկարելու   ու մեր՝ փելաշյանական նոր գլուխգործոց-ֆիլմերից զրկվելու   ողբերգությունն ամբողջանում է։

«Առնվազն կես տարի սպասել ենք, որպեսզի այս հանդիպումն ու գրքի շնորհանդեսը իրականանան։ Վարպետի խոսքը հազվադեպ է, բայց իր հազվադեպությամբ է՛լ ավելի արժեքավոր  է դարձնում ասված ամեն բառը։ Ժամանակները բարդ  են, տրամադրությունները՝ նույնպես, բայց հենց այս օրերին ավելի կարևոր է, որ մենք խոսենք արվեստից, մշակույթից, արժևորենք մեր ունեցածն ու դրա միջոցով ուժ ստանանք՝ հաղթահարելու  բոլոր մարտահրավերները։

Սիրելի՛ Վարպետ, Ձեր արվեստն էլ մեզ առաջ գնալու ուժ է տալիս, և սերունդները պետք է գնահատեն։

Մենք այսօր պետք է ստեղծենք այն հնարավորությունները, որոնք  շարունակելու են  սերունդներին կապել Ձեր  մեծ ժառանգությանը։ Ամենակարևորը մարդկանց արժևորելն է, երբ նրանք մեր կողքին են»,- գրքի շնորհանդեսի առիթով Արտավազդ Փելեշյանին շնորհավորելով՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ պետությունը մտադիր է Արտավազդ Փելեշյանի անունով կինոդպրոց բացել, որպեսզի իրենց ապագան կինոաշխարհում տեսնող ուսանողներն այնտեղ դասեր առնեն, սովորեն փելեշյանական կինոյի լեզուն ու հնարքները։ Ներկաներին հատկապես ոգևորեց Հայաստանում Արտավազդ Փելեշյանի անվան  կինոդպրոց բացելու գաղափարը, որովհետև բոլորիս է պարզ՝ որ երկիրն ու ազգն այսօր արտավազդ Փելեշյան ունենային, նրա անվան հետ կկապվեին բազմաթիվ կինո և կրթական նախաձեռնություններ, այդ պետությունը կդառնար ժամանակակից կինոաշխարհի ուշադրության կենտրոնը։

«Դու ֆիլմեր արա ու լռիր» հուշապատումի շնորհանդեսի առիթով Վարպետին իրենց ակնածանքի խոսքն ասացին նաև կինոգետները։ Անետա Երզնկյանը հիշեց իր վաղ մանկության տարիները, երբ հոր՝ կինոռեժիոսր Յուրի Երզնկյանի հետ գնացել է տարբեր հանդիպումների ու տեսել նաև Արտավազդ Փելեշյանին։

«Ես աչքերս բացել եմ  ու տեսել Արտավազդ Փելեշյանի և հորս հանդիպումները։ Հայրս, որ շատ լավ էր տարբերում կինոյի լավն ու վատը, Փելեշյանի առաջին՝ «Լեռնային պարեկ» ֆիլմը տեսնելով՝ ասաց՝ Հանճար է ծնվել։ Դա 1964 թվականն էր։ Ես այդ ֆիլմի դիտմանը ներկա էի, շատ հուզված էի, որովհետև նոր էի բացահայտոմ կինոն, իսկ փելեշյանական կինոն բացում էր իմ մտահորիզոնը։ Ես բացահայտեցի, որ լավագույն ֆիլմերը սև-սպիտակ են ու պետք է լինեն անձայն»,-կինոյի ու փելեշյանական կինոյի համադրումների մասին ասաց Անետա Երզնկյանը։ Նա նաև անձնական հիշողություններ պատմեց Արտավազդ Փելեշյանից. Վարպետի հետ ամեն հանդիպումը խորախես դաջվել է նրա հիշողության մեջ և հարստացրել նրա հոգևոր ներաշխարհը։ Անետա Երզնկյանը հիշեցրեց, թե ինչպես է կես դարից ավելի  ռուս և համաշխարհային մամուլն արժևորել ու մեծարել Վարպետի կինոարվեստը՝ նրան անվանելով կինոյի հանճար, կենդանի դասական, Փարաջանովի ձևակերպումը՝ բացառիկ տաղանդ…

Վարպետին մինչ այժմ այնքան ճիշտ բնորուշմներ են տվել, բայց կինոգետ Սիրանույշ Գալստյանն առանձնացրեց Գոդֆրի Ռեջիոյի խոսքերը՝ Արտավազդ Փելեշյանը կինոյի Լեոնարդո Դա Վինչին է։

«Ձեզ անվանել են կինոյի Ալքիմիկոս։ Եվ հատկապես  Ձեր վերջին՝ «Բնություն» ֆիլմն ավելի հաստատեց, որ Դուք կինոյի Ալքիմիկոս եք։ Բնության աղետների, կատակլիզմների  տեսանյութերը, կադրերը կերպարանափոխվեցին, երբ Դուք համադրեցիք դրանք և ստեղծեցիք մի մեծ կտավ։  Դուք փոխում եք նկարահանված կադրերի բաղադրությունը, իսկ դա հրաշագործություն է։

Ձեր «Իմ կինոն», որը Անելկա Գրիգորյանի հիանալի առաջաբանով լույս է տեսել 1988-ին, սկիզբն էր այն գրական ժառանգության, որ հետո Դուք պետք է գրեիք ու հրատարակեիք։ Երբ Հանճարն է վերհիշում իր ապրած կյանքը, անցած ուղին, այն դառնում է կինոյի պատմության  յուրօրինակ դասագիրք և հանրագիտարան, նաև  մի ամբողջ էպոխա է հավաքվում ու ներկայանում։

Հիշում եմ, երբ Ձեր 80 ամյակն էր նշվում, և Դուք բեմից պատառիկներ պատմեցիք Ձեր կյանքից, ուզում էի համարձակություն ձեռք բերել, մոտենալ Ձեզ ու հարցնել՝ Վարպետ, իսկ ե՞րբ եք այդ ամենի մասին գրելու։ Չունեցա այդ համարձակությունը. շատ ուրախ եմ, որ ինքներդ վերցրիք գրիչը և մեզ նվիրեցիք այս գիրը՝ Հայոց գիրը։ Ուզում եմ հույս հայտնել, որ դարերով հայերեն գրեքեր են  ստեղծվելու, ունենալու ենք կանգուն պետականություն և հայ ընթերցող ենք միշտ ունենալու»,- Վարպետին ուղղված իր ելույթում ասաց կինոգետ Սիրանույշ Գալստյանը։

Իր գրքի շնորհանդեսին խոսք ասաց նաև Արտավազդ Փեշեշյանը՝ դարձյալ հուշապատում․

«Դու ֆիլմեր արա և լռիր» գիրքը կարդալուց հետո բոլորիս պարզ կդառնա՝ այս երկու հուշը Վարպետը ներառե՞լ է այնտեղ, թե ոչ։

Պատրաստեց Նաիրա Փայտյանը