Ինչպիսին էր խորհրդային «հալոցքի շրջանի» կինոն
1950-60-ական թվականներ․․․
«Հալոցքի շրջանի» խորհրդային կինոն աչքի է ընկնում հեղինակային կինոնկարներով, որոնց միջոցով իրականացվում էր այսպես կոչված «օրինական գեղարվեստական դիսիդենտությունը»։ Միաժամանակ, պատկերային արտացոլման իմաստով, «հալոցքի շրջանը» ուղիղ եւ փոխարբերական իմաստով դառնում են Գրիգորի Չուխրայի 1961 թվականին թողարկված «Պարզ երկինք» կինոնկարի կադրերը, որը հեղինակն համարել է «իր ամենից նվազ կատարյալ ֆիլմերից մեկը»։
Սակայն հենց այստեղ ենք մենք տեսնում իմաստով առլեցուն դրվագ․ Ստալինի մահվան լուրի հաղորդումից հետո, հանդիսատեսի աչքերի առաջ նվագախմբային հանդիսավոր հնչյունների ներքո հառնում է սառույցից աստիճանաբար ազատագրվող գետը, որը սկսում է կոտրել սառույցը, եւ սեւ ամպերի տակից բացվում է կապույտ պարզկա երկինքն ու երեւում է արեւը։ Կարելի է ասել, որ հենց այս կերպ առաջին անգամ կինոարվեստում պատկերվել է անձի պաշտամունքը որպես բացասական երեւույթ։
Ու թեեւ կինոնկարը որոշ առումով ավելորդ թատերականացված է, որոշ իմաստով էլ՝ չափազանց ուղղագիծ, սակայն հագեցած է այնուհանդերձ, նոր իմաստներով եւ դրվագներով, որոնք քրեստոմատիկ նշանակություն են ձեռք բերում խորհրդային կինոարվեստի պատմության համար։
Դրանք եւ արդեն հիշատակված կադրեր են, որ պատկերում են բնության գարնանային զարթոնքը, որպես կյանքի նորոգության խորհրդանիշ, եւ զինվորական էշելոնի դիմավորման տեսարանը, որը կանգ չառնելով, սլանում է կանանց բազմության մոտով, որ հավաքվել էին կայարանում հույսով, որ հարազատ մարդու կտեսնեն, որոնց ձայներն արդյունքում ձուլվում է մեկ ընդհանուր աղաղակի մեջ, իսկ դեմքերը՝ մեկ ընդհանուր տագնապի։
Արտահայտիչ է կուսկոմիտեի ղեկավարի աշխատասենյակի ինտերիերը, որտեղ տեղի է ունենում նիստը, որտեղ Ստալինի մեծ գիպսե արձանը դրված է եւ տիրապետում է ոչ միայն գործարանային կուսկազմակերպության առօրեական հարցեր քննարկող պաշտոնյաների նկատմամբ, այլ նաեւ՝ պատուհանից դուրս երեւացող հարեւան տների նկատմամբ։ Կարեւոր է երկու սերունդ ներկայացնող կինոհերոսների միջեւ բանավեճի տեսարանը կյանքի նպատակների, իդեալների եւ արդարության շուրջ, կուսակցության հանդեպ վստահության եւ նրանց հանդեպ վստահության շուրջ, ովքեր վերադարձել են գերությունից։ Նրանք կռվել էին պատերազմում, հասունացել պատերազմի տարիներին։
Այս դրվագում իրական խոսակցություններ են, որոնք ծավալվել են իրական մարդկանց կողմից սովետների երկրում ԽՄԿԿ Քսաներորդ համագումարից հետո, որն սկսում է արտացոլվել վաթսունականների գրականության եւ պոեզիայի մեջ։ Կարելի է ասել, որ Չուխրայի կինոնկարը շատ իմաստներով ներկայանում է որպես մի ողջ սերնդի հանրագումարը։ Կինոնկարում պատկերված են նախկին ռազմագերիները, որոնք հայրենիք են վերադարձել խարանված, շրջապատված իրենց հանդեպ եղած անհիմն կասկածամտության եւ անվստահության մթնոլորտով, ենթակա հետագա ռեպրեսիաներին։
Այստեղ ներկայացված է նաեւ նոր՝ վաթսունականների կամ 20-րդ համագումարի զավակների սերունդը, որ տարիքի բերմամբ ռազմաճակատում չի եղել, սակայն նրանց հասունացումն արագացել է պատերազմական տարիների բերումով։ Այս սերնդի ներկայացուցիչները լավ գիտեն «ազատություն», «արդարություն» բառերի իմաստները եւ դրանք գնահատում են ոչ միայն որպես վերացական արժեք, այլ նաեւ խիստ առարկայական եւ նյութական կերպով։ 1960-ական թվականներին նկարահանված կինոնկարներից մեծ ճանաչում է գտել խորհրդային հանդիսատեսի մոտ «Մի տարվա ինը օրերը» կինոնկարը, նկարահանված 1962 թվականին Միխայիլ Ռոմմի կողմից, «Ես քայլում եմ Մոսկվայով» կինոնկարը՝ նկարահանված 1963 թվականին Գեորգի Դանելիայի կողմից, Ալեքսեյ Սալտիկովի կողմից 1964 թվականին նկարահանված «Նախագահը» կինոնկարը, նույն թվականին Մարլեն Խուցիեւի կողմից նկարահանված «Իլյիչի ուղեկալը»։
Սրանք ըստ Յու Բոգոմոլովի, առօրեական գիտակացության դե-միֆականացման կինոնկարներ էին, որոնցում ոտքերի տակ աստիճանաբար սկսում են շոշափվել պատմական եւ պարզապես իրական հողը։ Ընդ որում, միֆականությունից ազատագրված առաջին տարածքը գիտակցության մեջ կարելի էր համարել լիրիկականը։
Կինոնկարը, որը խորհրդային կինոարվեստ է բերել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են՝ «մտավորական հերոս», «մտավորական» արտիստ, «ինտելեկտուալ կինո»՝ «Մեկ տարվա ինը օրն է»։ Սա լուրջ կինոնկար էր, առլեցուն միջուկային ոլորտի ֆիզիկոսների բարդ խոսակցություններով, որոնց հիմնական բովանդակությունը՝ գիտությանն անմնացորդ՝ հուսկ անձնազոհության հասնելու աստիճան նվիրումն էր։ Այս կինոնկարը համաձայն «Սովետսկիյ էկրան»-ի 1962 թվականի հարցումների, խորհրդային երկրում համարվել է լավագույն կինոնկարը։ Այս կինոնկարի հիմքում երեք հերոսների ինը օրերի կյանքն է, ովքեր միավորված են աշխատանքով, ընկերությամբ, սիրային եռանկյամբ։ Էկրան բարձրանալու տարում խորհրդային կինովարձույթում այն հավաքում է 24 միլիոն հանդիսատես։
Կինոնկարը նաեւ ճանաչում է գտել միջազգային ասպարեզում։ Օրինակ Լեհաստանում այն ճանաչվել է որպես լավագույն օտարերկրյա կինոնկար, Սան-Ֆրանցիսկոյում ստացել է պատվավոր մրցանակ, Կարլովի Վարիի կինոփառատոնում «Բյուրեղապակյա գլոբուս» բարձրագույն մրցանակ։ Կինոնկարի հիմքում 60-ականների նորաձեւ համարվող գաղտնիացված հետազոտողների մասին պատմությունն է, ովքեր ուսումնասիրում էին բնության՝ ցայդ անհայտ երեւույթները, հանդիսանում էին գիտական փակ, արտոնյալ քաղաքների բնակիչներ։ Էկրանից պսպղում էր սրամտությունը, հումորը, էրուդիցիան, իսկ կինոնկարի գլխավոր լեյտմոտիվը խոսակցություններն էին։
Այստեղ կային նաեւ գիտնականների կենցաղային վեճեր, եզոպոսյան ակնարկներ։ Այն ողջամտության օրհներգ էր, ինչպես նկատել են կինոքննադատները, եւ արձագանքն էլ եղել է համարժեք։
Յու․ Ա․ Ռուսինա` «Խորհրդային կինոյի պատմություն» (ռուս)
Պատրաստեց Արամ Յանինը