Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն հոկտեմբերի 22-28-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում  (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն  նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին:

2009 թվականից անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնը սկիզբ է դրել Հայաստանում անիմացիոն կինոարվեստի  զարգացմանը։ Փառատոնը  հիմնադրել է երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձություն՝ «ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում է ավելի քան 400 ֆիլմ և ներգրավում է շուրջ 10.000 հանդիսատեսի, հյուրերի և մասնակիցների ամբողջ աշխարհից: Այս ցուցանիշը տարեցտարի շարունակում է աճել:

Փառատոնի նպատակն է նպաստել հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակի ստեղծմանը։

Փառատոնն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է դեռևս 2010 թվականին՝ ստեղծելով «MarAni» անիմացիոն շուկայի հարթակը։ Որոշակի դադարից հետո, «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնին կից կրկին կգործարկվի «MarAni» հարթակը՝  կատարելագործված և նոր ձևաչափով։

«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի  27-ին և  28-ին  «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ. կխոսվի վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։ Հարթակը հյուրընկալելու է Դիսնեյից, «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։ Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է պաշտոնական կայքում։