Վենետիկի 80-րդ կինոփառատոնն այս, ինչպես և ամեն տարի, աչքի է ընկնում վառ անուններով ու երկար սպասված ֆիլմերով։ Սակայն աստղային հյուրերն այս տարի քիչ են. ամերիկացի մի շարք կինոգործիչներ, ի համերաշխություն Հոլիվուդի գիլդիաների բողոքի ակցիաների, հրաժարվել են ներկա գտնվել փառատոնին, որոշ ֆիլմերի ցուցադրություններ չեղարկվել են։

Օրինակ, Լուկա Գուադանինոյի «Challengers» (գլխավոր դերում՝ Զենդեյա) ֆիլմի փոխարեն կինոփառատոնի բացմանը ցուցադրվեց Իտալիայի և Բելգիայի համատեղ արտադրության «Comandante» ֆիլմը (հիմնված է իրական դեպքերի վրա): 1940 թվական. Ատլանտյան օվկիանոսում իտալական սուզանավը պատահում է զինված բեռնանավի, խոցում այն, սակայն Կոմանդանտեն (Պիերֆրանչեսկո Ֆավինո), որոշում է փրկել խոցված նավի վրա գտնվող 26 բելգիացու և թողնել անվտանգ նավահանգստում՝ «պատերազմական կոդեքսին» հակառակ։ «Comandante»-ն, մեծ հաշվով, հումանիզմի մասին է, հետևաբար՝ պարտադիր պաթեթիկ։

Տպավորություն է, թե այն որպես բացման ֆիլմ է ընտրվել, ուղղակի որովհետև հեղեղված է Իտալիան, իտալական զինվորներին ու մասկուլինությունը փառաբանող գաղափարախոսությամբ՝ հաճախ արհեստական, պատերազմական միջակ ֆիլմերին հատուկ պարզունակ երաժշտությամբ, ծաղրանկարային կերպարներով… Պիերֆրանչեսկո Ֆավինոն «Comandante»-ով կարող էր շատ հանգիստ մասնակցել Իտալիայի ՏԻՄ ընտրություններին։

Այս ֆիլմը նաև հիշեցնում էր Մեթ Ռիվզի «Բեթմենը»՝ նույնքան չստացված է, պաթետիկ ու պրետենցիոզ։ «Comandante»-ն արժեր դիտել միայն վերջին սրամիտ տեսարաններից մեկի համար, որում բելգիացիները իտալացիներին ազգային կարտոֆիլ-ֆրի պատրաստել են սովորեցնում, ու վերջիններս զարմանում են՝ ինչպես նեապոլցիներն ավելի շուտ գլխի չեն ընկել հորինել այդ հասարակ ուտեստը։

Վենետիկ 2023

Պատերազմական թեման շարունակում է Պաբլո Լարայնի «El Conde» արտասովոր կինոլեզվով ֆիլմը (կատակերգություն/սարսափ/քաղաքական սատիրա)։ Այն Չիլիի նախկին նախագահ Պինոչետի մասին է, որը իբր չի մահացել, այլ 250-ամյա վամպիր է։ Ինչ-որ պահի նա որոշում է այլևս արյուն չխմել և վերջ տալ կյանքին․Կոմս Դրակուլա-Պինոչետը չի համակերպվում, որ աշխարհն իրեն որպես գողի է ընդունում։ Սակայն, Պինոչետը հանկարծ ապրելու նոր իմաստ է գտնում՝ սեր, ու շարունակում ահաբեկել Չիլիի ժողովրդին՝ հագեցնելով ծարավը նրանց արյունով ու սրտերից պատրաստված սմուզիով։

«El Conde»-ն շարունակում է «Comandante»-ի մասկուլինության «փառաբանումը», սակայն իրականում ծաղրում է տոքսիկ բրուտալությունը, շատ ավելի տաղանդավոր է ու օրիգինալ, զզվելի է, հուզիչ, նույնիսկ ուժասպառ ու անպետք բռնապետի նկատմամբ կարեկցանք է առաջացնում։ «Ջեկի» և «Սպենսեր» ոչ այնքան ստացված ֆիլմերից հետո «El Conde»-ն նոր շունչ է Լարայնի կինոկարիերայում։ Այն մարտահրավեր է նետում պսևդոտոլերանտ և բռնությունը իբր մերժող հասարակությանը։

Բռնության արատավորության մասին է նաև Լյուկ Բեսոնի նոր «DogMan» մարտաֆիլմը՝ կրկին անսահման դաժան տեսարաններով։ Դժբախտ մանկություն ունեցած տղային (Քալեբ Ջոնս) հասկանում ու սիրում են միայն շները, կատարում բոլոր «առաջադրանքները»՝ փանքեյք պատրաստելուց մինչև մարդասպանություն։ Բայց մի օր անվասայլակով երիտասարդը և շները հատում են տեղացի գանգստերի ճանապարհը․ նրանց կյանքն այլևս վտանգված է․․․

Երեք տարվա դադարից հետո Լյուկ Բեսոնը նկարել է հերթական «փուչիկը»՝ ոչնչի մասին, որը փրկում են Քալեբ Ջոնսի նևրոտիկ, հմայիչ, փշաքաղեցնող խաղը և փամփլիկ ու վրեժխնդիր շները (ճիշտն ասած՝ այդքան էլ չեն փրկում): Առավել տանջալի են ստատուսային երկխոսությունները և աշխարհից նեղացած նոր Ջոկեր ստեղծելու փորձը։ Ֆիլմի ավարտին մտածում ես՝ ի՞նչ նայեցի հենց նոր ու ինչո՞ւ է այս ֆիլմը ստեղծվել, եթե արդեն կա «Տանը մենակ» ֆիլմերի շարքը։

Վենետիկ-2023

Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցույթում է ևս մեկ «բրուտալ», բայց արդեն ոչ էքսպերեմենտալ, անսահման գեղեցիկ դանիական «Bastarden» ֆիլմը։ Գլխավոր դերում Մադս Միկելսենն է՝ անթերի խաղով։ Ի տարբերություն վերոնշյալ ֆիլմերի՝ Միկելսենի կերպարը երեսպաշտ չէ․ աղքատ ու պարկեշտ զինվորական Լյուդվիգ Կալենը, 1755 թվականին մեկնելով ամուլ Յուտլանդիա, ցանկանում է շարունակել երկրին ծառայությունը՝ արդեն հողագործի դերում, կարտոֆիլ աճեցնել, հարստացնել երկիրը և դասավորել սեփական կյանքը։ Սակայն կալվածատեր Ֆրեդերիկ դը Շինկելին դուր չի գալիս հեռանկարը, որ ինչ-որ մեկը կարող է հարստանալ իբր իր հողում։ Արդյունքում՝ Կալենը նախընտրում է զոհաբերել ամեն ինչ ու ամենքին՝ հանուն գաղափարի։

«Bastarden»-ը նայելիս վերհիշում ես Լի Այզեք Չունի «Մինարին», տեսնում Վան Գոգի «Կարտոֆիլ ուտողները» նկարը, մտաբերում Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը», սակայն ի տարբերություն Նիկոլայի՝ Լյուդվիգը, ի վերջո, հաղթանակում է: Ռեժիսոր Արսելը ժամանակակից աշխարհը պատուհասած ևս մեկ չարիքի մասին է խոսում՝ հողի համար կռիվը։ Շինկելը զգուշացնում է Կալենին՝ «տուր ինձ այդ հողը, ու ես քեզ հանգիստ կթողնեմ»։ Բայց արդյո՞ք այդ խոստումը խաղաղության բանաձև կարող է լինել․․․Պատմությունն ու ներկան հուշում են՝ ո՛չ։

Վենետիկ-2023

Լիդոյում ցուցադրվել է նաև Մայքլ Մանի կենսագրական «Ֆերրարին» (գլխավոր դերում՝ Ադամ Դրայվեր), որը բավական թույլ էր ստացվել՝ հաշվի առնելով ակնկալիք-արդյունք հարաբերակցությունը։

Որդու կորստից հետո 60-ամյա Էնցո Ֆերրարիի ընտանեկան կյանքն ու բիզնեսն անկում են ապրում։ Չսնանականալու և կյանքը փոխելու նպատակով Ֆերրարին որոշում է մասնակցել Mille Miglia մրցավազքին: Տեղին կլինի հիշատակել Ջեյմս Մենգոլդի «Ford v Ferrari» ֆիլմը, որը, միանշանակ, ավելի ամբողջական և ավարտուն է։ Հատկանշական է, որ «Ford v Ferrari»-ում գլխավոր դերում Քրիստիան Բեյլն է, որին Մանը դիտարկել է նաև Ֆերրարիի կերպարում։

Դերը, ի վերջո, ստացել է Ադամ Դրայվերը, որի արտաքինը, մասնավորապես՝ ակնոցը, սանրվածքն ու կոստյումը, ինչպես նաև դիմախաղը, անվերադարձ սիրահարեցնում են։ Դրայվերը «կորել է» Ֆերրարիի դերում, նրա խաղը ֆիլմի քիչ ու ակնհայտ առավելություններից է։ Սակայն այս անգամ էլ դիտման ավարտին միտք է ծագում՝ իմա՞ստը։

Եվս մեկ սպասված բայոպիկ՝ «Maestro»: Բրեդլի Կուպերի երկրորդ ռեժիսորական գործը (պրոդյուսերների շարքում են Սթիվեն Սփիլբերգն ու Մարտին Սկորսեզեն) նվիրված է հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնին (որին մարմնավորել է հենց Կուպերը), պատմում է նրա կայացման ու կնոջ՝ Ֆելիսիա Մոնտեալեգրիի հետ հարաբերությունների մասին։

«Maestro»-ն վիզուալ գլուխգործոց է՝ վայրկյան առ վայրկյան մշակված տեսարաններով (օպերատոր Մեթյու Լիբատիկի և կոստյումերների աշխատանքն անգնահատելի են)․դինամիկ, կերպարների զարգացմանը համահունչ մոնտաժը երկրորդ տեսարանից ստիպում է կլոր աչքերով նայել էկրանին և վայելել 40-50-ականների Հոլիվուդի մթնոլորտը։ Առաջին դրական տպավորությունն աստիճանաբար խամրեցնում է Բրեդլի Կուպերը։ Հանդիսատեսն էկրանին չի տեսնի Բերնսթայնին, այլ կբախվի Կուպերի դերասանական պերֆորմանսին։ Ֆիլմի ռեժիսոր-սցենարիստ-պրոդյուսեր-գլխավոր դերակատար Բրեդլի Կուպերը չափազանց «լուրջ է մոտեցել իրադարձությանը» ու ջանասիրաբար փչացրել ֆիլմը։ Տպավորություն է, թե սա ֆիլմ-ձոն է Կուպերի դերասանական տաղանդին։ Այս ամենը քիչ էր, դեռ շատերին էլ դուր չի եկել Կուպերի «ստերեոտիպային հրեական քիթը»։ Վենետիկի կինոփառատոնին «Maestro»-ի մամուլի ասուլիսի ժամանակ դիմահարդար Կազուհիրո Ցուձին ստիպված էր ներողություն խնդրել, որ գուցե իր աշխատանքով վիրավորել է ոմանց զգացմունքները։

Բերնսթայնի կնոջ դերը կատարում է Քերի Մալիգանը: Ֆելիսիան տաղանդավոր դերասանուհի է, որը 30 տարի կապրի կոմպոզիտորի հետ՝ հիմնականում երջանիկ, բայց հաճախ տանջվելով տղամարդկանց ու կանանց հետ ամուսնու կապերի պատճառով։ 1978 թվականին նա կմահանա քաղցկեղից, ինչը թևաթափ կանի Բերնսթայնին։ IndieWire-ն արդարացիորեն նկատում է՝ Կուպերը դերասանական ու ռեժիսորական անսահման ջանքեր է գործադրել, բայց «Maestro»-ն Մալիգանի ֆիլմն է։ Նրա խաղը զուսպ է, համակարգված, պրոֆեսիոնալ, անկեղծ։ Երանի՝ ֆիլմի մյուս դերակատարներն էլ հետևեին Մալիգանի օրինակին․․․

Վենետիկ-2023

Սեփական խաղի կանոններ է փոխում Դևիդ Ֆինչերը «The Killer» ֆիլմով (երևի հենց այսպիսին կլիներ «Rear Window» ֆիլմը, եթե Հիչքոքն այն նկարեր հիմա)։ Այն վարձու մարդասպանի մասին է, որն անհաջող առաջադրանքից հետո դուրս է գալիս պատվիրատուների դեմ, քանի որ «միայն բիզնես, անձնական՝ ոչինչ» կարգախոսն այլևս չի գործում։ Ֆինչերը հավատարիմ է իր ոճին՝ կապտականաչ, մռայլ, դինամիկ, հումորով, բայց միևնույն ժամանակ՝ ավելի դանդաղընթաց, մանրակրկիտ, փիլիսոփայական, զգույշ ու սառնասիրտ՝ ինչպես Մայքլ Ֆասբենդերի մարմնավորած մարդասպանը։ Այստեղ Ֆինչերին հատուկ սյուժետային շրջադարձերը սակավաթիվ են, այնուհանդերձ, Ֆասբենդերի «մեկ դերասանի թատրոնը» ստիպում է պարբերաբար ստուգել սրտի աշխատանքը վերահսկող ժամացույցը․․․Կամ էլ կարող եք նայել «The Killer»-ը գոնե հանուն Ֆասբենդերի անհաղորդ հայացքի ու վախեցնող «պանամկայի»։

Վենետիկ-2023

Ֆավորիտների շարքում է նաև օսկարակիր Ռյուսուկե Համագուչիի («Drive my car») «Evil Does Not Exist» բնապահպանական խնդիրներ վերհանող ֆիլմը, որը ցույց է տալիս՝ ինչ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել մարդկային ագահությունը, անտարբերությունը, բնության հանդեպ հարգանքի բացակայությունը, և այն, թե ինչպես ենք մենք վերածվել «zoom-սերնդի», որը մեծմասամբ լուրջ ու օգտակար գործերով զբաղվելու իմիտացիա է ստեղծում միայն։ Ֆիլմի հիմնական գաղափարներից է նաև՝ վտանգավոր են մարդիկ, որոնց անհնար է գնել/կաշառել, իսկ «բյուրոկրատիան» ամենից շատ չի սիրում անկառավարելիներին:

Կինոփառատոնի ճնշող առնականությունը կոտրում է հիմնական մրցույթի հավանական հաղթող գիտաֆանտաստիկ «Poor things»-ը (հիմնված է Ալասդեր Գրեյի համանուն վեպի վրա)։ Բելլա Բաքսթերը (Էմմա Սթոուն) դաժան ամուսնու պատճառով նետվում է գետը։ Նրա մարմինը հայտնվում է էքսցենտրիկ «ֆրանկենշտեյն-գիտնական» Գոդվին Բաքսթերի (Ուիլյամ Դեֆո) լաբորատորիայում։ Նա որոշում է փրկել Բելլային՝ փոխպատվաստելով նրա չծնված երեխայի ուղեղը: Այսպիսով, Բելլան ստիպված է կրկին սովորել խոսել, քայլել, բացահայտել սեփական մարմինն ու սեքսուալությունը։

Յորգոս Լանտիմոսին հերթական անգամ հաջողվել է ստեղծել նոր աշխարհ ու ծայրահեղ տարօրինակ զուգահեռ իրականություն երկիր մոլորակի վրա։ «Poor Things»-ում խտացած են Լանտիմոսի ֆիլմաշխարհի բոլոր էլեմենտները՝ «Kynodontas»-ի նորարարկանությունից ու կուսականությունից մինչև «The Favourite»-ի մասշտաբայնությունն ու կադրային էսթետիկան (ավելի համարձակ բաց տեսարաններով)։ Սակայն այս կտավն ավելի առեղծվածային է, չարաճճի, սրամիտ, զավեշտալի, կրքոտ, իսկ fish-eye ոսպնյակների կիրառումը, գունային մշակումը, դեկորացիաները, կոստյումները, «դեֆեկտիվ» երաժշտությունը կրկնապատկում են ֆիլմից առաջացող գլխապտույտը։ Լանտիմոսը հենց Գոդվին Բաքսթերն է․նա ստեղծում է աննկարագրելի էակների, մեկտեղում անհամատեղելին, գիտակցության նոր հորիզոներ ազատում՝ ինչպես Դևիդ Լինչը հեղափոխական «Թվին Փիքսում»։

Այս համակարգված քաոսի կենտրոնում Բելլան է․նրա կերպարը թերևս անհնար կլիներ ստեղծել առանց Էմմա Սթոունի։ Բելլայի դերում նա տպավորիչ է՝ երկար թանաքագույն մազերով, արտահայտիչ պրպտող հայացքով, խամաճիկի շարժուձևով։ Նա աստիճանաբար վերածվում է ժամանակակից կնոջ, որը չի հանդուրժում որևէ սահմանափակում, հետաքրքրված չէ ամունությամբ, իսկ ազատության տենչը չի կարող խեղդել նույնիսկ Արարիչը։ Բելլան ցանկանում է հասկանալ աշխարհը, բայց գլխավորապես՝ ինքն իրեն, ու դա անում է նաև սեքսի միջոցով (ի դեպ, Գուադանինյոյի «Call me by your name» ֆիլմի դեղձը լուրջ մրցակից ունի)։ Եվ այդ գործում տղամարդիկ ընդամենը գործիք են Բելլայի ձեռքում։

Նորովի է բացահայտվում և Մարկ Ռուֆալոն, որի կերպարին գրավում է Բելլայի տարբերվող բնությունը։ Նա որոշում է ժամանակ անցկացնել աղջկա հետ՝ հաշվի չառնելով, որ արդյունքում դա կարող է կործանարար լինել։ Ռուֆալոն «գարշելի» է, նա ասես ծաղրածու լինի, որի կենդանի ու մանկական դիմախաղը չեն կարող չհմայել։ Ի վերջո, «Poor things»-ը իրապես անկեղծ ֆեմինիստական գործ է, ինչպիսին չէր, բայց ուզում էր թվալ Գրետա Գերվիգի «Բարբին»։

«Ֆեմինիստական ձախողում» է Սոֆիա Կոպպոլայի «Պրիսցիլլան»՝ Էլվիս Փրեսլիի կնոջ մասին։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ ֆիլմը իրական դեպքերի վրա է հիմնված․ պատմությունը բավական հետաքրքիր է, արդիական ու ցավալիորեն վերաբերելի հայ հասարակությանը։ Ունենք՝ ինֆանտիլ, չինքնահաստատված, մոր փեշից կախված երիտասարդի, որը «նշմարում է» 14-ամյա աղջկա, որոշում «ձեռքը դնել նրա գլխին», մեծացնել ու փակել տանը, մինչև ինքը կարիերայով կզբաղվի, պետք եղած ժամանակ ֆիզիկական ու հոգեբանական բռնության կենթարկի, մանիպուլացնելով կպահի կողքին, այլ աղջիկների հետ ժամանակ կանցկացնի, իսկ կինը նրան ամեն անգամ կների։ Ծանոթ պատմություն է, չէ՞․․․

Այնուհանդերձ, Էլվիսի ու Պրիսցիլլայի կերպարները ծայրահեղ թույլ էին, անմշակ, անավարտ, դերասանական խաղը՝ ոչնչով աչքի չընկնող, սցենարը՝ պարզունակ (ի դեպ, ֆիլմի պրոդյուսերների շարքում է նաև հենց Պրիսցիլլա Փրեսլին)։

Տրամաբանորեն ավարտենք Վուդի Ալենի՝ վերջին երեք տարվա մեջ առաջին և ռեժիսորի կարիերայում ենթադրաբար վերջին՝ ոչ մրցութային ֆրանսալեզու «Coup de Chance» ֆիլմով։ Հուսանք՝ ծերուկը չի դրժի խոստումը, ու 50-րդը իրոք կլինի վերջինը։ Չնայած Վուդին Լիդոյում արդեն հայտարարել է, որ «եթե իրեն փող տան ու մի կողմ քաշվեն», ինքը ևս մեկ կինո կնկարի՝ արդեն Նյու Յորքում։

 Պատրաստեց Դիանա Գասպարյանը

Վենետիկ-Երևան,2023թ