Ստեփան Անդրանիկյան․Փարաջանովի աշխատելու ոճը տարբերվում էր
Երեք տասնյակից ավելի խաղարկային ֆիլմերի բեմադրող նկարիչ և վեց մուլտիպլիկացիոն ֆիլմի բեմադրող ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի հուշերից․․․
Փարաջանովի աշխատելու ոճը բոլորովին տարբերվում էր մեր մյուս ռեժիսորների աշխատաոճից, գոնե այն ռեժիսորների, ում հետ աշխատել եմ, իսկ աշխատել եմ 35 ֆիլմում: Փարաջանովն այլ կերպ էր աշխատում, ինչը շատ դժվարացնում, բայց նաև անասելի հետաքրքիր էր դարձնում նկարահանող խմբի գործը: Նա աշխատում էր իմպրովիզացիոն կարգով:
Որպեսզի «Նռան գույնը» նկարահանվեր, ներկայացրել էր կանոնավոր սցենար: Իսկ երբ աշխատում էինք ռեժիսորական սցենարի վրա, բան դուրս չէր գալիս, Փարաջանովն իր տեղը չէր գտնում: Ի վերջո, մի օր էլ բռունցքով խփեց սեղանին ու ասաց. «Վերջ, բավական է: Կնկարենք այնպիսի ֆիլմ, ինչպիսին դեռ աշխարհը չի տեսել: Կնկարենք իմպրովիզացիոն կինո»: Ու նկարահանվեց հենց այդպիսի ֆիլմ` «Նռան գույնը»:
Մեզ համար դժվար էր, քանի որ ամեն օր անակնկալի էր բերում ու երբեմն չէր ընդունում, որ իր այս կամ այն պահանջն իրականացնելու համար 2-3 օր է պետք: Ֆիլմում ամեն ինչ իրական էր. զգեստներն ու տղամարդու 40 արծաթե գոտիները XVII- XVIII դարի էին, և ամբողջը գնել էինք Լոռվա գյուղերից: Հեշտ էին վաճառում, բայց ինքը` Սերգեյն էր խանգարում: Գալիս-տեսնում ու անկեղծորեն զարմանում, հիանում, հետաքրքրվում էր, ուղղակի խենթանում էր, ու մարդիկ գինը կրկնապատկում էին: Է~, քանի անգամ ենք խնդրել, վիճել, որ էմոցիաները զսպի, բացեիբաց չարտահայտի, չխանգարի: Միևնույն էր (ծիծաղում է):
Մի օր էլ կանգնեցինք հարցի խնդրի` եկեղեցում ինչպես ստանալ լույսի ու պայծառության անհրաժեշտ չափը, ու Փարաջանովն ասաց. «Ներկի, պատերը ներկի»: Ասում եմ. «Ի՞նչ ես ասում, անկարելի է, էդ ո՞վ թույլ կտա` եկեղեցին ներկենք, և ընդհանրապես ո՞նց կարելի է էդ հնագույն քարերը, կառույցը փչացնենք»: Չէր համոզվում: Ասացի` մի ելք կգտնեմ: Ու տղաներին երեք կիլո կուպարոս առնել տվեցի: Դա բաց կապտավուն փոշի է, որը խաղողները անվնաս աճեցնելու համար են օգտագործում: Կուպարոսը լցնում էինք ֆաներկայի վրա ու փչում պատերին: Նստում էր պատերին ու դարձնում բաց կապտավուն և լուսավորվում: Արդյունքը սիրուն էր: Փարաջանովը եկավ, զարմացավ, թե ոնց ենք ստացել: Սերգեյի հետ հետաքրքիր էր` ամեն անգամ նկարելիս ինչ-որ նոր բան էր գտնում-ստեղծում: Իր մտքում այդ ֆիլմն արդեն կար, ու նկարեց էնպես, ինչպես տեսնում էր: Փարաջանովից հետո աշխատում էի հարազատ մնալ կինոյի սկզբունքներին: Էստեղ բոլորովին ուրիշ էր, դժվարությամբ էի աշխատում «Նռան գույնից» հետո, բայց էլի աշխատեցի, ու գնահատելի արդյունք եղավ:
«Կինոաշխարհ»