Հանճարի դեբյուտը․ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» Վենետիկում
Իտալական Լիդո կղզում տեղի ունեցած Վենետիկի 80-րդ կինոփառատոնի «Վերականգնված դասական ֆիլմեր» ծրագրի շրջանակում Կոպպոլայի, Տարկովսկու և անվանի այլ ռեժիսորների ֆիլմերի հետ ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»։ Ֆիլմը ներկայացրին կինոքննադատ Անդրեյ Ալֆյորովը, պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին և ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Մարիչկային մարմնավորած Լարիսա Կադոչնիկովան։
«Մոռացված նախնիների ստվերները» հիմնված է Միխայիլ Կոցյուբինսկու համանուն ստեղծագործության վրա, նկարահանվել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում 1964 թվականին։ Այն բացահայտում է Կարպատներում բնակվող ուկրաինացիների ենթաէթնիկ խմբի՝ գուցուլների նիստուկացը՝ գուցուլ Ռոմեո և Ջուլիետի դժբախտ սիրո պատմության միջոցով։
«Մոռացված նախնիների ստվերների» վերականգնման աշխատանքների, վենետիկյան ցուցադրության, ֆիլմի արդիականության և Փարաջանովի հանճարի մասին «Կինոաշխարհը/kinoashkharh․am »-ը Լիդոյում զրուցել է Անդրեյ Ալֆյորովի և Լարիսա Կադոչնիկովայի հետ։
– Վենետիկյան կինոփառատոնը, ի թիվս համաշխարհային սպասված պրեմիերաների, նշանավորվեց նաև Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներով»։ Ինչո՞ւ էր սկզբունքային հենց այս փառատոնի ընտրությունը։
Անդրեյ Ալֆյորով՝ «Մոռացված նախնիների ստվերները» ուկրաինական ամենահայտնի ֆիլմերից մեկն է, այն խոսում է համամարդկային խաղաղության լեզվով։ Այն պատկերում է Ուկրաինան՝ տարբեր, ոչ մոնոէթնիկ: Փարաջանովը զգացել է Ուկրաինան այնպես, ինչպես շատ ուկրաինացիների չի հաջողվում։ Նա ստեղծեց մի գործ, որի վրա հենվում է ուկրաինական ժամանակակից մշակույթը։ Փարաջանովը կենտրոնացել է ուկրաինական խոսքի, երաժշտության գեղեցկության վրա։ «Նռան գույնը» չկարողացանք բերել Իտալիա, քանի որ այն, ի վերջո, Փարաջանովի ֆիլմագրության հայկական հատվածն է, հեղինակային իրավունքները Հայաստանին են պատկանում։ Մենք հպարտ ենք այդ ֆիլմով, քանի որ Փարաջանովին մերն ենք համարում, նա հայկական և ուկրաինական մշակույթների խաչմերուկում է։ Վստահ եմ՝ վրացիներն էլ են հավակնում Փարաջանովին։ Բայց պետք է նշել, որ ողջ աշխարհն է հավակնում Փարաջանովին: Վառ օրինակ՝ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը, որն ամբողջությամբ ոգեշնչված է Փարաջանովի աշխարհով։
Ինչո՞ւ Վենետիկյան կինոփառատոնը․ նախ՝ Փարաջանովի հարյուրամյակն է, և ես ուզում էի այն շքեղ նշել, ծննդյան օրը դարձնել ծննդյան տարի։ Նաև փառատոնի 80-ամյակն էր՝ ամսաթվերի համընկնում։ Կարող է հարց առաջանալ՝ ինչու ենք 2023-ին սկսում նշել Փարաջանովի հարյուրամյակը, որը, ըստ հնարավոր բոլոր աղբյուրների, պետք է նշվեր 2024 թվականին․․․Փարաջանովն իրականում ծնվել է 1923 թվականի աշնանը, սակայն ծննդյան վկայականում գրված է՝ 1924։ Այն ժամանակ մանկական մահացության ցուցանիշը շատ բարձր էր, երեխաներին գրանցում էին, միայն եթե նրանք ծնվելուց վեց ամիս կամ մեկ տարի հետո ողջ էին մնում․․․
Փառատոնին հասցնելու համար մոբիլիզացրինք բոլոր ուժերը, ֆիլմի վերականգնման գործընթացին ներգրավեցինք բրիտանացի գործընկերների, քանի որ ցուցադրության հիմնական պայմանն այն էր, որ պետք է ցուցադրվի գոնե որոշ չափով վերականգնված տարբերակը։ Ռեստավրացիոն աշխատանքները դեռ ավարտված չեն։
– Ինչպե՞ս են անցել վերականգնման աշխատանքները։
– Աշխատատար գործընթաց է․ բնօրինակը սկանավորվում է, գույներն ու ձայնը վերականգնվում են, մասնագետները փորձում են կարգի բերել ժապավենը, որը ժամանակի ընթացքում բավական վնասվել է։ Փորձել ենք պահպանել այն գույնը, որին ձգտում էր հասնել Փարաջանովը։ Գունային լուծումները պետք է համապատասխանեն հեղինակի գաղափարին։ Ի վերջո, դրանք փոխանցում են հերոսների ներքին ապրումները։ Այս ֆիլմի հեղափոխականությունն այն է, որ Փարաջանովը սուզվել է մարդու ներաշխարհի մեջ։ Կինոյում առաջինը դա արեց Ֆեդերիկո Ֆելինին «8½» ֆիլմով։ Նա կադրային լուծումներով հուշում է դիտողներին՝ որտեղ են ծավալվում գործողությունները՝ մարդու ներսում, թե իրականում։
Փարաջանովի «Ստվերներում» կարմիր գույնով ներկայացվում են գլխավոր հերոսի՝ Իվանի ներքին ապրումները, մենք աշխարհին ենք նայում նրա աչքերով։ Իսկ երբ նրա սիրելին՝ Մարիչկան, մահանում է, Իվանի կյանքն իմաստազրկվում է, ֆիլմը դառնում է սև ու սպիտակ։ Գույնի հետ այս փորձարկումները սկսել է Էյզենշտեյնը։ Այսպիսով, 60-ականների ռեժիսորները 20-ականների ավանգարդիզմը վերածեցին գործիքի։ Փարաջանովն առաջիններից էր, որ գործարկեց այս մեթոդը։ Այնպես ստացվեց, որ գունային դրամատուրգիան իրարից անկախ սկսեցին կիրառել եվրոպացի միանգամից 3 խոշոր ռեժիսոր, այդ թվում՝ Փարաջանովը, Անտոնիոնին։ Վերջինս 60-ականներին սկսեց աշխատել «Կարմիր անապատ» ֆիլմի վրա, նա գույների հետ աշխատում էր այնպես, ինչպես Փարաջանովը։ Նրանք ծանոթ չէին, բայց Անտոնիոնին Փարաջանովի պես անտառը արծաթով էր ներկում, ինչը նրա հետ աշխատող մարդիկ չէին հասկանում։ Նշեմ նաև Անրի Ժորժ Կլուզոյին։ Նա սկսել էր մարդկային խանդի անատոմիայի մասին «Դժոխք» ֆիլմի նկարահանումները, բայց ավարտին հասցնել չկարողացավ, քանի որ այնպիսի օրն էր գցում նկարահանող խմբին, որ մարդիկ չէին դիմանում, նույնիսկ գլխավոր դերակատարներն էին հեռանում։ Ի վերջո, Կլուզոն ինքն իրեն էլ սրտի կաթվածի հասցրեց։ Ֆիլմը 90-ականներին Կլուզոյի սցենարի հիման վրա նկարահանեց Կլոդ Շաբրոլը:
«Ստվերներն», ըստ էության, հանճարի դեբյուտ է։ Փարաջանովը դրանից առաջ 5 ֆիլմ էր նկարել ու ատում էր դրանք, քանի որ սովետական արտադրական գործեր էին։ «Ստվերներից» հետո Փարաջանովը միայն փայլուն կտավներ է ստեղծել։ Ուկրաինայի համար «Մոռացված նախնիների ստվերները» նույն ծանրակշիռ նշանակությունն ունի, ինչ Ալեքսանդր Դովժենկոյի «Երկիր» ֆիլմը։
– Այս ֆիլմը մեղադրում էին «հակասովետական» գաղափարախոսության համար։ Փարաջանովի կտավը ժամանակին նաև առիթ դարձավ, որ մտավորականությունը ավելի ազատ արտահայտվի խորհրդային բռնաճնշումների և ցենզուրայի դեմ։ Իրականում ի՞նչ է այս ֆիլմը՝ քաղաքական ժեստ, թե մաքուր արվեստ՝ քաղաքականությունից դուրս։
– Սխալ է այս ֆիլմը որակել դիսիդենտական կամ համակարգին դեմ: Փարաջանովն արվեստի մարդ էր։ Կարծում եմ՝ եթե նա նաույնիսկ ըմբոստացել է, ապա միայն կյանքի անտանելիության, մոխրագույնի երանգների դեմ, որովհետև նա չափազանց վառ կերպար էր, հենց այդ պատճառով էլ նրան բանտ նստեցրին։ «Ստվերներում» քաղաքական կամ ազգայնական ոչինչ չկա։ Պարզապես Փարաջանովը՝ որպես մեծ արվեստագետ, տեսավ ուկրաինական հերմետիկ աշխարհի գեղեցկությունը, որը փորձում էր դիմակայել աշխարհի հարվածներին։ Այս ֆիլմն անմահ է հենց այն պատճառով, որ այն նպատակ չունի՝ պայքարելու համակարգի դեմ։ Իսկ համակարգը, գիտեք, վախենում է ոչ թե նրանցից, ովքեր պայքարում են իր դեմ (քանի որ նրանց քայլերը կարելի է կանխատեսել), այլ նրանցից, ովքեր թքած ունեն այդ համակարգի վրա։ Նույնիսկ պաշտոնյաներն էին պաշտում Փարաջանովի էքսցենտրիկությունը։
Գործընկերները, սակայն, նախանձում էին նրան։ 2016 թվականին հասանելիություն ստացա ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի արխիվներին, չեք պատկերացնի՝ որքան ցուցմունքներ գտանք, որ Փարաջանովի դեմ տվել էին հենց իր գործընկերները։ Նրանք նախանձում էին, որ ինչ-որ հայ եկել է Ուկրաինա ու նկարել մեր գլխավոր ֆիլմը։ Նրանք վախենում էին նման բան նկարել, իսկ Փարաջանովը չէր վախենում։ Օկուպացված Լուգանսկի գաղութի պետը նույնիսկ այնքան էր տպավորված Փարաջանովի կերպարով, որ նրա անվան թանգարան ստեղծեց բանտում։ Բանտարկյալները Փարաջանովի շնորհիվ սիրահարվել են արվեստին, պատկերացնո՞ւմ եք․․․Իսկ իշխանությունները փորձում էին նրան խեղդել։ Հույս ունեին, որ բանտում նա կկործանվի։ Բայց նա չչարացավ, ասաց՝ «ես վրեժ կլուծեմ սիրով»: Փարաջանովը շատ բան է արել Ուկրաինայի համար, սակայն չեմ կարող ասել, թե իմ հայրենիքը հատուցել է նրան հասցրած տառապանքը։ Ես փորձում եմ ուղղել պատմական սխալները։
– Կարծիք կա, որ Փարաջանովի ստեղծագործություններում, այդ թվում՝ «Մոռացված նախնիների ստվերներում», ձևն է առաջնային, և ոչ բովանդակությունը։
– Փարաջանովն ավելի շատ ձևի մասին է, քանի որ նրա ֆիլմերի բովանդակությունը ձևի մեջ է: Ռոբեր Բրեսոնի մասին կատակում էին․ «Եթե Բրեսոնի ֆիլմում մոխրագույն պատի ֆոնին մարդ է կանգնած, ապա կադրում գլխավորը ոչ թե մարդն է, այլ պատը, որն արտացոլում է մարդու հոգեվիճակը»: Փարաջանովը ճիշտ նույն կերպ է աշխատել, նա հասկանում էր մարդկային էությունը, գիտակցում՝ բոլորիս մեջ էլ ապրում են չարն ու բարին՝ զուգահեռաբար։
– Ինչո՞վ է արդիական շուրջ 60 տարի առաջ նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները»։
– Այն սովորեցնում է մարդուն տեսնել գեղեցիկը, լինել մարդ, ոչ թե գազան, որն ապրում է բացարձակ ագրեսիայի և կոնֆլիկտի մթնոլորտում: Գուցուլների աշխարհը գերել էր Փարաջանովին, քանի որ նրանց ողջ կյանքը գեղեցկության մասին էին։ Այս ֆիլմը ներքին կոնֆլիկտի մասին է՝ ինչպես մեկ ուկրաինացին կարող է չհասկանալ մյուսին և սպանել նրան հենց եկեղեցու բակում։
Մարդկային էությունը Քրիստոսի ժամանակներից չի փոխվել, ոչ մի տեխնիկա կամ մշակույթ չի կարող մեզ փրկել ներքին ագրեսիայից։ Դիտելով այս ֆիլմը՝ մտածում ես՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ ատամներով պահել կյանքդ, թե խղճի առաջ մաքուր մնալ, բայց մեռնել։ Փարաջանովը կորցրեց կյանքը, բայց փրկեց արժանապատվությունը։
– Այժմ «փարաջանովական» այլ նախագծերի վրա աշխատո՞ւմ եք։
– Ուզում եմ Կիևում Փարաջանովի անվան թանգարան բացել, ցանկանում եմ նրա կիսատ մնացած սցենարից մեկի հիման վրա ֆիլմաշար նկարահանենք։ Այժմ բանակցում եմ ամերիկացի և եվրոպացի խոշոր ռեժիսորների հետ։ Փարաջանովի հարյուրամյակի կապակցությամբ Կիևում գիրք կհրատարակվի, որի պատրաստմանը մասնակցել եմ։ Նաև ջանքեր եմ գործադրում, որ նրա դեմ ներկայացված մեղադրանքները վերանայվեն, ինչը վերջին 32 տարվա ընթացքում մեր նախկին կառավարիչները չեն արել․դա անարդար է։
Մարիչկային մարմնավորած Լարիսա Կադոչնիկովան էլ նշում է՝ արդեն 86 տարեկան է, տասնյակ ֆիլմերում ու ներկայացումներում է խաղացել, սակայն Փարաջանովի նման աշխատող ռեժիսորների այլևս չի հանդիպել։
– Բա՞րդ էր աշխատել Փարաջանովի հետ։
Լարիսա Կադոչնիկովա– Սկզբում ընդհանրապես ոչինչ չէի հասկանում, չգիտեի՝ ինչպես խաղալ: Բոլորն ասում էին՝ «այո՛, նա տարօրինակ է», «հանճարեղ» բառ դեռ չէր գործածվում: Մեկնեցինք Կարպատներ, առաջին նկարահանումը շատ դժվար էր։ Նա ինձ ասում էր՝ «քայլիր, գլուխդ աջ ու ձախ դարձրու, թարթիչներդ իջեցրու»։ Ես այդ ամենն ունում էի ու մտածում՝ «խելագարի զառանցանք է»: Ժամանակ անցավ, առաջին կադրերը ստացանք։ Փարաջանովը հավաքեց բոլորին, այդ թվում՝ տեղացիներին, որոնք խաղում էին ֆիլմում, գյուղական ակումբում ու ցույց տվեց նկարահանումների արդյունքը։ Ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Իսկ նա ուրախ գոչեց՝ «հանճարեղ է, չէ՞»:
Նկարահանումները տևեցին մեկ տարի։ Ես նրա ուզած Մարիչկան աստիճանաբար եմ դարձել, օրեցօր սիրահարվում էի նրա խելագար ռիթմին, հայկական խարիզմային, սակայն մի շրջան կար, որ չէի դիմանում ու ուզում էի հեռանալ։
– Եթե չեմ սխալվում, նկարահանման ժամանակ օպերատոր Յուրի Իլյենկոն և Փարաջանովն էլ հաճախ են վիճել, ասում են՝ նույնիսկ դուելի էին պատրաստվում։ Ի՞նչ էր կատարվում նրանց միջև։
– Սկանդալներ սկզբնական շրջանում էին լինում, երբ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Սերգեյը՝ որպես նկարիչ, ստատիկ կադր էր սիրում, ինչը հետագայում կիրառեց։ Անհավանական գեղեցիկ կադրեր էին, բայց անշարժ էին, ռիթմ չկար։ Իսկ Յուրան, որը պաշտում էր Ուրուսևսկուն, ասաց. «Ժամանակակից կինո չի լինի, եթե այն միայն պատկերներով կառուցենք»: Փարաջանովը պատասխանեց՝ փորձե՛նք։ Իլյենկոն տեսախցիկը դրեց ուսին, այն, կարծես, 10 կգ էր կշռում, ու սկսեց հետևել մեր ամեն քայլին։ Եվ հանկարծ բոլորը տեսան, որ կյանք է ծնվում։
– «Ստվերներում» իրոք բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանք է արվել։
– Նա շատ բծախնդիր էր։ Ֆիլմի տասնմեկերորդ մասում նա անտառը, մեզ ու ամեն ինչ արծաթագույն էր ներկել։ Մինչ այդ 10 անգամ գնացել էինք նկարահանման տարածք, սկզբում նրան գույնը դուր չէր գալիս, երկինքն այն չէր․․․ Փարաջանովը նույնիսկ կովերին էր ներկում, ինչը վախեցնում էր տեղացիներին։ Ես այլևս ոչ մի ռեժիսորի մոտ նման գործելաոճ չեմ տեսել։
Նա 40 տարեկան էր, մի օր ասաց. «Եթե հանճարեղ ֆիլմ չնկարեմ, սա կլինի իմ ստեղծագործական կյանքի ավարտը»: Բարեբախտաբար՝ ֆիլմը հանճարեղ ստացվեց։
Պատրաստեց Դիանա Գասպարյան
Վենետիկ-Երևան,2023թ․