ՕԳՏԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՐԴԻԿ
Կինեմատոգրաֆիայում հաճախ օգտագործվում է «էկրանը ցույց կտա» խոսքը։ Բանն այն է, որ կինոռեժիսորը, օպերատորը, նկարիչը չեն կարող անմիջապես տեսնել իրենց աշխատանքի ադյունքը, որը երևում է միայն այն ժամանակ, երբ նկարահանվածը երևակվել է ու տպվել։ Պատկերները «լույս աշխարհ» հանելու բարդ ու շնորհակալ գործով են զբաղվում Ասյա և Հայկազ Բարխուդարյանները։
1938 թվականն էր։ Հայ կինեմատոգրաֆի մեծ երախտավոր Դանիել Դզնունու ուշադրությունը գրավում է կինոստուդիայի մոտակայքում թափառող պատանին։ Նա Հայկազին աշխատանք է առաջարկում։ Բարխուդարյանը աշխատում է նախ որպես բանվոր, ապա՝ մեխանիկ, այնուհետև ոտք դնում ժապավենների վերամշակման լաբորատորիայի մութ ու խոհրդավոր աշխարհը։ Դասեր առնելով ավագ ընկերներից՝ Բորիս Սովերից, Նիկոլայ Դեկարխանովից, Ղազար Ղազարյանցից, Հայկազը կարճ ժամանակում տիրապետում է ժապավեն երևակողի և տպողի մասնագիտությանը։
Այն տարիներին քիմիական լուծույթների մեջ սուզված ժապավենները ձեռքով պտտեցնելով էին դուրս քաշում ու անցկացնում չորացնող պահարանների միջով։ ժապավենների մշակումը նուրբ ու բարդ տեխնիկական պրոցես է։ Մինչ ամբողջ ժապավենի երևակումը, Հայկազը մի փոքրիկ հատված նկարահանվածից, մշակում է, զննում, կատարելով մի շարք փորձեր։ Այնուհետև ծանոթանալով օպերատորի ձեռագրին՝ պատկերների լուսաստվերային արտահայտչական երանգներին, որոշում է երևակվող ժապավենի մշակման ռեժիմը։ Ֆիլմը տպելիս Բարխուդարյանն է որոշում լուսային համադրության աստիճանը, չէ՞ որ ֆիլմը նկարվում է ոչ միայն պայծառ լույսի տակ, այլև կիսամութի մեջ, երեկոյան, մառախլապատ, ամպամած օրերին…
Լվանալուց հետո ժապավենը հանձնվում է Ասյա Բարխուդարյանի տնօրինությանը։
Ասյայի ձեռքերով անցնում է ապագա ֆիլմի նեգատիվը։ Կինոնկարի հիմքը նեգատիվ ժապավենն է, և շատ զգույշ պետք է լինի նրա հետ գործ ունեցողը։
Բարխուդարյանների անունները չեն գրվում էկրաններին և ոչ էլ դրվատանքի արժանանում լայն հասարակության շրջանում։ Նրանց աշխատանքը կարելի է համեմատել հոգատար ու սրտացավ ծնողին փոխարինող դայակին, որի խնամքից է կախված ծնված մանկիկի կյանքը, տվյալ դեպքում՝ ժապավենի որակը, երկարակեցությունը։
Հարյուրավոր գեղարվեստական և վավերագրական, այդ թվում նաև հայերեն կրկնօրինակվող ֆիլմերի միլիոն մետրերի հասնող ժապավեններ են մշակվել և անցել Ասյայի սրատես աչքերի առջևով։
Եթե հաշվի առնենք, որ մեր հանրապետությունում չկա ուսումնարան կամ որևէ հաստատություն, որը ի վիճակի լիներ կինոստուդիայի լաբորատորիայի համար կադրեր պատրաստել, ապա պարզ կդառնա այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ Բարխուդարյանները կատարում Են երիտասարդ կադրերի պատրաստման ուղղությամբ։ Այժմ արտադրամասի բաժնի վարիչ Բարխուդարյանը նոր հոգսեր ունի. Աշտարակ տանող ճանապարհի հարևանությամբ կառուցված նոր կինոստուդիայում սև ու սպիտակ ժապավեն մշակող սարքերի կողքին պետք է տեղադրվել բոլորովին նոր՝ գունավոր ժապավեններ մշակող և տպող սարքեր, որոնց տեխնոլոգիական՝ պրոցեսներն անհամեմատ բարդ են ու դժվարին։ Դրանք գործի դնելու համար կպահանջվեն նոր մասնագետներ։
Եվ Բարխուդարյանները գիտեն, որ հայկական կինոյի վերընթացը կախված է նաև իրենց աշխատանքից։
Գ․ Հարությունյան