Կինոռեժիսոր եւ սցենարիստ Միխայիլ Մեստեցկին կրթությամբ բանասեր է, ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը, ապա Ռեժիսորների եւ Սցենարիստների բարձրագույն դասընթացները՝ Վ.Նաումովի, Ա.Դոբրովոլսկու եւ Ե. Միտկոյի արհեստանոցը։ Որպես արձակագիր տպագրվել է «Էքսվայեր», «Դոբերման» եւ այլ պարբերականներում։ Առաջին կինոնկարը եղել է «Past Continuous»-ը, որն հաղթել է «Դեբյուտային կինո» փառատոնում։ Երկրորդ կինոնկարը «Պատահական դրվագի աննշան մանրամասներն» էին, որը Միստեցկուն դարձնում է «Короткий метр»-ի դափնեկիր։ Նա նաեւ արժանանում է «Կինոտավր 2011»-ի կինոգետների եւ կինոքննադատների մրցանակի։

«Ոտքեր ատավիզմ» կինոնկարը, որը նրա երրորդ գործն էր կինոարվեստում գրավում է «Կինոտավր» 2012-ի ուշադրությունը, որտեղ այն ճանաչվում է լավագույնը կարճամետրաժ կինոյի անվանակարգում։ Արժանացել է նաեւ հանդիսատեսի մրցանակի, եւ հատուկ մրցանակի՝ տրված Կինոգետների եւ կինոքննադատների գիլդիայի կողմից։

«Ոտքեր ատավիզմը» կարճամետրաժ երգիծական կինոնկար է՝ մոկյումնետար ժանրում։ Կինոնկարը նկարահանվել է որպես փորձարկում, որի պայմանը եղել է՝ նվազագույն չափով միջոցների ծախսում, առավելագույն տեւողությունն էլ չպետք է գերազանցեր 10 րոպեն։

Կինոնկարի սյուժեն պտտվում է պրոֆեսոր Պախոմովի շուրջը։ Վերջինս մասնակցում է ԽՍՀՄ-ում իրականացվող վիրահատություններին։ Մի անգամ սակայն Պախոմովը հանգում է այն եզրակացության, որ մարդկության բոլոր դժբախտությունների պատճառը ոտքերն են, քանի որ դրանք են հանդիսանում մարդու բազմաթիվ հիվանդությունների հիմքը։ Միակ ճանապարհը մարդու կյանքը երկարացման, ըստ նրա եզրակացության, մարդուն ստորին վերջույթներից զրկելն էր՝ ոտքերի անդամահատումը։ Որպես առաջին «փորձարարական ճագար» նոր մեթոդի կյանքի կոչման համար, հանդես է գալիս հենց ինքը՝ պրոֆեսոր Պախոմովը։

Հետազոտությունները, սակայն հնարավոր չի լինում շարունակել, քանի որ դրանց դեմ է արտահայտվում «Կոշկեղենի համառուսաստանյան միությունը»։ Կոշկագործների պայքարի արդյունքում պրոֆեսորի ոտքերը վերականգնվում է։

Կինոնկարում փորձ է արվել ստեղծել կեղծ-վավերագրականության պատրանք, կիրառելով համապատասխան միջոցներ եւ հնարքներ, սակայն կինոնկարի ընդհանուր հեգնական-երգիծական բնույթն արդեն իսկ նշանակում էր, որ որպես կեղծ-վավերագրական կինոնկար այն կինոդիտողի մոտ չի առաջացնի տպավորություն, թե դիտում է փաստագրական կինոնկար, մի բան, որ պետք է առաջացներ ըստ կեղծ-վավերագրական կինոյի ժանրային կանոնների։

Այս կարճամետրաժ կինոնկարը կարելի է համարել տիպային՝ մոկյումենտար ժանրի ռուսական կինոֆիլմերի շարքում, որը տեղավորվում է նաեւ սատիրական կինոյի շրջանակում։ Այստեղ բոլոր հնարքները եւ միջոցները աշխատում են հանուն մի բանի՝ աբսուրդային գաղափարները փաստագրականության միջոցով ցույց տալով ստիպել կինոդիտողին կասկածել ամեն ինչի ճշմարտացիությանը, ինչը որ նրան ասում են կամ ցուցադրում զանգվածային լրատվամիջոցներով։

Աղբյուրը

Նյութը՝ Արամ Յանինի