«Կոստանդնուպոլսի կոտորածը»․Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների մասին առաջին կինոնկարը
Հայոց Ցեղասպանության մասին պատմող առաջին կինոնկարը, ինչպես հայտնի է, «Հոշոտված Հայաստանն» է, նկարահանված 1919 թվականին Ավրորա Մարդիգանյանի համանուն գրքի հիման վրա։ Սակայն պարզվում է, որ «Հոշոտված Հայաստանից» դեռ առաջ նկարահանվել է մեկ այլ կինոնկար նվիրված Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածների մասին։ Խոսքը «Կոստանդնուպոլսի կոտորածը» կինոնկարի մասին է։
Այսպես, 1901 թվականին Թոմաս Էդիսոնի կինոընկերությունը թողարկում է սեւ եւ սպիտակ համր կինոնկար՝ «Կոստանդնուպոլսի կոտորածը» վերնագրով, նվիրված 1894-96 թթ․ հայերի նկատմամբ Աբդուլ-Համիդ 2-րդ սուլթանի կողմից իրականացված կոտորածներին։ Կինոնկարի մասին թեեւ հիշատակություն կա, սակայն մինչեւ հիմա չի հայտնաբերվել նրա ոչ սցենարը, ոչ լուսանկարները, ոչ էլ կինոժապավենը։
Էդիսոնի ընկերության կատալոգում այն այսպես է ներկայացված․«Ցուցադրված են հազարավոր կատաղած թուրքեր, որոնք ջարդում են հայերի տների դռներն ու ներխուժում ներս, դուրս հանում տների բնակիչներին, ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց եւ փոքր երեխաներին, եւ սպանում են յաթաղաններով։ Հետո, վերցնում են ամեն արժեքավոր բան, որ կար հայերի տներում, եւ հեռանում են՝ տներն հրդեհելով»։
Այս կինոնկարի տեւողությունը հայտնի չէ, սակայն IMDb կայքի համաձայն, ժապավենի երկարությունը կազմել է 19,8 մետր։ Կարելի է այսպիսով ասել, որ «Կոստանդնուպոլսի կոտորածը» Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին ամերիկյան իրականության առաջին կինոնկարն է։
Հ․Գ․ «Հոշոտված Հայաստանը» ֆիլմը նկարահանվել է Օսկար Ապֆելի կողմից եւ հանդիսանում է իրապատում կինոնկար։ Կինոնկարի պրոդյուսինգով զբաղվել է Վիլյամ Նիկոլաս Սելիգը։ Ֆիլմը նկարահանված է 8 միլիմետրանոց ժապավենի վրա, համր կինոնկար է, պատվիրված Հայերին եւ ասորիներին օգնություն ցուցաբերող Ամերիկյան կոմիտեի կողմից, որը հետագայում դառնում է Միջին Արեւելքի ժողովուրդներին օգնող Ամերիկյան կոմիտե։
Կոմիտեն ստեղծվել է 1915 թվականին Ցեղասպանության զոհերին օգնելու համար։ Վերջինիս նախագահ Օլիվեր Հարիմանը պարզաբանել է ժամանակին, որ «Հոշոտված Հայաստանի» նպատակը հանդիսատեսին հոշոտված Հայաստանի հետ ծանոթացնելն ու տեղի ունեցածը վիզուալիզացնելն էր, որպեսզի ոչ մեկի մոտ թյուրըմբռնում չմնա այն բոլոր սարսափների հետ, որոնք տեղի են ունեցել։ «Էկրանը,- ասել է նա,- հանդիսացել է որպես միջնորդ, քանի որ այն հասանելի է միլիոններին, այն դեպքում, երբ տպագիր մամուլը՝ հազարներին է հասանելի միայն»։
«Հոշոտված Հայաստանը» մեծ հաջողություն է ունենում Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում եւ նույնիսկ՝ Ավստրալիայում։ Նյու-Յորքում օրինակ, թեեւ մեկ տոմսն արժեր 10 դոլար, սակայն 12 օր տեւած ցուցադրության ընթացքում դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում։ Նշենք, որ այն ժամանակվա 10 դոլարն այժմյան 150 դոլարն էր։ Կինոթատրոնն էլ կարող էր տեղավորել մինչեւ 1000 մարդ։ 1920 թվականի հունվարի 10-ին էլ Սիդնեյում կինոնկարի պրեմիերայի ժամանակ այնքան մարդ էր հավաքվել, որ մի քանի հարյուր մարդ չի կարողանում մուտք գործել կինոթատրոն, որ այն դիտի։
Նյութը՝ Արամ Յանինի