Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը սեպտեմբերին ներառվել է հինգ կինոփառատոնում․ SHORTS MEXICO (Մեքսիկա), «Լապտեր և լույս» միջազգային մանկապատանեկան (Ավստրալիա) և TAOBA միջազգային պատանեկան կինոփառատոների (Վրաստան) պաշտոնական մրցույթում, ինչպես նաև Կոլկատայի համաշխարհային կինոփառատոնում (Հնդկաստան) և «Երազանքների մենախոսություն» Ասիական կարճամետրաժ ֆիլմերի կինոգիշերում (Նիդերլանդներ)։

Ֆիլմը հայ իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի Ֆիլմ» և իրանական «Հուրախշ Ստուդիոզ» ընկերությնների համատեղ արտադրություն։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Ֆիլմի կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդա և Գագիկ Ղազարէ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում հաղթանակներ և հաջողություններ։

Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով․․․

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։