Երիտասարդ կինոռեժիսոր և սցենարիստ Արամ Մանուկյանի Alluson կարճամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանման առիթով Kinoashkharh.am-ը մեկ տարի առաջ բացահայտեց նրա ստեղծագործական ուղին, հեղինակային կինոյի մասին պատկերացումները և հեռահար կինո-նպատակները։

Մեկ տարի անց Արամը շոշափելի հաջողություններ է գրանցել Հայաստանի սահմաններից դուրս՝ Իտալիայում, և ըստ ամենայնի, հաստատակամորեն հավակնում է գնալ կինոյի միջազգային ճանապարհով, համաշխարհային կինոյի վարպետների ձեռքը սեղմել և միջազգային կինոինդուստրիայի մաս կազմել։

Արամը նոր է վերադարձել Իտալիայից։ Տպավորությունները թարմ են, դրանք պատմեց Kinoashkharh.am-ին։

Իտալիա. ՎԵՆԵՏԿԻ 80-րդ կինոփառատոն, փառատոնային միջավայր

Մոնտեկատինիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի նախագահ Մարչելո Զեպին ամեն  տարի Վենետիկի կինոփառատոնում ներկայացնում է  նախորդ տարվա արդյունքները ու գալիք կինոփառատոնի ծրագրերը։ Ես՝ որպես այդ փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած ռեժիսոր, նաեւ փառատոնի դեսպան եւ հայաստանյան ու կովկասյան տարածաշրջանային  ֆիլմերի ընտրության  կոմիտեի պատասխանատու, հրավիրված էի մասնակցելու Վենետիկի 80-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացվող MISFF միջոցառմանը։ Այնտեղ ես  եւ  Let Me ընկերությունը ներկայացրեցինք Allison/«Ակնարկ» ֆիլմը,  «Դոլի» խաղարկային կարճամետրաժ ֆիլմի նախագիծը, իսկ MISFF Lab production-ի հետ համատեղ ներկայացրինք իտալական «Պարելու խենթ ցանկություն» ֆիլմի նկարահանումների մեկնարկն ու արտադրության սկիզբը։

Մինչ Վենետիկի փառատոնը, Alluson-ը ցուցադրվել է պորտուգալական Avanca փառատոնում,  բացի այդ, ֆիլմս  17 տարբեր միջազգային կինոփառատոներում գլխավոր մրցանակ է ստացել։

Doly-ն ու անսասան սկզբունքս

Մինչ Doly-ին անդրադառնալը, պատմեմ իմ սկզբունքի մասին՝ ես կտրականապես դեմ եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնին դիմելուն և այնտեղից ֆինանսավորում  ստանալուն։ Պետական աջակցություն ստացած ֆիլմերը պետք է նվազագայունը Բ կարգի փառատոնների մասնակցեն ու մրցանակ բերեն, այլապես պետբյուջեի ֆինանսավորումն ուղղակի գումարի մսխում է։

Doly կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ամբողջությամբ հայկական նախագիծ է։ Նկարահանումներն սկսելու համար գումարի մեծ մասը  չունեինք, բայց, բարեբախտաբար,  Իտալիայում այդ հարցն էլ լուծվեց։ Արդեն մեկ տարի՝ Doly-ին ուզում էի նկարահանել. դերասանների հետ նույնիսկ փորձեր էի արել, ամեն ինչ պատրաստ էր։ Ֆիլմը Հովհաննես Ազնավուրյանի  համանուն պատմվածքի վրա է հիմնված։  Սցենարի վրա աշխատել եմ Շողեր Պետրոսյանի հետ։ Ինձ օգնել են նաև Հովհաննես Գալստյանը, Կարեն Ծատուրյանը, Նիկոլայ Դավթյանը։

Doly-ն հայկական ֆիլմ է, պարզապես նկարահանվելու է իտալական գումարով։

Այնտեղ ինձ առաջարկեցին ֆիլմն ամբողջությամբ  նկարահանել Իտալիայում, այդ դեպքում գումարն ավելի արագ կտրամադրեին։ Ես հրաժարվեցի, որովհետև  նպատակս է  այդ ֆիլմով իմ երկիրը ներկայացնել։ Հայկական գյուղի մասին պատմություն է, որի  միջոցով օտարերկրացին կտեսնի մեր երկիրը, կսիրի այն, կսիրի նաև մեր մշակույթը, հայկական կոլորիտը, կենցաղը։

Doly-ի բյուջեն 48 հազար դոլար է։ Մենք էլ մեր  ներքին ներդրումն ունենք Կարեն Ծատուրյանը  ֆիլմի պրոդյուսերն է, համագործակցում ենք KinoKet prodaction-ի ու GREY MARK 45-ի հետ Հայաստնաում, իսկ Իատալիյում MISFF Lab production-ի հետ։

«Չվաստակած» կարմիր գորգը

Վենետիկում մոտեցա կորեացի կինոգործիչների՝  հիացմունքս հայտնելու կորեական ֆիլմերի մասին։ Նրանք ասացին, որ հայկական կինոն լավ գիտեն՝ Մալյանին, Դովլաթյանին, Փարաջանովին։ Շատ զարմացա։ Հետո ասացին՝  ժամանակակից հայկական ֆիլմերին էլ  ենք ուզում ծանոթացնել մեր ուսանողներին, բայց չկա, չենք գտնում։

Ծանոթացա Վենետիկի Կինոփառատոնի նախագահ Ռոբերտո հետ։

Շրջեցինք այն տարածքով, որտեղ անց է կացվում փառատոնը։ Ինձ առաջարկվեց նկարվել կարմիր գորգի վրա։ Պատասխանեցի՝ հարգանքս կինոյի ու այս մրցույթի նկատմամբ չափազանց մեծ է, որպեսզի ինձ թույլ տամ, առանց մրցանակ ստանալու, նկարվել կարմիր գորգի վրա։ Ես դեռ չեմ վաստակել այդ  իրավունքը։ Երբ ֆիլմս Վենետիկի կինոփառատոնում մրցանակ կստանա ու հաղթող երկրների դրոշների կողքին կդրվի նաև Հայաստանի դրոշը, այդ ժամանակ էլ ինձ արժանի կհամարեմ այստեղ նկարվել։ Այստեղ ուղղակի կանգնել-նկարվելով՝ ինքս ինձ խաբել չեմ կարող։

Վենետիկում LET ME prodationn-ի գծային պրոդյուսեր Արտյուշ Կիրակոսյանի հետ  La Voglia Matta Di Danzzare  իտալական կինոնախագծի  դեմո-նկարահանումներ ենք արել։ Այս նախագծում միայն երկուսս ենք հայ, մյուսներն իտալացի են, քանի որ ֆիլմն էլ ամբողջությամբ իտալական է։

«Նարեկը»՝ նվեր

Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա Բարոնչինին մեզ  հրավիրեց Մոնտեկատինիի քաղաքապետարան։ Նրա նվիրեցի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը՝ փայտե զարդանախշ պատյանով։ Մոնտեկատինի Միջազգային Կարճամտրաժ ֆիլմերի փառատոնի նախագահ Մարչելո  Զեպիին էլ եմ «Նարեկ» նվիրել։

Բացատրեցի, որ «Նարեկը» Հայաստանում ամեն մարդու չեն նվիրում։ Այն խորիմաստ, հոգևոր արժեք ունեցող նվեր է։ Պատմեցի, որ հայերի համար «Նարեկը» «Աստվածաշնչից» հետո երկրորդ սուրբ գիրքն է, շատերի համար՝ «Աստվածաշնչին» հավասար։ Ասացի, որ Հայոց ցեղասպանության ժամանակ հայերն իրենց ունեցվածքը, հարազատների կյանքը փրկելու փոխարեն,   գրքերն են իրենց հետ վերցրել ու փրկել թուրքական յաթաղանից։

Ասացի, որ Հռոմի պապը իտալերեն թարգմանմված «Նարեկ» է կարդում։

Իտալական Ալտոն

Հաջորդ օրը Մոնտեկատինի-Ալտոյի տոնն էր նշվելու։ Գնացինք այնտեղ։ Շատ էի տպավորվել Ալտոյից, միտքս բարձրաձայնեցի՝ կուզեի այստեղ ֆիլմ նկարել։ Մարչելոն ու Հռոմից մի պրոդյուսեր հենց տեղում պայմանավորվեցին, որ ես զբաղվելու եմ ֆիլմի սցենարով ու ռեժիսուրայով,  ու նկարելու ենք իտալական պատմություն, որի գործողություններն  տեղի են ունենալու  Ալտոյում։

Հայաստան վերադառնալիս՝ հենց ինքնաթիռում, սկսեցի սցենարը գրել։ Իտալացի երեք սցենարիստ կօգնեն ինձ, որպեսզի իտալական ոգին ու շունչը ֆիլմում լինեն։ Հավանական է, որ այս ֆիլմն  իմ վերջին կարճամետրաժը լինի։ Ես պատրաստ կլինեմ արդեն լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարել։

6 հազար եվրո մեզ որտեղի՞ց… 

Ամռանը Festival Dei Tramonti-ում  հատուկ ծրագրով ցուցադրել եք  2006-2022 թվականներին նկարահանված լավագույն կարճամետրաժ հայկական ֆիլմերը, որոնք ընտրվել են , Let Me Production-ի, MISFF-ի ու Trasimeno International Art Film Fetival-ի կամ Festival Dei Tramonti  և իմ կողմից։ Սա իսկապես մեծ իրադարձություն է, քանի որ առաջին անգամ պատմության մեջ իտալական կինոփառատոնի ընթացքում մեծարվում է հայկական կինոմատոգրաֆը։

Տեղում միտք առաջացավ, որ Վենետիկում էլ հայկական ֆիլմեր ցուցադրվեն։ Առաջարկեցին Վենետիկի փառատոնի մի տաղավարը հատկացնել հայկական դասական ֆիլմերի ցուցադրությանը։ Ամբողջ ֆինանսավորումը իտալական կողմն էր  հատկացնելու, Հայաստանն ընդամենը 6 հազար եվրո էր տալու։ Որոշոցի դիմել ԿԳՄՍՆ-ին։ Ասացին՝ շատ լավ բան եք որոշել, բայց այս տարվա բյուջեն արդեն հաստատված է, 6 հազար եվրոն հսկայական գումար է, չենք կարող տալ։

Ցավոք,  ինքս այդքան գումար չունեի, այլապես Վենետիկի հայկական ֆիլմերի տաղավարում կցուցադրեի Դովլաթյանի, Մալյանի, Փարաջանովի ֆիլմերը։ Մի խոսքով, 6 հազար եվրոյի պատճառով Վենետիկի փառատոնի կողմից մեզ տրված հնարավորությունը չօգտագործեցինք։

Իտալացի Գալիլեո Չինիի մասին ֆիլմը՝ մեզ հյուր

Մոնտեկատինիի քաղաքպետարանը Գալիլեո Չինիի մասին վավերագրական կարճամետրաժ ֆիլմ է նկարել։ Մոնտեկատինիում Գալիլեո Չինիի ստեղծագործություններին հաճախ կհանդիպեք, նա նկարիչ, դիզայներ, դեկորատոր, քանդակագործ է եղել։

Մոնտեկատինիում ինձ առաջարկեցին այդ ֆիլմը Հայաստանում ցուցադրել։ Հոկտեմբերի 10-ին ֆիլմը կցուցադրվի «Նարեկացի» արվեստի միությունում, հրավիրելու  եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանին։ Իտալական ֆիլմը կցուցադրվի նաև Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում։

Շուտով՝ նորից դեպի Իտալիա

La Voglia Matta Di Danzzare իտալական ֆիլմի  նկարահանումներն սկսելու եմ հոկտեմբերին։ Նկարահանումներ են լինելու Վենետիկում, Մոնտեկատինիում, Ալտոյում։  Ուզում եմ շատ լավ ֆիլմեր անել, ուզում եմ նվազագույնը չհիասթափեցնել իտալացիներին, իսկ առավելագույնը՝ հիացնել իտալացիներին, որ իմ ու իմ երկրի մասին նրանք լավ տպավորություն ստանան։

Զրույցը՝ Նաիրա Փայտյանի