Անտոն Դոլինը վենետիկյան կինոփառատոնի առանձնահատկությունների և արդյունքների շուրջ
Իտալիայում ավարտվեց Վենետիկի 80-րդ կինոփառատոնը։ Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվեց Յորգոս Լանտիմոսի «Poor Things» ֆիլմին։ Ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Evil Does Not Exist» ֆիլմը ստացավ «Արծաթե առյուծը»։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար էլ «Արծաթե առյուծ» ստացավ իտալացի Մատեո Գարոնեի «Io Capitano» ֆիլմը։
Լավագույն դերասան է ճանաչվել Փիթեր Սարսգարդը («Հիշողություն», Միշել Ֆրանկո), իսկ լավագույն դերասանուհի՝ Կեյլի Սփենին՝ Սոֆիա Կոպպոլայի «Պրիսցիլլա» ֆիլմում Էլվիս Փրեսլիի կնոջ կերպարը մարմնավորելու համար։
Լավագույն սցենարի համար մրցանակը շնորհվեց Պաբլո Լարայնի «El Conde» ֆիլմին։ Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Կանաչ սահման» ֆիլմին։
Լիդոյում աչքի ընկած ֆիլմերի, Վենետիկի կինոփառատոնի առանձնահատկությունների մասին զրուցել ենք կինոքննադատ Անտոն Դոլինի հետ՝ փորձելով ամփոփել 12-օրյա իտալական կինոտոնը։
– «Մեդուզայում» կարդացի, որ հավանել եք Լանտիմոսի «Poor Things»-ը, շատ-շատերն են հավանել։ Ինչպե՞ս ստացվեց, որ մաքուր հեղինակային ֆիլմեր նկարող Լանտիմոսը այսքան մասսայական դարձավ:
– Կարծում եմ՝ մի քանի գործոն նպաստեց դրան, գուցե նաև դա ժամանակավոր է: Գուցե հաջորդ ֆիլմից հետո այդ մասսայական սերը լքի նրան։ Համամիտ եմ՝ ասածս կարող է անպատասխանատու ենթադրություն լինել։ Լանտիմոսը շատ տաղանդավոր ու հավակնոտ մարդ է։ Նա հունական կինոյում ձեռքբերումներից հետո անմիջապես անցավ անգլալեզու ֆիլմերի։ Երբ Դարդեն եղբայրների առաջին ֆիլմերը Կաննում հաջողություն ունեցան, տարբեր «բրեդփիթներ, մեթդեյմոններ» խնդրում էին նկարահանվել նրանց մոտ։ Սակայն Դարդեն եղբայրները հրաժարվեցին՝ ասելով, որ այլ ոճ ու օրակարգ ունեն։ Իսկ Լանտիմոսը չհրաժարվեց անվանի դերասաններից, նաև մեծ գումարներից՝ դրանք օգտագործելով որպես հնարավորությունների պատուհան, որը նա անընդհատ ընդլայնում է։ Եվ Լանտիմոսը նկարեց «The Favourite»-ը, որում առնվազն թագուհու բացահայտ համասեռամոլությունը բավական նոր հայեցակարգ էր կոստյումային պատմական կինոյի համար։ Այն բավականաչափ մեյնստրիմային էր եվրոպական փառատոններում հաղթելու և Օսկարում հայտնվելու համար: Իսկ «Poor Things»-ը, կարծում եմ, արդեն նրա «նահանջն է» դեպի արմատականություն՝ էրոտիկ անկեղծությամբ /բայց ոչ գռեհիկ/, էքսցենտրիկ երաժշտությամբ ու օպերատորական լուծումներով, զվարճանքի այգի հիշեցնող արհեստական դեկորացիաներով․․․ Հոլիվուդում այսպես չեն նկարում:
– Մինչև փառատոնը Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ կենսագրական ֆիլմերի ալիքը՝ Մանի «Ֆերրարին», Կուպերի «Մաեստրոն», Կոպպոլայի «Պրիսցիլլան», կարող է մանիպուլյատիվ և շաբլոնային տարրեր ունենալ։ Ի՞նչ կասեք հիմա, երբ արդեն դիտել եք ֆիլմերը։
– Բայոպիկները գրեթե միշտ մանիպուլյատիվ են և կաղապարային: Կանոններից սակավաթիվ բացառություններ կան: «Մաեստրո»-ի սցենարը կարծես թե թույլ ու չմշակված է, ինչի պատճառով տուժել են դերասանական խաղը և օպերատորական շատ հետաքրքիր մոտեցումները: Նշված ֆիլմերը փորձում են հավասարակշռություն գտնել, ներկայացնել հերոսների հասարակական գործունեությունը, բայց նաև նրանց անձնական կյանքը։ «Պրիսցիլլայում» շեշտը դրվում է հենց հերոսուհու անձնական կյանքի վրա։ Ֆիլմը Էլվիս Փրեսլիի կնոջ մասին է, դրա մեջ Փրեսլիի ոչ մի գործ չի հնչում։ Պատճառը տեխնիկական խնդիրներն էին, իհարկե, սակայն դա նշանակություն չունի․․․ Նույնիսկ շատ կոնցեպտուալ ժեստ է թվում: Նախկինում նման մոտեցումը դատապարտվում էր։ Եթե ֆիլմ էին նկարում Փրեսլիի մասին, ապա այն պետք է լիներ երաժշտության մասին: Այսօր իրավիճակը փոխվել է։ Այս 3-ից կառանձնացնեմ «Պրիսցիլլան»՝ չնայած գիտեմ, որ գործընկերներիցս շատերին այն ընդհանրապես դուր չի եկել։
– Անդրադառնալով «Մաեստրոյին»՝ ինձ շատ էր խանգարում Բրեդլի Կուպերի խաղը, նա ասես եկած լիներ՝ ցուցադրելու դերասանական կարողությունները:
– Կա նման բան։ Դա անխուսափելի է, երբ դերասանը դառնում է ռեժիսոր և սեփական ֆիլմում խաղում գլխավոր հերոսի դերը։ Ի հայտ է գալիս նարցիսիզմը․ այս դեպքում դրան գումարվել է նաև Լեոնարդ Բերնստայնի նարցիսիստական բնույթը, որին Կուպերը մարմնավորել է։
– 22 տարի է՝ լուսաբանում եք Վենետիկի կինոփառատոնը: Ինչպե՞ս է այն ձևափոխվել։
– Սկզբունքային ոչինչ չի փոխվել։ Այն բուռն է, մարդաշատ, կարգապահությունը քիչ է, միևնույն ժամանակ ավելի հանգիստ է, քան Կաննում, բիզնես մթնոլորտ չկա, ուտելիքը թանկ է և ոչ շատ համեղ, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ շատ գեղեցիկ։
Փոփոխությունները հիմնականում երևում են փառատոնի ծրագրից։ Օրինակ, երբ փառատոնի ղեկավարը Մարկո Մյուլլերն էր, որը ռուսական և հետխորհրդային կինոյի սիրահար էր և ասիական կինոյի մեծ գիտակ, փառատոնն անհնար էր պատկերացնել առանց չինական արտադրության ֆիլմերի։ Այս տարի չինական ֆիլմեր չկային։
Նաև այնպես է ստացվել, որ Վենետիկի կինոփառատոնը անցկացվում է հենց այս ժամանակահտվածում, ուստի կանխատեսում է Օսկարի արդյունքները։ Կա նաև Տորոնտոյի կինոփառատոնը, բայց այն ավելի քիչ գլամուրային է: Չնայած Հոլիվուդում կինոգործիչների գործադուլների պատճառով այս տարի Լիդո կղզին ևս այդքան գլամուրային չէր, որովհետև շատ աստղեր ներկա չէին։ Իսկ մնացած փոփոխությունները թելադրում է ժամանակը՝ քովիդ, պատերազմ։ Դա վերաբերում է ընդհանուր առմաբ համաշխարհային կինոյին։ Կինոն ամեն ինչ զգում է ու արձագանքում կամ, ընդհակառակը, փորձում ընդդիմանալ։
– Այս տարի Վենետիկի կինոփառատոնի ֆիլմերում այնքան ֆիզիկական դաժանություն կար՝ արյուն, ագրեսիա, բռնություն, առնականություն, ռազմական թեմատիկա:
– Բացարձակ ճշմարտություն է: Այո, պատերազմը սկսվեց, ռեժիսորները մտածեցին՝ լավ կլիներ տեստոստերոնի համապատասխան չափաբաժին ապահովել, ցույց տալ՝ ինչպես են տղամարդիկ իրար սպանում կամ մրցավազքի մեջ մտնում։ Բայց իրականում նրանք պարզապես չէին հասցնի իրենց ֆիլմերով արձագանքել աշխարհում վերջին զարգացումներին։ Ֆիլմերը երկար են ստեղծվում։
Խոսքն ավելի շատ օդում սավառնող տենդենցները և թեմաները, ընդհանուր մթնոլորտը ճիշտ որսալու մասին է: Արվեստը, մասնավորապես՝ կինոն, զգայուն են այս բացասական մթնոլորտի նկատմամբ։ Որքան տաղանդավոր է մարդը, այնքան արագ են աշխատում նրա «ալեհավաքները»։ Այստեղից էլ՝ զուգադիպությունները։
– Փառատոնից առաջ նշել էիք, որ Վենետիկի կինոփառատոնի հետ կապված Ձեր հիասթափություններից մեկն այն էր, որ Միյաձակիի նոր ֆիլմը ցուցադրվում է ոչ թե այստեղ, այլ Տորոնտոյում։
– Յուրաքանչյուր փառատոն էլ կարող է չստանալ իր ուզած ֆիլմը․ պատճառները տարբեր են՝ ինչ-որ մեկի խոցված հպարտությունից մինչև պրոդյուսերների բիզնես շահերը: Ես կարող եմ ենթադրել՝ ինչու Միյաձակին Վենետիկի փառատոնում չէ՝ հաշվի առնելով, որ նրա նախորդ ֆիլմերը հենց այստեղ են ներկայացվել։ Կարծում եմ՝ Տորոնտոն ուղղակի բացման ֆիլմի կարգավիճակ է տվել Միյաձակիի ֆիլմին։ Սա մաքուր ենթադրություն է, բայց նաև վստահ եմ, որ Միյաձակին ընդհանրապես մասնակցություն չի ունեցել այս գործընթացներին։ Իսկ հիասթափեցնող էր այն, որ իմ ամերիկյան վիզայի ժամկետը լրացել է, չեմ կարող մեկնել Տորոնտո, այժմ Եվրոպայում եմ ապրում: Բայց ոչինչ, նոյեմբերին համաշխարհային պրեմիերայի ժամանակ կնայեմ։ Այս ֆիլմին գրեթե 10 տարի սպասել ենք, ևս մեկ ամիս կսպասենք։
– Վուդի Ալենը ևս Լիդոյում էր՝ «Coup de Chance» ֆիլմով։ Ենթադրվում է, որ սա կարող է նրա վերջին ֆիլմը լինել։ Մեծ հաշվով, Վուդին արդեն վաղուց ասելու բան չունի։
– Ալենն արդեն 50 տարի է՝ ասելու նոր բան չունի։ Նա անվերջ նույն բանն է անում։ Բայց Վուդիից հենց դա էլ ակնկալում ես՝ ջազ, թեթև ցինիզմ, մի քիչ սեր, մի քիչ դավաճանություն, հմայիչ ու զզվելի կերպարներ։ Ես վայելեցի նրա նոր ֆիլմը, ինչպես նաև Լինքլեյթերի «Հիթմենը», Պոլանսկու «Դղյակը», թեև շատերն ասում են, որ վերջինս պարզապես անճաշակության գագաթնակետն է: Հավանել եմ նաև Թիմ Քրյոգերի «Ամեն ինչի տեսություն» ֆիլմը՝ մաքուր «կինոքննադատական» գործ է։
– Փառատոնի շրջանակում ցուցադրվեց նաև Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը։ Ինչո՞ւ է այն կարևոր ու արդիական նաև այսօր։
– Պատճառն ակնհայտ է. ուկրաինական կինոյի ավանդույթը բխում է ուկրաինական յուրօրինակ մշակույթից, անմիջականորեն կապված չէ ռուսական կամ խորհրդային մշակույթի հետ, և այդ ավանդույթը կինոյում այնքան էլ հարուստ չի ներկայացված։ Փարաջանովի ֆիլմն այդ խնդիրը լուծող բացարձակ գլուխգործոցներից մեկն է։ Իսկ այսօր, երբ Ուկրաինան զենքը ձեռքին պայքարում է իր ինքնիշխանության համար, ժամանակն է, որ այդ մասին ևս մեկ անգամ հիշեցնի նաև կինեմատոգրաֆը։
Պատրաստեց Դիանա Գասպարյանը
Վենետիկ-Երևան,2023թ․