Աննա Մանիանի՝ հասարակ իտալուհու կերպարն ապրեցնողը
Աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանիանիի տաղանդի ուժով ստեղծված հասարակ իտալուհու կերպարն ապրում է աշխարհի գրեթե բոլոր կինոթատրոնների էկրաններին։ Այդ իտալուհին ֆիլմից ֆիլմ է տանում ճշմարտության ոգին։
Աննա Մանիանին ծնվել է Հռոմում։ Դերասանական վարպետության առաջին դասերն ստացել է Հռոմի Սանտա-Չեչիլիա ակադեմիայի ասմունքի դպրոցում։ Թատերական գործունեությունն սկսել է Չիմարեի խմբում, երեք տարի անց առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Դերասանուհու կինոմուտը մնացել է աննկատ։
Աննա Մանիանիի՝ այն դերասանուհու ծնունդը, որին ճանաչում ու սիրում ենք, որը հրապուրիչ է իր անմիջականությամբ, կրակոտ խառնվածքով, խորունկ ապրումների անկեղծությամբ, սովորաբար կապում են Ռոսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» ֆիլմի հետ, որը իտալական կինոարվեստում նշանավորեց նոր ուղղության՝ նեոռեալիզմի սկզբնավորումը։ Շնորհիվ Աննա Մանիանիի նեոռեալիզմը գտավ մի դերասանուհու, որն ընդունակ էր առավել լրիվ արտահայտելու արվեստի այդ ուղղության գաղափարներն ու գեղագիտական սկզբունքները։ Հիշյալ ֆիլմում Մանիանիի խաղացած հերոսուհին դարձավ ազգային տիպար, Իտալիայի ազգային մշակույթի մասնիկը։
Ֆեդերիկո Ֆելինիի «Հռոմ» վավերագրական կինոնկարում մի այդպիսի դրվագ կա, գիշերային Հռոմի փողոցներով մի կին է քայլում, լսվում է նրա կոշիկների կրունկների կտկտոցը։ Մենք տեսնում ենք նրա մեջքը։ Բայց ահա նա շուռ է գալիս, և մենք տեսնում ենք Աննա Մանիանիին։ Դրվագը տևում է մի քանի վայրկյան։ Եվ պատահական չէ, որ դերասանուհին միակ ծանոթ մարդն է մեծ Ֆելինիի ֆիլմում։ Որովհետև Աննա Մանիանին Հռոմի նույնպիսի հավերժական ու անկապտելի մասն է, այդպիսին ս․ Պետրոսի եկեղեցին է, Իտալիայի ազգային մշակույթի հուշարձանը։