Վենետիկյան փառատոնի նպատակը ոչ թե մրցույթն էր, այլ կինոարվեստի ցուցադրությունը
Վենետիկի միջազգային կինոփառատոնը ամենահին և ամենասպասված հեղինակավոր կինոիրադարձություններից է։ Վենետիկյան կինոստուգատեսն անցկացվում է ամեն տարի աշնանը (ավելի հաճախ՝ օգոստոս-սեպտեմբերին) Լիդո կղզում (Իտալիա) և տևում է մոտ երկու շաբաթ։ Միջոցառման ամսաթիվը եզակի է յուրաքանչյուր տարվա համար: 2023 թվականին այդ ամսաթիվը օգոստոսի 30-ն է (շարունակվելու է մինչև սեպտեմբերի 9-ը)։
Հնագույն կինոփառատոնը, որ առաջին անգամ անցկացվել է 1932 թվականին, համարվում է նմանաբնույթ առաջին միջոցառումը: Նրա նպատակը ոչ թե մրցույթն էր, այլ նախ և առաջ կինոարվեստի ցուցադրությունը լայն հանրությանը: Փառատոնը հիմնադրվել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Ֆիլմերի միջև մրցակցությունն սկսվել է հիմնադրումից երկու տարի անց, թեպետ այդ ժամանակ պաշտոնական ժյուրի դեռ չի եղել: 1935 թվականին փառատոնը դարձել է ամենամյա, հայտնվել է «Վոլպի գավաթ» հեղինակավոր դերասանական պարգևը, իսկ մեկ տարի անց ձևավորվել է և միջազգային ժյուրին: Վենետիկի փառատոնը երկու անգամ ընդհատվել է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և 1960-ականների վերջին, բայց ոչ երկար։
Փառատոնի հիմնական մրցութային ծրագիրը ներառում է լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել հանրությանը և չեն մասնակցել այլ փառատոների․
* աշխատանքները պետք է ավարտված լինեն մեկ տարուց ոչ ուշ մինչև փառատոնի սկիզբը,
* համաշխարհային պրեմիերան ֆիլմերի համար, որոնք հավակնում են մասնակցելու փառատոնին, պարտադիր է:
Սովորաբար նման ֆիլմերի թիվը հասնում է 20-ի, դրանք ընտրվում են փառատոնի տնօրենի և հինգ փորձագետներից կազմված հանձնաժողովի, ինչպես նաև օտարերկրյա խորհրդատուների խմբի կողմից: Ընտրված ֆիլմերի ցանկը խիստ գաղտնի է պահվում մինչև պաշտոնական հայտարարությունը։
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» շնորհվում է լավագույն ֆիլմին։ Պարգևատրվել են նաև «Արծաթե առյուծ» մրցանակ՝ լավագույն ռեժիսորի համար, «Վոլպիի գավաթը»՝ լավագույն դերասանի և լավագույն դերասանուհու համար, «Մարչելլո Մաստրոյանիի» մրցանակ՝ լավագույն երիտասարդ դերասանի կամ դերասանուհու համար, «Օսելլա» մրցանակ՝ լավագույն սցենարի, օպերատորական աշխատանքի, ակնառու տեխնիկական վաստակի համար և այլն:
Գոյություն ունի նաև ժյուրիի հատուկ մրցանակ, որը ժյուրիի խնդրանքով շնորհվում է ռեժիսորին, դերասանին կամ դերասանուհուն՝ կինոյում ունեցած ավանդի համար։ Բացի այդ, պարգևատրվում են երիտասարդ կինոգործիչների լավագույն առաջին և երկրորդ աշխատանքները, մրցանակ է տրվում լավագույն ստեղծագործական և մասնագիտական համագործակցության համար։ Փառատոնի բոլոր բաժինների աշխատանքի արդյունքների հիման վրա շնորհվում է նաև «Լուիջի Դի Լաուրենտիսի» մրցանակը։
Բացի կինոփառատոնի գլխավոր մրցանակներից, միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնությամբ, հասարակական և այլ կազմակերպությունները կարող են սահմանել լրացուցիչ մրցանակներ, որոնք շնորհվում են պաշտոնական հաղթողների մրցանակաբաշխությունից դուրս մրցութային աշխատանքներին: Սրանք տարբեր մրցանակներ են, որոնք հաստատվել են FIPRESCI-ի՝ քննադատների ասոցիացիաների կողմից և այլն:
Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները ցուցադրելու են 23 ֆիլմ հիմնական մրցութային ծրագրից։ Դրանցից են Էդուարդո Դե Անջելիսի «Կոմանդեր» (բացման ֆիլմ), Բրեդլի Կուպերի՝ «Մաեստրո», Մայքլ Մանի՝ «Ֆերարի», Ստեֆանո Սոլլիմայի՝ «Ադաջիո» և այլ ֆիլմեր։
Հ․Գ․Հարկ է խոստովանել, որ չնայած մասնագիտական միջավայրում ունեցած հեղինակությանը և համբավին, փառատոնն արդեն չեն համեմատում Կաննի կամ Բեռլինի հետ, ինչպես տնտեսական և աշխարհագրական պատճառներով, այնպես էլ օրացուցային համընկնումների. մոտավորապես նույն ժամանակ է մեկնարկում և Տորոնտոյի կինոփառատոնը, որ նշանակալի ժողովրդականության է հասել: Իսկ այստեղի կինոշուկան իր թափով զգալիորեն զիջում է նույն Կաննին և կազմակերպվում է ոչ այնքան վաղուց՝ ընդամենը 7 տարի: