Քրիստոֆեր Նոլանի վերջին` «Օպենհայմեր» գրեթե հանրագիտարանային մոնումենտալ ֆիլմը հիմնված է Մարտին Շերվինի և Քայ Բըրդի «Ամերիկյան Պրոմեթևս. Ռոբերտ Օպենհայմերի հաղթանակը և ողբերգությունը» գրքի վրա, որը 2006 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։
Ֆիլմը «ատոմային ռումբի հայր» Ռոբերտ Օպենհայմերի կյանքի և ատոմային ռումբի առաջին փորձարկումների մասին է։ Նոլանը նաև պատմում է՝ ինչ զարգացումներ են սպասում Օպիին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ մեղադրանքներ հայրենիքի դավաճանության, ԽՍՀՄ օգտին լրտեսելու և կոմունիստական գաղափարախոսությանը իբր հարելու համար։ Սա, սակայն, ֆիլմ է ոչ միայն Օպենհայմերի մասին։ Նոլանը ամեն րոպե հանդիսատեսին մի նոր անուն է շպրտում՝ ցույց տալով՝ ինչ կարկառուն դեմքեր է տվել 20-րդ դարը, որոնց գիտության զարգացմանն ուղղված գաղափարներն ու գործունեությունն իրականում պատուհաս են դարձել մարդկության համար։
…Ո՞վ կպատկերացներ, որ մեկ դար անց ատոմային ռումբի մասին ֆիլմը կարող է այսքան ակտուալ լինել այսօր։
«Օպենհայմերը» նկարահանվել է IMAX տեսախցիկներով՝ առաջին անգամ սև ու սպիտակ ժապավենի օգտագործմամբ։ Գունավոր և սև ու սպիտակ կադրերը փոխարինում են իրար՝ ներկայացնելով Օպենհայմերի կյանքը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ տեսնակյուններից (Նոլանը նման լուծում է կիրառել նաև «Memento» ֆիլմում)։ Այս լաբիրինթոսից հանդիսատեսին կհաջողվի դուրս գալ միայն ֆիլմի վերջին վայրկյանին կամ էլ ընդհանրապես չի հաջողվի։
Առանձնահատուկ հիշատակման է արժանի ֆիլմում ատոմային ռումբի «Թրինիթի» փորձարկման տեսարանը, որի համար համակարգչային գրաֆիկա չի օգտագործվել (այս դրվագը վիզուալ գարշելի գեղեցկությամբ վստահաբար դեռ երկար կհիշվի, իսկ պայթյունից անմիջապես հետո էկրանին մի քանի ակնթարթ տիրող լռությունը կինոյի պատմության մեջ կմնա որպես ամենասարսափազդու տեսարաններից մեկը)։
Քիլիան Մըրֆին, որը Նոլանի հետ գործակցում է արդեն 20 տարի և ներգրավված է եղել ռեժիսորի նախագծերից 5-ին, «Օպենհայմերում» խաղացել է իր թերևս լավագուն դերը։ Հարցազրույցներից մեկում Քիլիանը նշում է՝ սա Նոլանի մագնում օպուսն է, իսկ իր կարիերում՝ լավագույն փուլը, հնարավորություն՝ հերթական անգամ տեսնելու՝ ինչպես է Նոլանը կառավարում կինոլեզվով։
Նոլանը, իրապես, անդադար նոր հնարքների է դիմում՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր ձեռագրին։ «Օպենհայմերում» տեսնում ես «Ինտերստելարի» ազատությունն ու տիեզերական դժբախտությունը, գիտության հանդեպ կիրքը, «Պրեստիժի» արկածախնդրությունն ու սեփական որոշումների կործանարարությունը, Բեթմենի տրիլոգիայից՝ «հերոս-հանճարի» աստվածարումը․․․ Կամ էլ որսում ես «Դյունկերկի» մթնոլորտը՝ ամեն պահի սպասելով մոտալուտ ողբերգությանը։ Կար ևս մեկ նմանություն՝ գրեթե չլռող ֆանտաստիկ երաժշտությունը։ Սակայն, ի տարբերություն դանդաղընթաց «Դյունկերկի», որտեղ մի վայրկյան անգամ չդադարող երաժշտությունը շատ օրգանիկ էր, «Օպենհայմերում» այն երբեմն անտեղի է (այնուհանդերձ, հաճախ ամեն ինչ չափից շատ դրամատիզացնող Նոլանի որոշումներն ու ֆետիշներն անքննելի են):
Ուշագրավ է և այն, որ ֆիլմը ատոմային ռումբի հոր, այլ ոչ ատոմային ռումբի մասին է, ոչ թե պայթյունից տուժած հազարավոր ճապոնացիների, այլ կարմիր կոճակը անուղղակիորեն սեղմած մեկ մարդու ողբերգության մասին է։
Քիլիան Մըրֆիի արտահայտիչ թափանցիկ աչքերը, միշտ նևրոտիկ, ցինիկ, միամիտ կերպարը ստիպում են մոռանալ ատոմային ռումբը։ Ինչ-որ պահի նույնիսկ սկսում ես ապրումակցել, ցանկանալ, որ նրա «ատոմային գաղափարները» հաջողեն՝ չնայած հասկանում ես՝ լավ կլիներ՝ երբեք չհաջողեին։
Օպենհայմերը գիտնական լինելուց զատ արվեստագետ է, որը ստեղծագործելիս չի մտածում հանդիսատեսի մասին, նրա համար կարևոր է արվեստի բացառիկ նմուշ կերտելը…Երբեմն կասկածներ, իհարկե, հայտնվում են՝ արդյո՞ք իր գործն արդար է, արդյո՞ք ատոմային ռումբը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերջ տալ բոլոր պատերազմներին, արդյո՞ք 200.000-ից ավելի անմեղ մարդու մահը կարող է բարոյական լինել։ Սկզբում այս հարցերն անկարևոր են թվում, սակայն ատոմային ռումբի առաջին փորձարկումներից հետո Օպենհայմերը սարսափով կմտաբերի հետևյալ խոսքերը՝ «Ես մահն եմ, աշխարհների կործանիչը» («Բհագավադ Գիտա»):
Քիլիան Մըրֆիի կերտած Օպենհայմերին ավելի լավ բացահայտել է օգնում վիրտուոզ Հոյտե վան Հոյտեմայի տեսախցիկը՝ անթիվ խոշոր պլաններով, «ընդարձակ» ու կլաուստրաֆոբիկ կադրերով։ Կարող է սխալմամբ թվալ, թե Հոյտեման թույլ է տալիս՝ հայտնվելու հերոսների գլխում, բայց հենց միամտաբար մտածում ես՝ մոտ ես հարցերիդ պատասխանները գտնելուն, նա քմծիծաղում է՝ «չմտածեք, թե երբևէ կիմանաք՝ ինչ էր կատարվում աշխարհի ապագան կանխորոշած ուղեղներում»։ Անհնար է նաև անտարբեր անցնել այն փաստի կողքով, որ Հոյտեման «մեջբերումներ է անում» Տարկովսկիից, մասնավորապես՝ «Հայելի» ֆիլմից, ինչը նոլանական գլխապտույտ կինոտիեզերքը ավելի պոետիկ է դարձնում։
Ֆիլմի մյուս կարևոր «հերոսը» Ջենիֆեր Լեյմն է, որի դինամիկ, «պատառոտված» մոնտաժը հետևում է սյուժեի տրամադրությանն ու հերոսների հոգեբանական տատանումներին, արտացոլում Նոլանի սցենարի տենդագին էներգիան ու Մըրֆիի կերպարի ներքին խառնաշփոթը, ավելի սրընթաց դարձնում մոտալուտ կործանումը։ Իսկ ֆիլմի ձայնային մշակումը ծայրահեղ վախի մթնոլորտ է ստեղծում, ինչը, ի թիվս այլ արժանիքների, թույլ է տալիս ասելու՝ «Օպենհայմերը» նաև սարսափ ֆիլմ է, որը դիտելիս նույն անհարմարությունն ես զգում, ինչ, օրինակ, Կուբրիկի կուլտային «The Shining»-ը դիտելիս։
Նոլանը կինոսերներին է բացվում ևս մեկ՝ իրեն ոչ հատուկ կողմից։ Առաջին անգամ նրա մոտ տեսնում ենք սեռական ակտի դրվագներ. ճիշտ է, ընդամենը վայրկյաններ են տևում, բայց այլևս երբեք չեն մոռացվում։ Նույն ազդեցությունն են թողնում, ինչ Գասպար Նոեի ֆիլմերը՝ տարօրինակ են, գրավիչ, վախեցնող։ Ինչ արժե միայն այն տեսարանը, երբ Օպենհայմերի հետ սիրով զբաղվելիս Ջեն Տետլոկը (Ֆլորենս Պյու) խնդրում է նրան բարձրաձայն «Բհագավատ Գիտա»-ից սանսկրիտով հատվածներ ընթերցել…Այս տեսարանը, սակայն, ոչ բոլորին է «գոհացրել»։ Հնդկաստանում, օրինակ, այն դժգոհությունների ու նույնիսկ բողոքի ակցիաների առիթ է դարձել։
Հատուկ ուշադրության է արժանի դերասանների ընտրությունը։ Բացի Կիլիան Մըրֆիից՝ «Օպենհայմերում» իրենց լավագույն դերերն են խաղացել նաև Մեթ Դեյմոնը (Լեսլի Գրուվզ) և Ռոբերտ Դաունի Կրտսերը (Լյուիս Շտրաուս)։ Վերջինիս հետ Օպենհայմերի հարաբերությունները, ինչպես Նոլանն էլ է խոստովանում, շատ նման են Սալիերիի և Մոցարտի «ընկերությանը»: Նոլանը դուրս է բերել Դաունիին մարվելյան աշխարհից՝ հնարավորություն տալով ամբողջ ծավալով ցուցադրելու դերասանական վարպետությունը, կերտելու փոքր, չինքնահաստատված, աշխարհից վիրավորված մարդու, որը կարողացավ ազդել Օպենհայմերի կյանքի ու գուցե և համաշխարհային պատմության վրա (այստեղ Նոլանը սրամտորեն փորձում է պատասխանել նաև «Ո՞վ է սպանել Քենեդիին» հռետորական դարձած հարցին)։
Հերթական անգամ հաճելիորեն զարմացնում են Կեյսի Աֆլեկը՝ սառը, խարիզմատիկ, խորամանկ, Հարի Օլդմանը՝ ԱՄՆ նախագահ Հարի Թրումանի դերում (կրկին՝ անմոռանալի րոպեներ)։ Հիասթափեցնող է, որ Նոլանը երկրորդ պլան է մղել կանանց կերպարները. Էմիլի Բլանտի՝ Օպիի կնոջ, և Ֆլորենս Պյուի՝ սիրուհու կերպարները աչքի ընկնող էին, բայց արտառոց ոչինչ։ Ռեժիսորը երևի թե առաջնորդվել էր «յուրաքանչյուր տաղանդավոր տղամարդու հետևում կանգնած են ուժեղ կանայք» ֆեյսբուքահայության համար միշտ ակտուալ աֆորիզմով։
Քրիստոֆեր Նոլանը հերթական անգամ ստեղծել է ֆիլմ, որը ոմանց նյարդայնացնում է, հունից հանում, սարսափեցնում, ոմանց հուզում, հիացնում, խլացնում, բայց ոչ անտարբեր թողնում (բացի «Tenet»-ից, այն միայն նյարդայնացնում է)։ «Օպենհայմերը» ատոմային ռումբի պես է՝ ազդեցությունը դիտելուց հետո էլ դեռ շատ երկար ես զգում։ Ու ինչպես Նոլանն է ասում. «Մի՛ փորձեք հասկանալ իմ ֆիլմերը, դրանք ուղղակի զգալ է պետք»։
Պատրաստեց Դիանա Գասպարյանը