Մահվան պատճառն, իհարկե, երևանյան անտանելի շոգն է․․․
Նվիրում եմ մայրիկիս․․․
Քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկի այս բակում ժամանակին չկար բազմահարկ անդեմ հյուրանոց, բայց փոխարենը կար համեստ ու ջերմությամբ լի տուն, կողքն էլ՝ կայանած հին զիմ, որը երկար ամիսներ հարդարվելուց հետո, մի օր վերջապես աղմուկով և ծափողջյուններով տեղից շարժվեց՝ տանելով բակում վազվզող բոլոր երեխաներին զբոսանքի։ Մեքենայում այնքան շատ էինք, որ ստիպված նստել էինք երեք շերտով՝ իրար գիրկ, բայց այդ մի քանի րոպեների ուրախությունն այնքան խիտ էր, իսկ ծիծաղն՝ այնքան ուժեղ, որ մինչև հիմա շարունակում է զրնգալ ականջներիս մեջ։ Իսկ հետո զիմը լռեց, ինչպես և մեր ծիծաղը, երբ առաջին անգամ առերեսվեցինք մահվան ոչ հեռուստատեսային, այլ իրական դառնությանը։
Ամիսների ընթացքում զիմը լուռ տանում էր տիրոջ մահվան լուրը՝ կամաց-կամաց մեքենայից վերածվելով առանձնատան, որտեղ բակի «բարի» տղաները զօր ու գիշեր նախագծում էին ինչպես ծեծի չենթարկվեն նույն բակի մեծահասակ տղաների կողմից։ Ասես Բրյուս Լին կամ Ջեկի Չանը, նրանք պատրաստվում էին ոտքի մեկ հզոր շարժումով հարվածել թշնամու կրծքավանդակին և նետել նրան ուղիղ հոտավետ աղբամանների մեջ։ Միայն թե քանոն-մատիտով գծած այս ծրագիրը ջուրն էր ընկնում գրեթե ամեն օր, երբ տղաներից մեկը, բակի հույզերից անտեղյակ ծնողի կարգադրանքով, տանում էր աղբը թափելու և առերեսվում մութ անկյուններում իրեն թաքուն սպասող «մեծերից» մեկին, երբեմն նաև՝ մի քանիսին։
Ամռան ամիսներին բակ նայող բոլոր պատուհանները միշտ բաց էին, ծնողներն անդադար լսում էին մեր հազար տեսակի խաղերի ձայները. գետնից բարձր, յոթ քար, գործնագործ, հալամուլա. լացում էինք, կռվում, հաշտվում ու նորից խաղում։
Բայց, դե օրվա կարևորագույն պահերից էր վաղ առավոտը, երբ որոշվում էր ամառային արձակուրդի հերթական շոգ օրվա մոտավոր եզրագիծը։ Միայն թե առավոտյան այդ ժամին ես ու եղբայրս դեռ բակում չէինք։ Մեր տան չգրված, բայց չորս պատին փորագրված օրենքներից մեկն այն էր, որ անգամ արձակուրդների ժամանակ՝ խաղալուց առաջ պետք է նվազագույնը մեկ ժամ դաս անել, մի քանի էջ գիրք կարդալ, և ինչ անենք, որ այդ մեկ ժամվա բացակայությունը բակում կարող էր բեկումնային հետևանքներ ունենալ՝ մեր ամբողջ օրվա համար։
Այդպիսի մի դժբախտ առավոտներից մի օր, կանգնած լայն բացված պատուհանի դիմաց, սանրում էի, կամ ավելի ճիշտ՝ պոկռտում մազերս և աչքի պոչով հետևում բակում զրուցող ընկերուհիներիս։ Ուղեղի յուրաքանչյուր մասնիկով փորձում էի գուշակել՝ ինչի մասին են պայմանավորվում, իսկ երբ նրանք ձեռքով նշան էին անում, որ իջնեմ, ձև էի թափում իբր ամենևին էլ իրենց չեմ նայում։ Երբ վերջապես, հավաքեցի սանրի վրա կուտակված գանգուրներս և մեկ թեթև շարժումով ուղարկեցի սավառնելու պատուհանից դուրս, լսվեց մորս ձայնը՝ այնքան անսպասելի, որ սանրն ընկավ ձեռքիցս։
-Բա նման բան կանե՞ն, բացականչեց մայրս։ Հիմա մազերիդ փունջը կփաթաթվի մի անմեղ ճնճղուկի թևերին, և չկարողանալով թռչել նա կընկնի ուղիղ Ջեկոյի երախը։ Գո՞հ ես արածիցդ։
Ասաց ու գնաց, սարսափահար թողնելով ինձ մենակ՝ ճնճղուկին խժռող Ջեկոյի թվացյալ պատկերի հետ։ Ջեկոն մեր բակի շունն էր։ Ավելի ճիշտ, դա մեր բակի բոլոր թափառական շների հավաքական կերպարն էր։ Տարիների ընթացքում տասնյակ Ջեկոներ հաջորդում էին մեկը մյուսին։ Արտաքնապես բոլորն իրար այնքան նման էին, որ երևի միայն եղբայրս էր կարողանում նրանց տարբերել և ցավով հիշել ապրած-գնացած ամեն մեկին։ Հիմնականում բակի Ջեկոն բարի էր և ընկերասեր։ Բայց այդ օրը մորս հիշատակած շունը բացառություն էր․ հավանաբար դժվար մանկություն ունեցած այս Ջեկոն սարսափելի ջղային, հոգեկան շեղումներով գազան էր։ Եվ այն միտքը, որ իմ անհասկանալի գանգուրներից պատժվում եմ ոչ միայն ես, այլ նաև անմեղ ճնճղուկն, ինձ երկար ժամանակ հանգիստ չէր թողնում։ Բազմաթիվ հաջորդող օրերի ընթացքում, ես շտապում էի բակ և բոլորից թաքուն փնտրում ծառից ընկած իմ փոքրիկ զոհին՝ հույս ունենալով գտնել նրան Ջեկոյից շուտ։
Սակայն սեպտեմբերյան զանգը մոռացնել տվեց առօրյա խաղերն ու պահարանում դասավորեց մեր հողածածկ սանդալները։ Այդպես դպրոցական զանգերը հաջորդում էին մեկը մյուսին, փոխելով օրացույցի էջերն ու տարիները՝ վերջապես մի օր ցրելով մեքենայի մեջ իրար գիրկ նստած երեխաներին աշխարհի չորս անկյուններում։ Մեր ընկերոջ տան կիսաքանդ պատերը հիմք դարձան բազմահարկ և անդեմ հյուրանոցի համար՝ ծածկելով բոլորիս պատուհաններից երևացող դպրոցի բակի տեսարանը։ Զիմն էլ մի գիշեր, հավաքեց իր վերջին ուժերն ու լուռ հեռացավ՝ իր հետ տանելով մեր մանկության ուրախ օրերն ու ծիծաղը․․․
Նորեն կանգնած եմ մեր տան լայն բացված պատուհանների դիմաց․ նույն Ամիրյան փողոցի ետնաբակն է, ամառ, երևանյան այրող արև, բայց ես արդեն երեխա չեմ, այլ օտար ամայի հողերում թափառող հերթական մեկը, որ կարճ ժամանակով եկել է տուն՝ ծիրան ուտելու, ինչպես կատակելով ասում է հայրս։
«Մա՞մ», տղայիս անսպասելի ձայնն ինձ կտրում է մտքերից և բերում իրականություն։ «Մամ, կբացատրե՞ս, արձակուրդի իմաստն ինչում ա, եթե պետք է ամեն օր դաս անել ու շոգ կրակին սպորտի գնալ, փնթփնթում է Մարկը՝ այնուամենայնիվ հագնելով սանդալներն ու բացելով տան դուռը, – դե լավ, գնացինք, թե չէ կուշանանք»։ Ժպտալով հետևում եմ վեց տարեկան տղայիս հեռացող քայլերին՝ հայելանման պատկերներին իմ երեկվա մանկությունից։ Անշտապ բարձրանում ենք Աբովյան փողոցով, հանդիպում ծանոթ-ընկերների, խմում ջուր յուրաքանչյուր պուլպուլակից, քանզի Երևանում իրոք սարսափելի շոգ է։ Հասնելով Մարկի սպորտսրահի մոտ ու արդեն որերորդ անգամ նայում եմ ժամացույցիս՝ չենք ուշացել, իսկ երբ բարձրացնում եմ աչքերս, դիմացս կանգնած է զինվորական հագուստով բարձրահասական երիտասարդ։ Մի ձեռքով անհանգիստ ծխում է, իսկ մյուս ձեռքի ափի մեջ զգուշությամբ մի բան է պահել։ Այնքան զգույշ, որ ասես սառնորակ աղբյուրից մի ափ ջուր է վերցրել, որ խմի։ Տղային մոտենում են անցորդներ, նայում ափին, հարցեր տալիս։ Մենք էլ ենք առաջանում և վերջապես հասկանում, որ երիտասարդի ձեռքի մեջ անգիտակից ճնճղուկ է։
-Սատկած չի, չէ՞,- հույսով լի ձայնով հարցնում է Մարկը։
-Դեռ շնչում է, պատասխանում է երիտասարդը, հավանաբար բնից է ընկել, չգիտեմ։ Ամեն դեպքում գետնից բարձրացրեցի, որ բակի շունը չգտնի։
Անթարթ նայում եմ կիսամեռ ճնճղուկին, արցունքերը վայրկյանական այրում են աչքերս։ Մորս ձայնն ասես ընդամենը մի քանի րոպե առաջ էր նախազգուշացնում արարքիս հիմարության մասին։ Մի քանի րոպե թե՞ քսան տարի առաջ, բայց ինչ-որ զուգահեռ հարթության մեջ գանգուրներիս պոկռտած փունջը վերջապես հասավ ու փաթաթվեց ճնճղուկի թևերին, չթողնելով շարժվել, ստիպելով ընկնել։ Շտապելով թաքցնում եմ զգացմունքներս արևային ակնոցի հետևում, բայց թվում է, թե կրկնվող մղձավանջի նման, բոլոր հավաքվածները, երիտասարդի գլխավորությամբ, նայում են ինձ և մեղադրական հայացքով սպասում իմ խոստովանությանը, որ հետո վայրկյանական հոշոտեն։ Անգամ ճնճղուկը, վերջին շունչը պահած, կիսաբաց աչքի ծայրով, սպասում է շուրթերս այրող ճշմարտությանը։ Բայց, քանի որ ես այլևս հողածածկ սանդալներով այն երեխան չեմ, այլ բարձրագույն կրթություն ստացած մեծահասակ, ես կարողանում եմ արագորեն գտնել լուծում՝ դնելով պահի թերևս ամենաստոր ու դավաճան վերջակետը․ շուտափույթ համաձայնում եմ մի բուռ ափի շուրջ հավաքված և իրականությունից անտեղյակ ամբոխի վարկածի հետ․մահվան պատճառն, իհարկե, երևանյան անտանելի շոգն է։
(պատմութունը տեղադրված է առանց հատուկ միջամտության)
Լիլիթ Սոխակյան
2023թ․ Երևան