«Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերի փառատոն Ղարաբաղում՝ 1978 թվականին
Լեռնային Ղարաբաղի աշխատավորության համար 1978 թվականը սկսվեց ոչ միայն աշխատանքային նոր մեծագործություններով, այլև մշակութային կյանքի խոշոր իրադարձությամբ։ Ստեփանակերտում՝ հունվարի 23-29-ը կազմակերպվեց «Հայֆիլմ» կինոստուդիայում 1977-ին ստեղծված գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն ժապավենների փառատոն, որի նպատակն էր Ղարաբաղի հայությանը հաղորդակից դարձնել Սովետական Հայաստանի այսօրվա կինոարվեստի ստեղծագործություններին։
Հունվարի 28֊ին՝ Ստեփանակերտի «Ռոսիա» կինոթատրոնում, տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացումը։ Ստեփանակերտի քաղսովետի գործկոմի նախագահ Հ.Ավանեսյանի բացման խոսքից հետո ձայնը տրվեց ՀՍԱՀ Պետկինոյի նախագահ Գ. Հայրյանին, որը ներկաներին պատմեց փառատոնի ծրագրի մասին, նշեց միջոցառման կարևորությունը աշխատավորների կուլտուրական մակարդակը բարձրացնելու գործում։
Այնուհետև «Ղարմետաքս» կոմբինատի բանվորուհի, ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ Ռ. Պետրոսյանը մարզի աշխատավորների անունից ողջույնի ու երախտագիտության խոսք է ասում Հայաստանի կինոյի լիազոր ներկայացուցիչներին։ Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական դերասանուհի Մ. Բալասանյանն իր անսքող հրճվանքը հայտնեց «Երկունք», «Նահապետը», «Զինվորն ու փիղը» «Քարե հովիտ», «Հեղկոմի նախագահը», «Մրցույթի էին եկել խոհարարները» գեղարվեստական, մի շարք վավերագրական ու մուլտիպլիկացիոն ֆիլմեր դիտելու ստեղծված հնարավորության առթիվ, միաժամանակ մաղթելով, որ էլ ավելի ամրապնդվեն Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանների և «Հայֆիլմ» կինոստուդիայի ստեղծագործական կոլեկտիվների միջև վաղուց հաստատված կապերը։
Լեռնային Ղարաբաղի կինոֆիկացիայի վարչության պետ Ռ․ Խաչատրյանի ողջույնի խոսքը փաստորեն մի յուրատեսակ հաշվետվություն էր 1977 թվականին մարզի կինոցանցի կատարած աշխատանքի մասին։ Նա հպարտությամբ նշեց, որ անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների արդյունքներով Ղարաբաղի կինոցանցը համամիութենական մրցության հաղթող է ճանաչվել արժանանալով ՍՍՀՄ Պետկինոյի և ՍՍՀՄ կուլտուրայի աշխատողների արտմիության Կենտկոմի փոխանցիկ կարմիր դրոշին։
Պատասխան խոսք ասացին ՀՍՍՀ ժողովրդական արտիստներ Ֆ. Դովլաթյանն ու Մ. Մկրտչյանը։
Փառատոնի բացման երեկոյին ներկա էին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովը մարզկոմի քարտուղարներ Բոգոլովսկին, Ե. Սարգսյանը, մարզսովետի գործկոմի նախագահ Ա․ Ասլանովը և այլ պատասխանատու աշխատողներ։
Հայ կինոգործիչների ստեղծագործական հաշվետվությունը (այսպես կարելի է որակել փառատոնը) ջերմ արձագանք գտավ Ղարաբաղի նրբաճաշակ ու խստապահանջ հանդիսականների շրջանում։
Հայաստանի պատվիրակները փառատոնի օրերին հանդիպումներ ունեցան աշխատավորական կոլեկտիվների հետ, եղան մարզի տեսարժան վայրերում, պատմության թանգարանում, այցելեցին հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցեցին նրանց սրբազան հիշատակին։
Բարի ճանապարհ, մինչև նոր հանդիպում, ասում են սրտաբաց ու հյուրասեր ղարաբաղցիները։
«Կինոաշխարհ»