Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և սփյուռքահայության ջանքերի շնորհիվ Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը, որի պրեմիերան նախատեսվում էր Թուրքիայի Հանրապետության 100-ամյա տարելիցի օրը՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին։ Այդ մասին հայտնում է  aravot.am -ը հղում անելով Akunq․net-ի լուրերին՝ հիմնված թուրքական մամուլում հրապարակված նյութերին։

Աղբյուրի համաձայն՝ այդ մասին մասնավորապես հաղորդել է թուրքական ազգայնամոլական պարբերականներից մեկի՝ «Յենի Չաղ»-ի հոդվածագիրներից Ֆաթիհ Էրգինը։ Վերջինս Twitter-ի իր էջում գրել է, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի ջանքերի հետևանքով հիշյալ սերիալի ցուցադրությունը կարող է արգելվել անգամ Թուրքիայում։

Նա նաև նշել է, որ սփյուռքահայերը ֆիլմի ցուցադրությունն արգելելու հիմնավոր պատճառ են համարում այն, որ Աթաթուրքը ռազմական հանցագործ է։ Այդ տեսակետի հետ իր անհամաձայնությունն արտահայտելով՝ Ֆաթիհ Էրգինն իր վրդովմունքն է հայտնել Disney-ի կայացրած որոշման նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը սերիալի ցուցադրությունը չեղարկելու վերաբերյալ իր կոչում Disney-ին հիշեցնում էր Աթաթուրքի մարդասպան ու բռնապետ լինելու մասին․ «Մենք կոչ ենք անում @DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերի վրա կրում է միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, արամեացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը», – թվիթերում գրել էր ANCA-ն։

Միաժամանակ, այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ հայկական լոբբիի նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. նրա կարծիքով՝ Դիսնեյում ենթարկվել են հայկական լոբբիի ճնշմանը եւ չեղարկել «Աթաթուրք» սերիալը։ «Այս հարթակի նման վերաբերմունքը անհարգալից է Թուրքիայի Հանրապետության եւ մեր ժողովրդի արժեքների նկատմամբ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ԱՄՆ-ում այսպես կոչված «ցեղասպանության» պնդումները քարոզող այս ցանցն օգտագործում է պատմական իրադարձությունները որպես գործիք իր խարդախ քաղաքականության համար։ Այս լոբբիի միակ նպատակն է կանխել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես բազմիցս նկատվել է»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Էրդողանի կուսակիցը։

Նշենք նաև, որ ավելի վաղ Disney Plus-ը որոշում է ընդունել հրաժարվելու «Աթաթուրք» սերիալից, որը նկարագրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալի կյանքը։ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված սերիալը նոյեմբերի 3-ից կվերածվի գեղարվեստական ​​ֆիլմի եւ կցուցադրվի բացառապես Թուրքիայի կինոթատրոններում։ Ֆիլմը «Դիսնեյին» արժեցել է 8 միլիոն դոլար։