Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում 2023 թվականի օգոստոսից  մեկնարկել են «Ավրորայի լուսաբացը»  վավերագրական-անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները․այն օգոստոսի 11-ին  ցուցադրվել է Նյու Յորքում՝ Village East, Angelika և New Plaza Cinema կինոթատրոններում։

«Ավրորայի լուսաբացը» օգոստոսի 18-ին կցուցադրվի Լոս Անջելեսի՝ Laemmle Glendale կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 1-ին՝ ֆիլմի ռեժիսորի մասնակցությամբ՝ Տորոնտոյի՝ Hot Docs Ted Rogers  կինոսրահում։ Ցուցադրության ավարտին  նախատեսվում է հարց ու պատասխան Իննա Սահակյանի հետ: Աշնանը ֆիլմն իր ցուցադրությունների երթը կշարունակի ԱՄՆ-ի և Կանադայի այլ քաղաքներում։

Վերջերս՝  հուլիսին, «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ընդգրկվել էր Իսպանիայի Atlantida Mallorca կինոփառատոնի միջազգային մրցութային բաժնում  և արժանացել  ACEC կինոքննադատների մրցանակին:  Ֆիլմն ընդգրկվել է նաև ԱՄՆ-ի Royal Starr կինոփառատոնում և  Ավստրալիայի Armenian Film Fest փառատոնի ծրագրում (փառատոների ցանկ):

«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ  թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին  1,5 միլիոն հայեր ( The New York Times, Vague Visages, Alliance of Women Film Journalists և այլն)։

ՀԳ Իննա Սահակյանի վավերագրականանիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի անմարդկային պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները («Հոգիների աճուրդ» ֆիլմը, որտեղ Ավրորան խաղաց գլխավոր հերոսուհու դերում՝ մարմնավորելով ինքն իրեն), պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը: Սարսափի և ողբերգության երկու տարի, որը սկզբում մանրամասն նկարագրված էր թերթում, հետագայում դարձավ վեպ, իսկ հետո համր ֆիլմ, որը հանկարծ անհետացավ և 70 տարի անց նորից հայտնվեց 18 րոպե տևողությամբ տեսանյութով: Եվ հենց այդ 18 րոպեանոց սև ու սպիտակ կադրերն են՝ արխիվացված հարցազրույցների ձայնագրությունների և անիմացիայի հետ համատեղ, որոնք  հիմք են հանդիսացել Իննա Սահակյանի Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի ֆիլմի համար: