Արամ Խաչատրյան․25 կինոնկարի երաժշտություն
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է երաժշտական ստեղծագործություններ 25 կինոնկարի համար։ Նրա խոստովանել է, որ իր համար «կինոնկարի համար երաժշտություն գրելը եղել է բարդ խնդիր, սակայն նաեւ՝ չափազանց հետաքրքիր եւ վեհ գործ»։ Կինոնկարների համար երաժշտական գործեր նա սկսել է գրել 1930-ական թվականներից։ Այսպես, 1935 թվականին Համո Բեկ-Նազարյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի հիման վրա նկարահանում է համանուն «Պեպո» կինոնկարը։ Վերջինիս երաժշտությունը գրում է Արամ Խաչատրյանը։ Սա երիտասարդ կոմպոզիտորի համար կինոյում աշխատելու առաջին փորձառությունն էր։
Հաջորդ քայլը պատմա-հեղափոխական «Զանգեզուր» կինոնկարն էր, որը նկարահանվել է Համո Բեկնազարյանի եւ Յա․ Դուկորի կողմից 1938 թվականին։ «Զանգեզուրում» Խաչատրյանը հանդես է գալիս որպես սիմֆոնիկ կինոերաժշտության վարպետ։ Որոշ սկզբունքներ, որոնք նա դրել է այդ կինոնկարի երաժշտության հիմքում, հետագայում իրենց արտահայտությունն են գտել Ջութակի կոնցերտի, «Սպարտակ» բալետի եւ այլ կինոերաժշտությունների համար։
«Պեպոյի» եւ «Զանգեզուրի» համար Արամ Խաչատրյանը 1938 թվականին ստանում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Նույն 1938-ին հայ մեծանուն կոմպոզիտորը գրում է երաժշտություն տաջիկական առաջին կինոնկարի համար, որը կոչվում էր «Պարտեզ»՝ նկարահանված Ն․ Դոստալի կողմից, 1940 թվականին՝ Վ․Պրոտազանովի «Սալավաթ Յուլաև» պատմա-հեղափոխական կինոնկարի համար է գրում երաժշտություն։
Արդյունավետ են լինում կոմպոզիտորի եւ ռեժիսոր Միխայիլ Ռոմմի համագործակցությունը։ Նրանք ծանոթանում են 1943 թվականին, երբ Ռոմմը նկարահանում էր «Մարդ համար 217» ռազմական դրաման՝ Տանյա անունով աղջկա մասին, որը գերի էր ընկել ֆաշիստների մոտ։ Գործողությունները ծավալվում են 1942 թվականին։ Տանյան ուղարկվում էր Գերմանիա։ էշելոնը ժամանում է սովորական մի գերմանական քաղաք, որտեղ Տանյան հայտնվում է Կրաուսների ընտանիքում, որտեղ արդեն մի ռուս գերի կար՝ Սերգեյ Իվանովիչը։ Հենց երկուսով էլ անցնելու են գերության ողջ դժոխքի միջով, երազելով ազատության համար։ Այս կինոնկարում Խաչատրյանը երաժշտության միջոցով փայլուն կերպով է արտահայտում բողոքի, ցասման, դժգոհության եւ տառապանքի զգացողությունները։ «Ես պարտավոր էի վերաբերմունքս արտահայտելու այդ ամենին՝ դրամատուրգի եւ ռեժիսորի հետ մեկտեղ։ Երաժշտությունը պետք է դիտողին մեծ հոգեւոր հուզմունքի եւ զայրույթի զգացումներ ապրեցներ»,– ասել է կոմպոզիտորը։
Որոշ ժամանակ անց Ռոմմն առաջարկում է Խաչատրյանին գրել երաժշտություն իր «Ռուսական հարց» կինոնկարի համար, որը էկրան է բարձրանում 1947 թվականին։ Այս կինոնկարում ամենից հետաքրքիր հնարքը, ըստ հեղինակի, հերոսի խոսքը երաժշտությամբ փոխարինելն էր։ «Արտիստի դեմքն հուզված է, սակայն մենք լսում ենք ոչ թե նրա խոսքը, այլ երաժշտություն, որն արտահայտում է նրա ապրումները։ Եւ ինձ թվում է, բոլոր դիտողներն էլ հասկանում են, թե ինչի մասին է իր կրքոտ ելույթում խոսում Սմիթը»,– հիշում է կոմպոզիտորն այն տեսարանի մասին, որտեղ կինոնկարի հերոս լրագրող Սմիթը պետք է որոշում կայացներ, թե արդյոք պետք է ազնվորեն գրեր իր հոդվածը ԽՍՀՄ մասին։
Խաչատրյանը մասնակցում է նաեւ Միխայիլ Ռոմմի «Գաղտնի առաքելություն», «Ծովակալ Ուշակով» եւ «Նավերը գրոհում են բաստիոնները» կինոնկարների ստեղծման աշխատանքներին։
Արամ Խաչատրյանի համար մեծ նշանակություն է ունենում ռեժիսոր Վլադիմիր Պետրոսի «Ստալինգրադյան ճակատամարտը» կինոնկարի շրջանակներում, նկարահանված 1949 թվականին, ունեցած համագործակցությունը։ Այս կինոնկարի երկու մասերը ծավալվում են Ստալինգրադյան ճակատամարտին նախորդած ժամանակահատվածում։ Կոմպոզիտորի աշխատանքը, իր իսկ խոստովանությամբ, կայացել է նրանում, որ պետք է ստեղծեր մի երաժշտություն, որտեղ այլ տրամադրությունների արտահայտումը պետք է հասցված լիներ նվազագույնի։ Այստեղ չպետք է լիներ ոչ քնարականություն, ոչ երգ, այլ միայն մեծ լարում՝ գերլարվածություն։ «Նման ծավալի նյութի հետ առաջին անգամ էի առնչվում։ Երկու ժամ տեւող մարտական երաժշտություն։ Այն, ինչ նմանատիպ բան արել էի մինչ այդ, անհամեմատելի էր այս խնդրի հետ, ինչպես որ ճակատամարտն էլ գերազանցում էր իր ծավալներով բոլոր իր նախորդ ճակատամարտերը, որ եղել են պատմության մեջ»,– հիշում է Խաչատրյանը։
«Սատլինգրադյան ճակատամարտի» երաժշտությունն հետո նույն անվամբ ունենում է իր ինքնուրույն կոնցերտային կենսագրությունը որպես սիմֆոնիկ սյուիտ։ Այն բաղկացած է ութ համարների՝ «Քաղաքը Վոլգայի ափին», «Հարձակում», «Ստալինգրադը կրակների մեջ», «Թշնամին դատապարտված է», «Մարտի՝ հանուն Հայրենիքի», «Հավերժ փառք հերոսներին», «Առաջ դեպի հաղթանակ», «Վոլգայի քարափը»։
1955 թվականին էկրան է բարձրանում Սերգեյ Յուկտեւիչի «Օթելլոն», նկարահանված Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության հիման վրա։ Խաչատրյանը այս կինոնկարի համար գրում է այնպիսի հիասքանչ ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Նախերգանքը»՝ Օթելլոյի պատումը, Զինվորի երգը, Օթելլոյի մենախոսությունը, Դեզդեմոնայի վոկալիզը, եւ «Ուռենու մասին երգը»։
«Ես սիրում եմ թատրոնն ու կինոն,- ասել է Արամ Խաչատրյանը։- Սիրում եմ գրել, ունենալով իմ դիմաց հստակ դրամատուրգիական պլան, որը բխում է պիեսի բովանդակությունից եւ ռեժիսորի մտածածից։ Ես մեծ նշանակություն եմ տալիս այդ աշխատանքին, քանզի բեմը, տեսարանը, սյուժեն կինոկադրը, կենդանի դերասանական կերպարը, այս ամենն օգնում են ինձ ձեւակերպելու երաժշտական իմաստը, կոնկրետացնում ստեղծագործությունը, հարստացնում ձեւը»։
Պատրաստեց Արամ Յանինը