Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առիթիվ իրականացվող հայ-ֆրանսիական նախագծի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը նշել է, որ ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։ Այն կցուցադրվի նաև Երևանում: Նրա խոսքով, Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական պարային ներկայցման վրա սկսել են աշխատել դեռևս 2021 թվականից՝ փորձելով ներգրավել և՛ հայ, և՛ ֆրանսիացի մասնագետներ:

«Ինձ համար՝ իբրև հայ և իբրև արվեստագետ, շատ կարևոր էր, որ Փարաջանովի ստեղծագործությունը ներկայացվի այլ դիտանկյունից, հետևաբար խորեոգրաֆը Մուրադ Մերզուկին է: Պարողներից 5-ը  ֆրանսիայից են, 2-ը՝ Երևանից: Թիմին միացել է «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, և Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձեւավորման հեղինակը»,- նշել է Խաչատրյանը:

Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ: Նախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։

Ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին էլ ասել է, որ իր համար մեծ մարտահրավեր է խոշոր արվեստագետին ճիշտ ներկայացնելը:

«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։