Մարդկության անցած պատմական ուղին եւ փորձառությունը փաստում են, որ հավաքականությունների կյանքի ուղու որոշակի պատմական հանգրվաններում, որոնք աչքի են ընկել կտրուկ փոփոխություններով, հանդիսացել են նաեւ պարարտ հող տարատեսակ միֆերի առաջացման համար։

Գիտությունը միֆերն ընկալում է որպես մարդկային գիտակցության նախնական փուլ եւ համարում է, որ այն որպես գործընթաց, ակնթարթային բնույթ չի կրել։ Մարդու կյանքի պայմանները մշտապես փոփոխվել են եւ այդ հարափոփոխության մեջ, մարդ արարածը միշտ փորձել է «հարմարվել» իրականության հետ, որն իրեն շրջապատում է, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ «հաշտվել» իրեն շրջապատող իրականության հետ։

Այդ պրոցեսում առաջացող հակասությունները նա փորձել է բացատրել որոշակի «միֆոպոետիկ» ձեւով, իրեն համարելով մասնիկը այն նշանակալի կամ շրջադարձային իրադարձությունների, որոնք փոխել են իր կենսապայմանները։ Այս կերպ մարդը ստեղծում է միֆեր եւ սկսում աշխարհը ճանաչել կամ աշխարհն ընկալել միֆոլոգիական լույսի ներքո։

Միֆեր ստեղծելու մարդու ձգտումը չի դադարել, որքան էլ, որ մարդկային հավաքականությունը առաջ է գնացել ու զարգացել է։ Ավելին տեսալսողական դինամիկ պատկերի ձեւավորման հետ այն պահպանել է իր կենսունակությունը, փորձելով կիրառել այսպես ասած՝ էկրանային մշակույթն ու կինոարվեստը իր միֆաստեղծման գորընթացներում։ Արդյունքը լինում է այն, որ մարդը ստեղծում է այսպես կոչված էկրանային իրականությունը, որը հանդիսանում է ապրված իրականության եւ կենսափորձի մի մասը։

Ընդունված է ասել, որ էկրանային մշակույթը ի զորու է ստեղծել միֆեր թե լայն, թե նեղ իմաստներով։ Էկրանային իրականությունը ոչ միայն ինչ որ իմաստով կարող է խեղաթյուրել առարկայական իրականությունն այս կամ այն սոցիալական կամ քաղաքական կամ մշակութային պահանջներին հարմարվելով, այլ նաեւ սոցիալական մասնակցության միֆեր կարող է ծնել, որով զանգվածային լսարանի մոտ ինքն իր մասին ունեցած պատկերացումը կարող է դեֆորմացվել։

Կինոարվեստը, որպես մշակութային արդյունաբերություն եւ որպես էկրանական իրականության մեկ բաղադրիչ, ակտիվորեն մասնակցում է նմանատիպ միֆերի ստեղծմանը։ Դա, ընդ որում, ունի թե դրական, թե բացասական կողմեր։

Այս ամենը հասկանալու, պատկերացնելու եւ ընկալելու համար, նախ սկսենք այն բանից, թե ինչ բան են միֆերը։ Ակադեմիական գիտական գրականության մեջ այն ընկալվում է որպես մշակույթի հավերժական հոգեւոր նախասկիզբ։ Միֆերի ստեղծումն էլ, հետեւաբար, ընկալվում է որպես աշխարհճանաչողության, հանրային գիտակցության գոյության ձեւ, որպես որոշակի «կանոն», որն իր մեջ պարունակում է արժեքային եւ սոցիալական ուղենիշներ, որոնք իրենց հերթին անհրաժեշտ են հավաքական գոյակցության ապահովման համար։  Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ միֆերում, որքան էլ, որ առաջին հայացքից զարմանալի թվա, սակայն պատահական, ոչ պիտանի ոչինչ չկա։ Այն իրատեսական եւ կոնկրետ իրականություն է։ 20-րդ դարում, սակայն «միֆ» հասկացության բովանդակային տարողության մեջ որոշակի լրացումներ կատարվեցին եւ այս եզրույթը սկսեց ավելի հաճախ կիրառվել՝ ցույց տալու համար սոցիալական այս կամ այն խմբի գաղափարական ուղղորդվածությունը, որոնք բնորոշվում են որոշակի բնութագրական պատկերումներով։ Ֆրանսիացի ուսումնասիրող Ռ.Բարթը կարծում է, որ ժամանակակից աշխարհում միֆերը անհրաժեշտ են հասարակական գիտակցության վրա, հանուն ինչ-ինչ նպատակների, որոշակի ազդեցություն գործելու համար։ Ընդ որում, հին ժամանակների միֆերն ու ժամանակակից միֆերը, ըստ Բարթի, բավականին տարբեր են։ Եթե հին ժամանակների միֆերը հակասություններն էին փորձում կարգավորել, ապա ժամանակակից միֆերը այդ հակասությունները բնականացնում են կամ օրինաչափ դարձնում։ Բարթը նաեւ կարծում է, որ միֆերի դեմ պայքարել հնարավոր է նոր միֆեր ստեղծելով՝ հների փոխարեն։

Խորհրդային Միության փլուզումը բացահայտեց խորհրդային իրականության ժամանակ գոյություն ունեցած բազմաթիվ միֆերը։ Այսպես, օրինակ, համաձայն խորհրդային գաղափարախոսության, Վ.Ի.Լենինը բոլոր արվեստների մեջ կարեւորագույն է համարել կինոարվեստը։ Այն, որ Լենինը նման բան ասել է, վկայում է նրա զինակիցներից Ա.Վ. Լունաչարսկին։ Սակայն միայն նրա վկայությունն ըստ էության քիչ է, հատկապես որ՝ Լենինի գրվածքներում նման միտք, ըստ մասնագետների, արձանագրված չկա։ Այլ խոսքով՝ մասնագետները հակված են մտածելու, որ Լենինի՝ կինոարվեստի մեծ երկրպագու լինելը, որով նաեւ խորհրդային պետության՝ կինոյի հանդեպ վերաբերմունքը պայմանավորվեց, որպես հանրության գիտակցության վրա ազդելու ամենից ազդեցիկ միջոցներից մեկը, խորհրդային միֆ էր, որը ամենայն հավանականությամբ, ստեղծվել էր հենց խորհրդային իշխանությունների հանրային-քաղաքական շահերը սպասարկելու համար։

Ժամանակակից միֆոլոգիան նպաստում է հանրային հաջողվածությանը։ Հաջողված եւ ճիշտ մշակված գաղափարական միֆերը նպաստում են որոշակի ազդեցություն հանրային գիտակցության վրա, ձեւավորում որոշակի վերաբերմունք, արժեքներ, մոտեցումներ։ Այսօրվա աշխարհում լիովին ընդունված է հասարակական, քաղաքական, տնտեսական, նույնիսկ՝ մշակութային եւ հումանիտար միֆերի ստեղծումը, ներդրումն ու «պտտեցումը» հանրության մեջ՝ հանուն ինչ-ինչ նպատակների եւ շահերի։ Նման միֆերից են՝ ուժեղ, ամեն ինչ հասցնող, ամեն ինչից տեղյակ, ամենա-ամենա՝ սուպեր առաջնորդի մասին կերպարը, կամ «բարի թագավորի եւ չար նախարարների» միֆը, արդար ղեկավարի կամ արդար պետական համակարգի կամ բարեպաշտ քրիստոնյա առաջնորդի մասին միֆը եւ այլն։ Այս եւ այլ միֆական խոսքի, կերպարի կրողները, փոխանցողները եւ տարածողները կարող է լինել ամեն ինչ՝ գրավոր խոսքը, բանավոր քննարկումը, էկրանային իրականությունը, կինոն, թատրոնը, գովազդը, նույնիսկ՝ կրոնական կյանքը։  Հատկապես էկրանային իրականությունն ու կինոն, որ մարդկանց գիտակցության վրա իրական ազդեցություն գործելու անվիճելի ազդակներ ունեն, այս առումով ձեռք են բերում անվիճելի եւ աբնեկանելի կարեւորություն։ Կինոն, ըստ մասնագետների, այն եզակի միջոցներից է, որը կարող է ցանկացած ներկայացված իրականություն մեկնաբանել իր ուզածի պես, եւ իր մեկնաբանությունը գրեթե աննկատ կերպով հրամցնելով, դարձնել դիտողի սեփականությունը, նրան առնելով իր ազդեցության մեջ։ Վերոնշյալ տեսական թեզերը ամրապնդենք մի շարք հայտնի կինոնկարների մի քանի դրվագներ, որպես ասվածի օրինակներ քննարկելով։

Այսպես, դիտարկենք Ջ.Քեմերոնի նկարահանած «Տիտանիկ» կինոնկարը, որը էկրան է բարձրացել 1997 թվականին։ Այստեղ կա որոշակի հղում Օրփեոսի մասին միֆին։ Պատահական չէ, որ երբ նավը խորտակվում է, նվագախումբը նվագում է Ժ․Օֆենբախի «Օրփեոսը դժոխքում» գործից հատվածներ, իսկ Ջեքը Ռոուզին անցկացնում է դժոխքի միջով, սուզվող նավի տարբեր հատվածներով, որպեսզի փրկի նրան։ Այստեղ առկա է նաեւ «ամերիկյան երազանքի» իրականացման միֆը, երբ Ռոուզը կարողանում է փրկվել եւ ապրում է արդեն որպես ազատ կին՝ ազատագրված նախապաշարմունքներից, իր կյանքը շարունակելով մի աշխարհում, որտեղ կինն ու տղամարդը հավասար են, կա ընտրության ազատություն, ինչը ներկայացված է որպես հիմնարար արժեք այս կինոնկարում։

Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գործի հիման վրա Ռ․Հովարդի կողմից 2006 թվականին նկարահանված համանուն կինոնկարում առաջ է մղվում  Աստվածաշնչի գաղտնիքները վերծանելու եւ «աստվածայինին հպվելու» ձգտումը, ինչը եւս միֆական դրսեւորում է, հաշվի առնելով, թե միլիոնավոր կինոդիտողների համար թեման որքան նվիրական է ու սակրալ։

(շարունակելի)

Նյութի աղբյուրը

Պատրաստեց Արամ Յանինը