Կինեմատոգրաֆիական արվեստը Հայաստան ներթափանցել է 20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը Ռուսական կայսրության մաս էր կազմում։ Երեւանում առաջին կինոցուցադրությունները տեղի են ունեցել 1898 թվականին, ոչ մեծ փայտաշեն մառանում, որը գտնվում էր քաղաքային ոստիկանության բակում։ Կարելի է ասել, որ այդ մառանն էլ դարձել է երեւանյան առաջին «կինոթատրոնը»։ Այդ շրջանում Հայաստանում մի քանի կինոթատրոններ են կառուցվում, ինչպիսիք են «Ապոլլոն» եւ «Իլյուզիոն» կինոթատրոնները, ինչպես նաեւ ամառային փայտաշեն «Ավանեսովի եւ Խաչատուրովի» անվան կինոթատրոնը Երեւանում, «Էրատո» կինոթատրոնը Ալեքսանդրապոլում՝ այժմյան Գյումրիում։ Եւս երկու կինոթատրոններ գործել են Կարսում եւ Սարիղամիշում։

Ջանփոլադյանի գեղեցիկ շինությունն ու «Ապոլլոն» կինոթատրոնը Երեւանում կառուցվել են 1920-ական թվականներին։ Վերջինս կառուցվել է քաղաքային ակումբի տեղում, ծառայել է որպես թատրոն, իսկ հետագայում արդեն դարձել է «Իլյուզիոն» կինոթատրոնի շենքը (ճարտարապետը Ե․Բոգուշեւիչն է)։ «Իլյուզիոն» կինոթատրոնը բացվել է 1909 թվականին, «Ապոլլոնը»՝ 1910 թվականին։ Երկու կինոթատրոններն էլ Երեւանի կենտրոնում հիմնական ժամանցային վայրերն են եղել եւ այն ժամանակվա բոլոր երեւանցիները այցելել են այդ կինոթատրոններ տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ, ինչը բացատրվում էր նախ եւ առաջ ցուցադրվող կինոնկարների որակով։ Երկու կինոթատրոններում էլ համաշխարհային պրեմիերաներ են եղել։ Ֆինանսական դժվարություններ ունենալով՝ առաջին կինոթատրոնների սեփականատերերը վաճառել են դրանք։

Նոր տերերը թարմացրել են սրահի ինտերիերը, փոփոխություններ կատարելով էրգոնոմիկայում, ներքին հարդարանքում, միաժամանակ նաեւ փոխելով նվագախումբն ու գնային քաղաքականությունը։ 1910 թվականի փետրվարին հրդեհ է բռնկվում «Իլյուզիոն» կինոթատրոնում, որից հետո Երեւանի նահանգապետարանը թույլատրում է կինոթատրոնի ճարտարապետական նախագծի եւ պլանի փոփոխության կատարումը։ Նոր պլանով, կինոթատրոնի բոլոր սրահներն ընդարձակվում են, ինտերիերները ձեռք են բերում ճոխ դիզայն, մանրամասնորեն մշակվում են հրդեհի ժամանակ հանդիսատեսի տարհանման սխեմաները, տեղադրվում են ժամանակի նորագույն սարքավորումները։

«Իլյուզիոնի» պլանավորումը եղել է բավական լավը։ Կենտրոնական հատվածում կինոսրահին էր նախատեսված։ Պարտերի մի մասը եւ ամֆիթատրոնը այնպես էին կառուցված, որ տպավորություն էր ստեղծվում, թե դիտողը թատրոնի դահլիճում է գտնվում։ Այն ուներ նաեւ հատուկ տեղ նվագախմբի համար, որը էստրադայի ներքեւում էր գտնվում։ Վերականգնողական աշխատանքներն իրականացրել էր նոր սեփականատեր Վ․Ս․Գագուան։

Այս երկու կինոթատրոնների մասին տեղեկություններ պահպանվել են նաեւ գեղարվեստական գրականության մեջ՝ Գուրգեն Մահարիի «Պատանեկություն» անավարտ վեպում եւ Ռաֆայել Աթայանի «Արթնացումում»։ Մահարիի հիշատակմամբ, «Ապոլլոնում» տեղերի քանակը եղել է 121, այն ունեցել է շքեղ ձեւավորում, եւ իր ձեւավորման ճոխությամբ գերազանցել է «Իլյուզիոնին»։ Վերջինիս տոմսերն էլ ավելի թանկ են եղել, իսկ թանկարժեք կինոնկարների ցուցադրությունների ժամանակ արգելվել են ուշացումները։

Ավաղ, չափազանց քիչ տեղեկություններ են պահպանվել երեւանյան երբեմնի «Ապոլլոն» կինոթատրոնի ինտերիերների վերաբերյալ։ Մեզ հասել է միայն կինոթատրոնի շենքի լուսանկարը։ Գիտենք որ շենք ունեցել է մի քանի մուտք, որոնցից երեքը գտնվել են ֆասադային կողմում։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, այս երկու կինոթատրոնների միջեւ եղել է մրցակցություն։ Այսպես, ժամանակի պարբերական մամուլում պահպանվել է մի հայտարարություն, որտեղ խոսվում է «Ապոլլոնում» երեխաների համար տեղի ունենալիք ամանորյա հանդիսության մասին։ Ծրագիը եղել է երաժշտական, ունեցել է նաեւ պարային համարներ։ Հայտարարությունում նշվում է, որ կինոթատրոնի սեփականատերը ձեռք է բերած եղել հատուկ հանդիսության համար, նոր տոնածառային խաղալիքներ, գունավոր էլեկտրական լամպեր, իսկ հանդիսության ժամանակ էլ, նախասրահում նվերների խաղարկություն է անցկացվել։ Ինչ վերաբերում է Ջանփոլադյանի տանը, ապա պահպանվել են նախասրահի լուսանկարները, որոնք արվել են արդեն 90-ական թվականներին։ Այդ ֆոյեն վերանորոգվել է դասական ոճով արդեն խորհրդային ժամանակներում։

1922 թվականին Խորհրդային Հայաստանի իշխանությունները պետականացնում են «Ապոլլոն» եւ «Էրատո» կինոթատրոնները՝ համապատասխանաբար վերանվանելով «Պրոլետար» եւ «Շիրակ»։ «Պրոլետարն» ամառային կինոթատրոն էր։ Եւս մեկ կինոթատրոն էլ գործում էր բանվորական ակումբում։ Երեւանում կար նաեւ «Աշխատանք» կինոթատրոնը, որն ուներ ամառային եւ ձմեռային դահլիճներ։ «Խորածառ» կամ խորհրդային ծառայողների ակումբի կինոթատրոնը գործում էր ներկայիս կենտրոնական բանկի տարածքում։ Կինոցուցադրություններ լինում էին նաեւ Նոր Բայազետում, Ղարաքիլիսայում, այժմյան՝ Վանաձոր, Ստեփանավանում։

Հետաքրքրական է այն, որ Ալեքսանդր Թամանյանը Երեւանի պետական թատրոնի շենքի նախագծման ընթացքում նաեւ նախատեսել էր էկրան եւ խցիկներ՝ կինոցուցադրությունների համար։ 1930-ական թվականներին «Պրոլետարի» շենքը քանդվում է։ «Իլյուզիոնն» էլ պետականացվում է եւ դառնում Կարմիր բանակի ակումբ, ապա՝ Հայաստանի անկախացումից հետո, ՀՀ ՊՆ Սպայի տուն։ 2005-ին այն քանդվել է եւ դրա տեղում կառուցվել Piazza Grande բիզնես կենտրոնը։ 1923 թվականին Երեւանի Կարմիր բանակի տանը, որը ներկայիս Աբովյանի անվան թիվ 2-րդ դպրոցն է, բացվում է «Աստղ» կինոթատրոնը, որը պատկանում էր խորհրդահայ բանակին։ Այստեղ իրականացվում էին նաեւ կինոցուցադրություններ։ Նույն ժամանակ, տեղի իշխանությունների կողմից՝ քաղաքային պուրակներից մեկում հատկաված տարածքում, Աբովյան փողոցի վրա, կառուցվում է Պետկինոյի ամառային կինոթատրոնը, որի տեղում ավելի ուշ կառուցվել է «Կովկաս» սրճարանը։

Պետկինոյի ամառային կինոթատրոնը յուրօրինակ էր նրանով, որ պատերը սպիտակ էին ներկված եւ ծառայում էին որպես էկրան։ Այն ժամանակվա կինոթատրոններում ընդունված կարգի համաձայն, այն ուներ նաեւ փողային նվագախումբ։ 1924 թվականին իշխանությունները թույլատրում են ունենալ ձմեռյաին կինոթատրոն։ Դրա համար պետականացվում է Ամիրյան փողոցի վրա գտնվող հայ ավետարանչականների շենքը եւ այն դարձվում է կինոթատրոն՝ «Նաիրի» անունով։ Ապա այն տեղափոխվում է Ստալինի պողոտա, որը ներկայիս Մաշտոցի պողոտան է։ Ճարտարապետներ Ա․ եւ Գ․ Թամանյանների նախագծած շենքը դառնում է Հայաստանում հատուկ այդ նպատակով կառուցված առաջին կինոթատրոններից մեկը։

Անաստվածության շրջանում բազմաթիվ կրոնական կառույցներ են քանդվում եւ դրանց տեղում կառուցվում են թատրոններ եւ կինոթատրոններ։ Այդպես է լինում նաեւ Աբովյան փողոցում գտնվող Ս․Պողոս Պետրոս եկեղեցու հետ, որը քանդվում է եւ դրա տեղում կառուցվում է «Մոսկվա» կինոթատրոնը 1923 թվականին։ 1938 թվականին Հայաստանում առաջին անգամ Գ․ Քոչարն ու Տ․Երկանյանը նախագծում են առաջին կինոթատրոնը, որը պետք է ունենար մի քանի դահլիճներ։ Կինոթատրոնը լինելու էր երկհարկանի, ունենալու էր երկու դահլիճ, յուրաքանչյուր կինոդահլիճը ունենալու էր 700 տեղ։

Երկրորդ աշխարհամարտը զգալիորեն դանդաղեցրեց կինոթատրոնների շինարարությունը։ 1950-ական թվականներին, սակայն այն նոր թափ ստացավ։ Այդ ժամանակահատվածում սկսվեցին ներկառուցված կինոթատրոնների շինարարությունը։ Այս դասի կինոթատրոնների շարքում առաջինը եղան «Նաիրին» եւ «Պիոները»։ Կառուցվեցին նաեւ ուրիշներ։ Այդ ընթացքում «թամանյանական ոճ» անվանումը ստացած ազգային ճարտարապետական ոճը սկսեց  լայն տարածում գտնել ինչպես ընդհանուր քաղաքային ճարտարապետության մեջ, այնպես էլ կինոթատրոնների շինարարության ոճային լուծումներում։ Այս ոճը կարելի է տեսնել ճարտարապետ Գ․Աղաբաբյանի կառուցած «Հայրենիք» կինոթատրոնում, որը կառուցվել է Երեւանում 1951 թվականին, Ջերմուկի «Ջերմուկ» կինոթատրոնում, «Էջմիածին» կինոթատրոնում, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնում, որոնք կառուցվել էին Երեւանում ավելի վաղ։ Այս շինությունների ներքին հարդարանքում նկատելի է ազգային կլասիցիզմի եւ ստալինյան ամպիր ոճերի համադրման փորձերը։

1960-ական թվականներին կինոթատրոնների շենքերը սկսեցին նախագծեր ըստ տիպային նախագծերի։ Այս մեթոդը կիրառվեց հատկապես միկրոշրջանային եւ շրջանային կինոթատրոնների, ինչպես նաեւ հանրային նշանակության եւ մշակութային այլ շինությունների կառուցման մեջ։ Այսպես կառուցվեցին «Կոմիտաս» եւ «Արագած», «Անի» կինոթատրենները։ Այս շրջանում կինոթատրոններ կառուցվեցին Խորհրդային Հայաստանի այլ քաղաքներում՝ Ճամբարակում, Իջեւանում, Ալավերդիում։ 1965 թվականին Խորհրդային Հայաստանում կինոթատրոնների ցանցը ներառում էր 968 կետ։ Յուրաքանչյուր քիչ թե շատ մեծ քաղաք ուներ ոչ պակաս, քան 2 կամ 3 կինոթատրոն։

1960-70-ական թվականները եղան շրջադարձային ճարտարապետական դիզայնի համար։ Առաջին անգամ Խորհրդային Միությունում սկսեց կառուցվել «հայրենական դիզայն» հասկացությունը։ Ժամանակի հայտնի ճարտարապետներ Ֆրենկ Լլոյդ Ռայթի եւ Ալվար Ալտոյի ճարտարապետա-դիզայներական գաղափարախոսությունը, որը հեղափոխական նշանակություն ունցավ ժամանակի ճարտարապետական մտքի մեջ, խորհրդահայ ճարտարապետներին չշրջանցեց։

Ճարտարապետության եւ բնության կապը դարձավ առավել անմիջական, հայտնվեցին ապակե ֆասադները, որոնք թույլ էին տալիս հիանալ պուրակների գեղեցկությամբ կամ լեռնային տեսարաններով՝ անմիջապես շենքերի պատուհաններին մոտ կանգնելով, իսկ ֆոյեներում ոչ մեծ կանաչ անկյուններ ստեղծվեցին։ Ոճային այս նրբությունները նկատելի է Ալավերդու «Լալվար» կինոթատրոնի շենքում, Սունդուկյանի անվան պետթատրոնի շենքում, Վանաձորի թատրոնի շենքում եւ այլն։ Երկաթբետոնե կոնստրուկցիաների մշակումը ճարտարապետներին լայն հնարավորություն տվեց ամենահամարձակ ստեղծագործական գաղափարների կյանքի կոչման համար։ Երեւանի «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնը նման համարձակ ստեղծագործական լուծումներ ունեցող օրինակ է։ Այստեղ բրուտալիզմը համադրված էր ազգային պլաստիկայի հետ։

1970-ական թվականները, ինչպես հայտնի է, եղան «լճացման» տարիներ, ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային առումով։ Այս շրջանում Խորհրդային Հայաստանի պատմության մեջ կինոթատրոն այցելության մակարդակը զգալիորեն նվազել էր։ Սակայն կինոթատրոնների շինարարության տեմպերը չնվազեցին։ Այս շրջանում վերանորոգվեցին Երեւանի եւ Գյումրու կինոթատրոնները։ Վերանորոգումները պայմանավորված էին հատկապես այդ շրջանում իրականացված շինարարության որակի հետ կապված դժգոհությունների հետ։ Քննադատվում էին ինչպես տեխնիկական, այնպես էլ կահավորման, ինտերիերային եւ այլ մանրամասներ։

80-ական թվականները աչքի ընկան որպես կինոթատրոնների մասսայական վերանորոգումների շրջան։ Երիտասարդ խորհրդահայ ճարտարապետների եւ ուսանողների համար կինոթատրոնները կարեւոր տեղ էին զբաղեցնում։ 1987 թվականին բացվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը եղավ։

Աղբյուրը

Պատրաստեց՝ Արամ Յանինը