Ջեսսիկա Վուդվորթ․Մեր թշնամին մեր ներսում է
Կինոաշխարհի ․բացառիկ հարցազրույցը «Լուկա» ֆիլմի ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի հետ
20-րդ «Ոսկե Ծիրան»-ը այս տարի ազդարարեց ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի «Լուկան» , որը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրությունն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի փառատոնում։ Գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է: Նրա խաղընկերներն են Ջերալդին Չապլինը և Յոնաս Սմուլդերսը։ «Լուկան» ի սկզբանե պետք է նկարահանվեր Հայաստանում, սակայն պատերազմի և քովիդի պատճառով որոշում է կայացվել այլ լոկցիա ընտրել՝ Սիցիլիան։
Հայկական կողմից որպես համապրոդյուսեր է հանդես եկել Անժելա Ֆրանգյանը (ԴոԿինո)։ Նա, ցավոք, չկարողացավ ֆիզիկապես ներկա գտնվել «Լուկաի» երևանյան պրեմիերային, քանի որ այժմ արգելափակված Արցախում է։ Անժելա Ֆրանգյանը, սակայն, «Ոսկե Ծիրանի հյուրերին դիմեց տեսաուղերձով՝ հայտարարելով, որ երևանյան պրեմիերային զուգահեռ «Լուկան» կցուցադրվի նաև Ստեփանակերտում՝ Sunrise Stepanakert-ի շրջանակում։
«Լուկան» պատմում է երիտասարդ զինվորի մասին, որը ապաստան է ստանում և ծառայության անցում մեկուսացած Ֆորթ Քեյրոսում։ Այստեղ հերոս մարտիկները պաշտպանում են քաղաքակրթության մնացորդները և սպասում առասպելական թշնամու հետ առերեսման, որն անպատճառ պետք է հարձակվի Հյուսիսից: Լուկան ուզում է պատերազմել, նա ընդունում է Քեյրոսի կոդեքսը՝ հնազանդություն-տոկունություն-զոհաբերություն, դառնում դիպուկահար: Սակայն ժամանակի ընթացքում Լուկան սկսում է կասկածել՝ արդյո՞ք թշնամին իրական է։
Հատկանշական է, որ պատմությունը ծավալվում է ապագայի ամայացած երկրագնդում, որն առերեսվում է կլիմայական լուրջ խնդիրների:
«Լուկան» չափազանց ակտուալ է հիմա, երբ մարդկությունը սեփական հիմարության պատճառով լուրջ ճգնաժամ է ապրում՝ կլիմայական անդառնալի փոփոխություններ, պատերազմներ և առճակատումներ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, խորացող տարաձայնություններ ազգերի ու մարդկանց միջև։
Այն նաև առանձնահատուկ կոնտեքստ է ձեռք բերում հայ հանդիսատեսի համար․․․ ֆիլմի հերոսներն էլ ապրում են մոտալուտ պատերազմի վախով, անորոշության մեջ՝ շրջափակված։
Այս սևուսպիտակ ֆիլմը փաստում է՝ մարդիկ՝ ասես կենդանիներ, պատերազմ են տենչում ու պատրաստ են այդ ռազմատենչ գաղափարախոսությանը զոհաբերել սեփական կյանքը, անջատել բանականությունը ու ենթարկվել բարձր հրամանատարության անհեթեթ կարգադրություններին։ Ու միայն մտքով ուժեղներն են ունակ հասկանալու, որ պատերազմներն անիմաստ են, իսկ բարձրագույն ղեկավարությունը մտածում է միայն իշխանությունը պահելու մասին։ Լուկան ինչ-որ պահի գիտակցում է սեփական մոլորությունը, գոյության անհեթեթությունը ու գլուխ թեքում պատերազմից՝ չվախենալով, որ իրեն հանդգնության համար կարող են սպանել նույնիսկ զինակիցները։ Լուկան բաց է թողնում կյանքի միակ թվացյալ իմաստը՝ ագրեսիան։
«Լուկան» դիտելիս թերևս ամենակարևոր հարցը, որը ծագում է հանդիսատեսի գլխում, հետևյալն է՝ ո՞վ է թշնամին, նա/այն իրո՞ք գալիս է Հյուսիսից, թե արդեն ամրոցի ներսում է։ Այս անորոշությունից ահագնացող անհանգստությունն ավելի է սրում ֆիլմի օպերատոր Վիրջինիա Սուրդեյի տեսախցիկը՝ երկարաշունչ, հաճախ կլաուստրաֆոբիկ տեսարաններով, սարսափեցնող դետալներով։ Նա երբեմն կոտրում է 4-րդ պատը ու ստիպում ֆիզիկական մակարդակում զգալ հերոսների տիեզերական միայնությունը (ի դեպ, «Լուկա» ֆիլմում օպերատորական աշխատանքի համար Վիրջինիա Սուրդեյը մրցանակի է արժանացել Բրյուսելի միջազգային կինոփառատոնում)։ «Լուկան» նաև ասես հարգանքի տուրք լինի Տարկովսկուն, Բերգմանին, Բելա Տարրին, Պազոլինիին, որոնց կինոտիեզերքը ակնհայտորեն ոգեշնչել է «Լուկաի» հեղինակներին։
-«Լուկան» ոգեշնչված է Դինո Բուցատիի «Թաթարական տափաստան» գրքից։ Հետաքրքիր է, որ կան գաղափարական մի շարք տարբերություններ։ Ես թվարկեմ, իսկ Դուք համաձայնեք կամ հերքեք։ «Լուկան» ասես ավելի շատ պատերազմի, իսկ «Թաթարական տափաստանը»՝ կյանքի սպասման մասին է։ Գրքի հերոսը հուսալքվում է՝ հասկանալով, որ իր գաղափարախոսությունը փուչ էր, իսկ Լուկան դեմ է գնում սեփական «ես»-ին ու ասես նոր իմաստ ու ազատություն գտնում։ Գիրքն ու ֆիլմը նաև որոշակիորեն տարբեր տեսանկյուններից են նայում այն հարցին, թե ով է թշնամին։
-Գիրքն, ակնհայտորեն, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Նովելի ավարտն էլ կարող է և հաճախ մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ ողջ պատմությունը հալյուցինացիա է․․․ Թշնամի գուցե իրականում չկա։ Գիրքը նաև պատմում է հերոսների 30 տարվա կյանքի մասին։ Եվ սա հենց այն կարևոր կետերց է, որ ֆիլմումս փոխել եմ։ Ես չէի ուզում ցույց տալ՝ ինչպես են դերասանները ծերանում։ Կարիք չէի տեսնում հանդիսատեսի վրա ուզածս ազդեցությունն ունենալու համար նրանց ստիպել այդքան երկար ճանապարհ անցնել։ Լուկային նույնպես կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել․ ես ուզում եմ, որ այդ հարցում հանդիսատեսն ազատ լինի։
Այս պատմությունը հաճույքի, միաժամանակ հուսահատության, ինչպես նաև կյանքի ու պահի անցողիկության մասին է: Ու դա գիտակցելուց հետո նորովի ես բացահայտում թե ֆիլմը, թե գիրքը։ Ինձ դուր է գալիս ֆիլմում տիրող անորոշությունն ու անհանգստությունը։ Նաև ֆիլմում գլխավոր հերոսի ներաշխարհը և հոգեկան ապրումները բացահայտելու ակնհայտ հուշումներ չեմ տվել․ ես ուզում էի, որ շեշտը ֆիզիկական և ֆիզիոլոգիական մղումների վրա դրվի։ Որովհետև սովորաբար մարդկանց առաջնորդում են ցանկությունները, ֆիզիկական հաճույքները, քաղցը։ Մենք բոլորս կենդանիների պես ենք։ Ու ես ուզում էի, որ հանդիսատեսը, նաև տեսախցիկի շնորհիվ, ֆիլմը զգա ոչ թե մենտալ, այլ ֆիզիկական հարթության վրա։ Ֆիլմի վիզուալ հատվածը շատ անկեղծ է ստացվել։
-Ֆիլմը պետք է նկարահանվեր Հայաստանում, բայց ի վերջո ընտրեցիք Իտալիան։ Հե՞շտ տրվեց այդ որոշումը։
-Բոլոր լոկացիաներն ընտրված էին, բայց մենք գիտակցում էինք, որ բարդ է լինելու, քանի որ Արագածի վրա, որտեղ պետք է արվեին հիմնական նկարահանումները, ձմռանը հեշտ չէր լինելու։ Իսկ ձմեռն և ցուրտը ֆիլմի համար կարևոր բաղադրիչներ էին։ Այնուհանդերձ, բավական արդյունավետ գործակցում էինք, կանաչ լույսը ստացել էինք, բայց հայ-ադրբեջանական պատերազմը եղավ, կորոնավիրուսն էլ խանգարեց։ Ու մենք այլևս չկարողացանք գալ Հայաստան։
Սկսեցինք դիտարկել Իտալիան։ Ամենաբարդը Սիցիլիայում լոկացիան գտնելն էր։ Ես բազմաթիվ հանրային նախագծեր ուսումնասիրեցի ու մի լքված ամբարտակ գտա, այնտեղ նկարահանելու թույլտվություն ստանալու համար 9 ամիս պահանջվեց։ Այդ տեղանքը շատ համահունչ էր ֆիլմին ու մեր գաղափարին։
-Կցանկանայի՝ պատմեք Անժելա Ֆրանգյանի և Սամվել Թադևոսյանի հետ գործակցության մասին։ Ինչպե՞ս եք ծանոթացել։
-Bars Media-ի միջոցով։ Ես գործակցում էի նրանց հետ, Անժելան նույնպես։ Հետո շատ մտերմացանք ու միասին հաղթահարեցինք նախագծի ողջ ընթացքը։ Երկուսս էլ սրտնեղել էինք, երբ հասկացանք, որ ֆիլմը Հայաստանում նկարահանելը չափազանց դժվար է լինելու: Բայց քանի որ Հայաստանի հետ համատեղ արտադրությունն արդեն հաստատված էր, ես այն չէի ուզում չեղարկել։ Անժելային խնդրեցի, որ հայ դերասանների, մոնտաժողների կամ գուցե կոմպոզիտորի գտնի։ Նա մի քանի դերասանի առաջարկեց, բայց անգլերեն լավ չգիտեին։ Հետո Անժելան ասաց՝ մի երիտասարդ կա․․․ Խոսքը Սամվելի մասին էր․ առցանց կապվեցինք, առաջադրանքներ տվեցի, նկարահանեց, ուղարկեց ու հասկացա, որ մեզ հենց նա է պետք։
-Նշեցիք, որ «Լուկան» բարդ նախագիծ էր․ բացի լոկացիայի ընտրությունից ուրիշ ինչ դժվարություններ են եղել։
-Ժամանակը և բյուջեն։ Ժամանակի սղության պատճառով այս ֆիլմը չնկարեցինք այնպես, ինչպես ուզում էինք։ Տեխնիկական խնդիրներ էլ կային։ Սիցիլիայում հրդեհներ էին, ջերմաստիճանն այնքան բարձր էր։ Բայց դա մեզ չխանգարեց։ Պետք էր նաև այնպես անել, որ դերասանները համախմբված լինեն։ Բոլորը հասկանում էին՝ բացառիկ գործի շուրջ ենք հավաքվել, դա էլ էր օգնում: Ու նաև գիտեմ՝ եթե Հայաստանում նկարահանեինք, լրիվ ուրիշ ֆիլմ էինք ստանալու։ Դա էլ է հետաքրքիր գիտակցում։
-Ֆիլմում բոլոր հերոսները տղամարդիկ են ու դերերն էլ, համապատասխանաբար, տղամարդիկ են խաղում՝ բացի Ջերալդին Չապլինից։ Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք գեներալի դերի համար։
-Քանի որ նա փայլուն դերասանուհի է և ոչ թե որ կին է։ Ես սիրում եմ նրան, նրա ոգին, բա դեմքը․․․ Ջերալդինն այնքան հզոր է, նա ասես անսեռ լինի: Նախկինում աշխատել էի նրա հետ, շատ լավ ճանաչում ենք իրար և ցանկանում էի նորից գործակցել։ Ես նրան ասացի՝ պետք է տղամարդու դեր խաղաս: Հետո մոնտաժի փուլում հասկացանք, որ սեռի մասին խոսք լինել չի կարող․․․ Խոսքը կարող է լինել միայն Ջերալդինի մասին, որը սեռի մասին կաղապարային պատկերացումներից վեր է։
-Ձեր ֆիլմը չափազանց ակտուալ է հիմա, երբ ամբողջ աշխարհն անիմաստ պատերազմում է, ինչպես և ֆիլմի հերոսները։ Բայց արդյո՞ք մեզ մի օր կհաջողվի Լուկայի պես հաղթահարել հնազանդությունը։
-Բոլորս էլ կարող ենք դա անել։ Ոմանք որպես պայքարի ձև կարող են ընտրել փախուստը, ոմանք կարող են բարձրաձայնել խնդիրը, ոմանք համախմբել մարդկանց՝ միասին պայքարելու անարդարության դեմ։ Բայց շատերը ի վիճակի չեն ամեն օր պայքարել՝ հանուն իրենց համար կարևոր բաների։ Քանի որ մենք պարզապես փոքր ենք:
Նաև ասեմ, որ կինոռեժիսորներն ու գրողները մեծ արտոնություն ունեն՝ պատմելու ու ներկայացնելու այն, ինչը կստիպի մարդկանց մտածել և վերանայել սեփական կյանքը: Բայց մենք չենք կարող փոխել աշխարհը:
Ինչ վերաբերում է «Լուկաին»։ Երկու վճռորոշ պահ կա․ առաջինը, երբ Լուկան ասում է՝ «Հյուսիսը մենք ենք», ինչ ի սկզբանե այնքան ակնհայտ էր։ Դա նշանակում է, որ հենց իրենք էին իրենց սեփական թշնամին, հենց իրենք էին ուզում կործանել աշխարհը։ Եվ դա երբեք չի փոխվի, դա է մարդկային էությունը: Մենք ստեղծում ենք ու ոչնչացնում։ Անհավանական է, թե ինչի ենք մենք ընդունակ։
Եվ երկրորդ պահը, երբ Լուկան երես է թեքում գեներալից և մեջքով շրջվում ռեժիմին։ Եվ սա միակ հերոսական քայլն է ամբողջ ֆիլմում։ Նա պատրաստ էր այդ վտանգավոր քայլին՝ գուցե հուսալով, որ մյուսները կհետևեն նրան, և ի վերջո հետևեցին։ Աշխարհում այնքան հեղափոխություններ հենց փոքր ժեստերից են սկսվել, և դա հուսադրող է։
-Կարծիք կա, որ ֆիլմում սթորիթելինգը զիջում է վիզուալին, և չարդարացված դանդաղ է։
-Մոտեցման հարց է։ Երբ, օրինակ, գնում եք պարելու կամ երաժշտություն լսելու, հստակ ակնկալիքներ եք ունենում, պատկերացնում՝ ինչ զգացողություններ կապրեք։ Կինոյում սցենարի դիկտատուրա է, սյուժեն է ամեն ինչ թելադրում, դա տխուր է։ Բայց․․․ սցենարն այն ամենն է, ինչը տեղի է ունենում գործողությունների և բառերի մեջտեղում։ Սցենարը հենց այն չասվածն է, ինչն իրականում ավելի կարևոր է, ինչպես և կյանքում․․․ Ամենակարևորը չենք բարձրաձայնում։ Եթե թույլ տաք ինքներդ ձեզ նոր էմոցիաներ զգալ, այնքան գոհ կմնաք։
Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի տևողությանը՝ Լուկան անընդհատ փնտրտուքների մեջ է, ուստի ժամանակը կարևոր գործոն է: Մյուս տղաներն էլ ինչ-որ բանի են սպասում, ու ժամանակը խժռում է նրանց։ Եվ եթե դուք՝ որպես ֆիլմը դիտողներ, չզգաք այդ անհարմարությունը, ապա չեք ընկալի պատմությունը։ Դատարկությունը ֆիլմի հերոսների սարսափն է։ Այսպիսով, ժամանակը և տարածությունը մեր պատմության հիմքն են: Ու առհասարակ, եթե բոլորը միանման ֆիլմեր նկարեին, կինոն կմեռներ։
-Կուզեմ՝ կիսվեք Ձեր սիրած ու ոգեշնչած ֆիլմերով։
-Ֆրանտիշեկ Վլաչիլի «Մարկետա Լազարովան», Գաս Վան Սենթի «Ջերին», 1964 թվականի «Գիշերվա ադամանդները» ֆիլմը: Սպեցիֆիկ ֆիլմեր են։ Չապլինի «Մեծ բռնապետը»: Այնքան շատ են, բոլորը թվարկել չեմ կարող։
-Այժմ նոր նախագծերի վրա աշխատո՞ւմ եք, Հայաստանի հետ կրկին գործակցության մտքեր կա՞ն։
-Կցանկանայի նորից աշխատել Հայաստանում, ապագայում դա կդիտարկեմ։ Հիմա արդեն նախագիծ ունեմ, հրավիրել են որպես ռեժիսորի՝ թրիլլեր նկարահանելու համար։ Եվս մի նախագծի վրա եմ աշխատում, աուտիզմի մասին երաժշտական կատակերգության սցենար եմ գրում։ Ուզում եմ նոր աշխարհներ ստեղծել։ Չեմ ուզում շատ ռեժիսորների պես նույն ժանրի մեջ աշխատել միայն։ Չնայած ոմանք ասում են, որ «Լուկա» ֆիլմում էլ կատակերգության նոտաներ կան։ Նախկինում կատակերգությունը շատ ավելի հարգված էր։ Իրականում, մարդկանց ավելի հեշտ է ստիպել լաց լինել, քան ծիծաղել, բայց եթե հաջողվում է, դա մի այլ հաճույք է։
-Կանոնները մեզ քաղաքակիրթ են դարձնում՝ ասում է ֆիլմի հերոսներից մեկը։ Բայց Լուկան խախտեց բոլոր կանոնները ու ներքին ազատություն ձեռք բերեց։ Այսինքն, ստացվում է՝ իրականում կանոնները խանգարում են մարդկությանը քաղաքակիրթ դառնալ։
-Երբևէ չէի մտածել այդ մասին․․․ Երևի կախված է նրանից՝ ով է այդ կանոնները թելադրում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ են վարքագծի սահմաններ։ Բայց, կարծում եմ, դրանք չպետք է պարտադրվեն կառավարությունների կողմից։ Ավելի շատ էթիկայի կանոններ են պետք, կանոններ, որոնք միտված են ազատությանը։
Հարցազրույցը՝ Դիանա Գասպարյանի