Արմատախիլ եղած ծառերն ու ընկած մարդկանց նկարահանող մեծագույն ռեժիսորներ Լյուկ և Ժան-Պիեռ Դարդեն եղբայրները ընդամենը մի քանի օր առաջ զբոսնում էին Երևանի փողոցներով և նկարում Օպերայի բակում հեծանիվ քշող երեխաներին, գովերգում էին Փարաջանովին և Փելեշյանին, Գեդիկյանին և Էգոյանին, հիանում Մարգարյան հիվանդանոցի շենքով ու փնտրում իրենց աստղակերպի նշանը «Մոսկվա» կինոթատրոնի շատրվանի արձանների մեջ։ Իսկ ավելի ուշ «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի այս հատուկ հյուրերը Կինոյի տան դահլիճում շուրջ երկու ժամ պատասխանում էին միջոցառման մոդերատոր, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կինեմատոգրաֆիայի լավագույն մասնագետ Ժոել Շապրոնի հարցերին, կիսվում մասնագիտական խորհուրդներով ներկաների հետ։

Այդ մեկ օրվա ընթացքում ունեցած բազմաթիվ զրույցների մի փոքր հատված փորձել ենք ամփոփել kinoashkharh-ում՝  զուգահեռ մեջբերելով եղբայրների մտքերն իրենց հեղինակած «Մեր պատկերների հետևում» գրքից։

Հաջողություն, որը սկսվեց ձախողումով։

Մեր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ես մտածում եմ ձեր մասին», նկարահանվել է 1992 թվականին։ Դա բացահայտ ձախողում էր առաջին հերթին այն պատճառով, որ մեր ինքնուս լինելը մեզ պարալիզացրել էր։ Մենք չգիտեինք, ինչ ենք ցանկանում նկարել, բայց ինքներս մեզ խաբել էինք՝ հավատալով, թե գիտենք։ Հետևաբար բոլորը մեզ ասում էին, թե ինչ է պետք անել, և մենք լսում էինք։ Այդ ձախողումից հետո հասկացանք, որ պետք է մերկանալ, ազատվել բոլոր խոսքերից և խորհուրդներից, բոլոր մեկնաբանություններից, որոնք մեզ մատնանշում են, թե ինչպիսին պետք է լինի կինոն։ Որոշեցինք, որ այսուհետ ամեն ինչ անելու ենք ինքնուրույն, փոքր բյուջեով, անհայտ դերասաններով և շրջապատելով մեզ միայն ընկերներով։ Մերժել ֆինանսավորման կամ տեխնիկական կոմֆորտի ամեն առաջարկ, որը մեզ թույլ կտա նկարահանել «մեծ կինո»։ Նկարել ֆիլմեր, որոնցում հանդիսատեսը մոռանում է ուտել կամ խմել։ Պատկերները նկարել խոզանակով և ոչ վրձինով, քանի որ այն ինչ ցանկանում ենք ցուցադրել լի է անհարթություններով, կոպտություններով։ Նույն աննրբազգացությունը կիրառել նաև ձայնի հետ աշխատանքում։

Որպես առաջին ֆիլմի հակաթույն, մենք սկսեցինք աշխատել «Խոստումը» ֆիլմի սցենարի վրա՝ ցանկանալով վերգտնել վավերագրական ֆիլմ նկարելու մեր համարձակությունն ու հաճույքը։ Մեր հիմնական մտածմունքը կամերայի դիրքի շուրջ էր։ Որոշել էինք այն տեղադրել «սխալ տեղում»։ Աշխատել այնպես, ասես կամերան չի կարող կանխագուշակել դերասանի շարժումները։ Նկարել երկար շարունակական պլաներով։

Սցենար գրելիս գրիչը իմ (Լյուկ Դարդեն) ձեռքին է, բայց աշխատանքը միասնական է։ Անգամ, երբ իրար կողքին չենք, ժամերով քննարկումները շարունակվում են հեռախոսով, մինչև որ սցենարը ստանում է իր վերջնական տեսքը։ Սցենարից հետո սկսվում են փորձերը՝ անթիվ, անհամար։ Կառուցվում է տեսարանի հնարավոր ամեն դետալ։ Բայց անգամ, եթե տեսարանը կրկնվել է բազմաթիվ անգամներ, այնուամենայնիվ նկարահանման ժամանակ լարումը շատ բարձր է։

Իմպրովիզացիանե՞ր, այո՛ լինում են, բայց քիչ։

Մոնտաժը սկսում եք ֆիլմի ընթացքում թե՞ նկարահանումների ավարտից հետո։

Մոնտաժի շուրջ մեր աշխատանքը սկսում է ֆիլմի նկարահանումների ավարտից մեկ ամիս առաջ։ Մեր մոնտաժի մասնագետը կին է, մեզ համար շատ կարևոր մասնագետ։ Քանի որ նա չի եղել նկարահանումներին, ունի լիովին թարմ և նոր հայացք։ Մենք ներկայացնում ենք այն տարբերակը, որը կցանկայինք տեսնել, բայց  միաժամանակ տալիս ազատություն, եթե հանկարծ նրա պատկերացրածը տարբերվում է մերից։ Առաջին սևագիրը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում կազմել ֆիլմի մասին։ Մոնտաժի մասնագետը աշխատում է մոտ տաս շաբաթ առավոտից երեկո։ Մեզ համար կարևոր է շատ շուտ ունենալ ձայնը և շնորհիվ թվային աշխատանքի և ի տարբերություն ժապավենի, մենք առաջին իսկ սևագրից ունենք երկխոսությունները, ձայնը, ռիթմը։ Երբեմն մոնտաժի ժամանակ մեր կարծիքները չեն համընկնում, և դա շատ գնահատելի է։ 

Իսկ լինում է, որ մոնտաժի ժամանակ տեսարաններին ձայներ ավելացնեք։

Այո՛, լինում է, որ ցանկանում ենք շեշտադրել որոշ ձայներ, ինչպես օրինակ Ռոզետայի շնչառությունը, երբ նա քայլում է անտառով, մեզ համար կարևոր էր լսել նրա ծանր հևոցը, կամ երբ «Խոստումը» ֆիլմում Իգորը ուժեղ փակում է դուռը, հարկավոր էր բարձրացնել դռան շոկային ձայնը։ Պատահել է նաև, որ վերաձայնագրենք դերասանների ձայները, բայց դա հազվադեպ, միայն երբ անհասկանալի է ասվածը, կամ ինչ-որ տեխնիկական խնդիր կա։  

Ինչպես կատարվեց Ձեր անցումը ժապավենից թվային աշխատանքի։

Կարծում եմ 2010-11 թվականներից ի վեր թվային պատկերը դարձավ ավելի կենդանի։ Իհարկե, այսօր դահլիճում ներկաներից քչերն են տեսել ժապավենային ֆիլմեր, քանզի անգամ եթե դիտում են ժապավենով նկարված ֆիլմ, դիտում են դրա թվայնացված տարբերակը։ Հիշում եմ, երբ Կաննում 2011-ին ներկայացնում էինք «Հեծանիվով տղան» ֆիլմը, բերել էինք երկու տարբերակ՝ ժապավենային և թվային, մեզ հետ էր նաև Վուդի Ալենը, որը բերել էր իր ֆիլմի ժապավենային տարբերակը։ Երկար վարանելուց հետո, մենք որոշեցինք ցուցադրել թվային տարբերակը, իսկ Վուդին՝ ժապավենայինը։ Կարծում եմ, նա վերջին մարդն էր, որի ֆիլմը Կաննում ցուցարդվեց այդ տարբերակով։ 

Իսկ ի՞նչու ձեր ֆիլմերում չկա երաժշտություն։

Որպեսզի ձեր աչքերը չխամրեն։

Երաժշտության գրեթե մշտական բացակայություն՝ այո, բայց ոչ երգերի, քանի որ Դարդեն եղբայրների հերոսները հաճախակի երգում են։ Սցենար գրելիս ռեժիսորները գիտեն, որ այս տեսարանում հերոսը պետք է երգի, բայց թե ինչ երգ է կատարելու, հիմնականում հասկանում են նկարահանման ժամանակ։

«Խոստումը» ֆիլմում մենք անմիջապես ընտրեցինք Ժո Դասենի «Zai zai zai zai» երգը, քանզի շատ էր համապատասխանում հերոսներին։ Իսկ օրինակ՝ «Հեծանիվով տղան», ֆիլմում Բեթհովենի ընտրությունը պայմանավորված էր ցանկությամբ հանգստացնել հերոսին, շոյանքի նման սփոփել իր ապրումները։ Մենք դա այդպես էլ անվանեցինք «Շոյող երաժշտություն», ասես հեքիաթի բարի լիցք։

Հինգ ֆիլմ որում նկարահանվեցին անհայտ դերասաններ, ապա երեք ֆիլմ հայտնի դերասանուհիների մասնակցությամբ՝ Սեսիլ դը Ֆրանս, Մարիոն Կոտիյաղ և Ադել Էնել, բայց հետո նորից երկու ֆիլմ անհայտ դերասաններով։ Ի՞նչով է պայմանավորված այդ վերադարձը անհայտներին հայտնիների հետ աշխատանքը հիասթափեցնո՞ղ էր։

Իհարկե ոչ, բոլոր երեք հիշատակված դերասանուհիներն էլ մեզ շատ բան են սովորեցրել։ Բայց երկու վերջին ֆիլմերի գլխավոր հերոսները երեխաներ են, իսկ Բելգիայում, կարծում եմ նաև Ֆրանսիայում, գոյություն չունի պրոֆեսիոնալ երեխա դերասանների դպրոց։ Իսկ երկրորդական հերոսի համար մենք չէինք ցանկանում հայտնի դերասան ընտրել, քանզի այդպիսով կեղծ հույս կտայինք դիտողին, որ այդ երկրորդական դերակատարը ֆիլմի որոշ պահին կհայտնվի գլխավոր դերում։ Չունենալով հայտնի դեմքեր, մենք շեշտը թողեցինք բացառապես երեխաների վրա։  

Լինում է արդյոք, որ երեխաները փոփոխում են սցենարի դիալոգները, դարձնում ավելի համապատասխան իրենց տարիքին։

Այո՛, իհարկե։ Օրինակ՝ համաձայն «Տորի և Լոկիտա» ֆիլմի սցենարի, հերոսները երկար տարիներ իրար չտեսնելուց հետո, պետք է գրկախառնվեին։ Բայց Տորիի դերը կատարող տաներկու տարեկան տղան ամաչում էր և փոխարենը առաջարկեց իրենց տարիքի երեխաների մոտ տարածված «թխելով» բարևը։ Որոշեցինք փորձել։ Արդյունքում նրանց զվարճալի բարևի տեսարանը թույլ տվեց տեսնել երկու հերոսների դեմքի ուրախությունն ու իրար վերագտնելու հաճույքը։ Հավանաբար տեսարանը այդքան լուսավոր չէր լինի, եթե հերոսները իրար գրկեին։

Ի՞նչու են Դարդեն եղբայրների ֆիլմի հերոսները հիմնականում կանայք և երեխաները։

Միայն կանայք և երեխաները կարող են փոփոխել որևէ բան այս աշխարհում, նրանք են առօրյայի հերոսները։ Նրանք համարձակ են և կարողանում են ճիշտ զգալ փոփոխությունների ալիքը։ Առհասարակ երեխան ծնվելով խախտում է ամեն ինչ, խառնում պատմվածքի բնականոն ռիթմը, թվացյալ հանգստությունը, ավելի շատ քան մահը։ Եվ սա մեզ շատ է հետաքրքրում։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ռեժիսորներին։

Երբ մենք վախենում ենք, ամեն ինչ կանգ է առնում, չենք համարձակվում շարժվել։ Ֆիլմ նկարելիս յուրաքանչյուրս ունի այդ վախը, բայց դա լավ վախ է, եթե կարելի է այդպես ասել։ Սակայն պետք է զգույշ լինել, որ այն չվերածվի պարալիզացնող վախի։ Ֆիլմ նկարելիս ռեժիսորին հարկավոր է սթափ հասկանալ՝ ինչ է ցանկանում ցուցադրել և ինչը թաքցնել։ Ամեն ռեժիսոր իր հերթին պետք է հասկանա ինչ է փնտրում, յուրաքանչյուրն ունի իր բանաձևը։ Եվ հիշեք, ինչպես ասում էր իտալացի դրամատուրգ և գրող  Էդուարդո դը Ֆիլիպոն՝ «Եթե փնտրում ես ոճ, գտնում ես մահ, բայց եթե փնտրում ես կյանք, գտնում ես ոճ»։ Անենք այն, ինչ կարող ենք անել, ոչ ավել ոչ պակաս։

Աշխարհն այսօր տակնուվրա է եղել, ասես ցնորվում է։ Մտածու՞մ եք՝ արվեստը մի բան կարող է փոփոխել։

Արվեստն անկարող է փրկել ոչ աշխարհը, ոչ էլ մարդկանց։ Այն գալիս է հետո, փաստորեն՝ շատ ուշ։ Գալիս է սպանությունից հետո։ Թույլ է տալիս հիշել դեպքի մասին, բայց ոչ խանգարել դրան, ոչ էլ կանխարգել կրկնվող գործողությունը։ Ուրեմն ի՞նչու ենք շարունակում ֆիլմեր նկարել։ Ի՞նչու։ Ի՞նչու, եթե մենք վստահ ենք, որ արվեստի գործը անկարող է կանգնեցնել մարդասպանի ձեռքը։ Ուրեմն, միգուցե, այնքան էլ վստահ չենք․․․

Եվ վերջում կարելի է պարզապես հիշել դարդենական այս աղոթքը և հուսալ, որ արվեստի ստեղծարար ձեռքերը այնուամենայնիվ կկարողանան կանգնեցնել կործանարար ուժերը։  

Եվ թող մեր պատկերները չլինեն բախտորոշ։ Թող նրանք պոկեն ննջեցյալի սենյակի փեղկերը, որում մենք խեղդվում ենք։ Թող նրանք չդառնան ծաղրապատկեր, որը բանտարկում է հերոսներին իրենց իսկ նմանության մեջ՝ խոչընդոտելով նրանց բուն էությունը ճանաչելուն։ Թող մեր պատկերները պլաստիկ ազդեցություն չտարածեն։ Թող լինեն տանջված, վնասված, պատառոտված այն ամենով, ինչը չի ցուցադրվել։ Աչքերը էկրանին վեր հառած՝ լսվում է ուժգին մի աղոթք՝ «Ազատե՛ք մեզ չարից»։

 Լիլիթ Սոխակյան

Երևան,2023